Մատչելիության հղումներ

Սահմաններն ամրացնելու փոխարեն՝ Արցախն Ադրբեջանի կազմում են քննարկում. Տիգրան Աբրահամյան


Արցախի ապագայի քննարկումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պայմաններում արդեն իսկ անընդունելի է, և դա մեզ համար մշտական եղել է կարմիր գիծ, «Ազատության» հետ զրույցում ասում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա հետ զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Մինսկի խմբում եռանախագահող երկրները դրական են արձագանքում Երևանի դիմումին` նախաձեռնել բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ: Ինչո՞ւ ոչ:

Տիգրան Աբրահամյան. - Ինչի՞ մասին ենք բանակցում: Եթե վերցնում ենք 5 կետերը, որ Ադրբեջանը ներկայացնում է, և դրանք, ըստ էության, իրենցից ուլտիմատում են նաև ներկայացնում, մենք պետք է հասկանանք, որ այստեղ պետք է տեղի ունենան որոշակի ձևաչափային փոփոխություններ, որովհետև նախկինում եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը նախատեսված էր կոնկրետ Արցախի հիմնախնդրի կարգավորման համար, հիմա այստեղ թեման տեղափոխվում է Հայաստան-Ադրբեջան հարթություն:

Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև մենք մշտապես թեման նախ միջազգային ատյաններում ներկայացնում ենք որպես Արցախի ինքնորոշման, այսինքն` Արցախի շուրջ իրավիճակ, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, առավել ևս տարածքային վեճի հետ կապված խնդիր: Եվ այս դեպքում մենք խոսում ենք ոչ թե բանակցությունների շարունակականության ապահովման մասին, որովհետև այստեղ խնդիրը միայն Արցախի հիմնախնդիրը չէ, այստեղ մենք խոսում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, որը իր մեջ բավականին ծանր և խորքային էլեմենտներ է պարունակում:

«Ազատություն». - Երևանն էլ, Բաքուն էլ միմյանց առաջարկներ են ներկայացրել, կռվախնձորը, կարծես, տարածքային ամբողջականության հարցն է: Սկզբունքորեն դե՞մ եք, որ ուղղակի սկսվեն բանակցություններ` քննարկելու Արցախի հետագա կարգավիճակը, այդ թվում` չբացառելով Ադրբեջանի կազմում, կարևորը բանակցությունները սկսվեն:

Տիգրան Աբրահամյան. - Ես միգուցե շատ կարգախոսային բան կասեմ, որի մասին շատ է խոսում նաև այն քաղաքական ուժը, որին ես եմ ներկայացնում, Արցախի կարգավիճակի հարց, առհասարակ Արցախի ապագայի քննարկումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պայմաններում արդեն իսկ անընդունելի է, և դա մեզ համար մշտական եղել է կարմիր գիծ: Ինձ համար շատ դատապարտելի է, տարօրինակը շատ մեղմ բառ է, որ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ բացեիբաց խոսում են այն մասին, որ իրենց համար կարող է դա քննարկման առարկա դառնալ: Սա մեկ: Երկրորդը` այն, ինչ Հայաստանը իր առաջարկների կամ մեկնաբանության մեջ ներկայացնում է` ադրբեջանական կողմին ի պատասխան, օրինակ` ձևակերպում է տարածքային ամբողջականության մասով, երբ որ այս մարդիկ չեն կարծում, որ դա սայթաքում է, համենայն դեպս ԱԳՆ-ում կան դիվանագետներ, որոնք իրականում հասկանում են, թե ինչ է տարածքային ամբողջականությունը, թե ինչքան աբսուրդ բան է խոսել այն մասին, որ օրինակ` ԱՊՀ կամ ՄԱԿ մտնելիս Հայաստանն արդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է: Այդ դեպքում հարց է առաջանում` իսկ երեք տասնամյակ ի՞նչ են բանակցել, եթե Հայաստանն արդեն տարածքային ամբողջականությունը ճանաչել է:

Երկրորդը` տեսեք` Հայաստանի արտգործնախարարը մեկնաբանություն էր ներկայացրել պետական գործակալություններից մեկին, որտեղ խոսում էր շատ երկչոտ ձևով Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների մասին, բայց նույնիսկ վախենում էր օգտագործել ինքնորոշման իրավունքի մասին, այսինքն` ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը մեկ տասնամյակից ավելի եղել է բանակցությունների հիմքում, Մոյնդորֆում Ադրբեջանը համաձայնել է դա` նաև այդ սկզբունքը ընդունել որպես բանակցությունների սկզբունք, Հայաստանի ղեկավարությունը նաև այս փուլում, չեմ ասում դեռ քանի քայլ, բայց ամենախոշոր հետքայլն է կատարում:

«Ազատություն». - Բայց Դուք չեք ասում` ինչ անել, որ այս լարվածությունն անցնի:

Տիգրան Աբրահամյան. - Մի տարբերակ ես ասեմ` խանգարո՞ւմ էր որևէ մեկը իշխանությանը պատերազմից հետո Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի հատվածներում ստեղծել անվտանգության գոնե նվազագույն պայմաններ, համապատասխան համակարգերի առկայության պայմաններում, որպեսզի ադրբեջանցիները գոնե վիզուալ առումով կամ ցանկացած հետախուզական միջոցներով ֆիքսեին, որ կան այնտեղ առաջնագծում համապատասխան համակարգեր, և ուղղակի առաջ չգային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG