Արևմուտքը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջին փուլի մասին, որոնք հետագայում կարող են էլ ավելի ընդլայնվել և խստացվել։ Նախօրեին հայտարարված պատժամիջոցները այսօրվանից ուժի մեջ են մտնում։ Արևմտյան դաշնակիցները ընդհանուր համաձայնությունների են եկել, բայց կան նաև որոշ բացառիկ պահեր։ Մասնավորապես, Լեհաստանը Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին արգելել է իր տարածք մտնել, նույնիսկ տրանզիտով ուրիշ վայր մեկնելու նպատակով։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է դրել Ռուսաստանի սուվերեն պարտքի վրա։ Դա նշանակում է կտրել Արևմուտքի ֆինանսավորումը Ռուսաստանի կառավարությանը։ Ամերիկյան պատժամիջոցների տակ են ընկել ռազմական կառույցները սպասարկող «Ռոսպրոմսվյազ» և պետական ներդրումային ВЭБ բանկերն ու դրանց չորս տասնյակից ավելի դուստր ձեռնարկությունները։ Արգելվել է առևտուրը կամ որևէ գործարք Դոնեցկի ու Լուգանսկի հետ: Փետրվարի 22-ի իր ելույթում նախագահ Ջո Բայդենը նաև ասել է, որ չորեքշաբթի պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի էլիտայի ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։
Եվրամիության պատժամիջոցների ցանկում են Պետդումայի բոլոր 351 պատգամավորները, մի քանի բանկեր և 27 ֆիզիկական ու իրավաբանական անձինք։
Փետրվարի 22-ին կայացած ասուլիսում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ասել է. «Այսօր մենք համաձայնության եկանք, որ ռուսական Պետդումայի 351 անդամները, որոնք քվեարկել են միջազգային նորմերը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու օգտին, կընդգրկվեն պատժամիջոցների մեր ցանկում»։
Պատժամիջոցներ են սահմանվել նաև մի քանի բանկերի նկատմամբ
Նա հայտնել է, որ պատժամիջոցները վերաբերում են նաև ֆիզիկական ու իրավաբանական 27 անձանց, որոնք իրենց որոշումներով և գործողություններով առնչություն ունեն Ուկրաինայի ինքիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը խարխլելու հետ։
Պատասխանելով լրագրողի հարցին` Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ պատժամիջոցների ցանկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը չկա։
Եվրամիության պատժամիջոցների ցանկում են Կրեմլի բարձրաստիճան չինովնիկներ, բանկիրներ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, «Վագներ» ռազմականացված կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ռուսական պրոպագանդայի ներկայացուցիչներ Մարգարիտա Սիմոնյանը, Վլադիմիր Սոլովյովը։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի պատգամավորների, հինգ բանկերի և Պուտինի մերձավոր շրջապատից մեծահարուստ գործարարներ Գենադի Տիմչենկոյի, Բորիս և Իգոր Ռոտենբերգների դեմ։
Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն այսօր ասել է, որ Ռուսաստանի դեմ Բրիտանիան սահմանել է ամենխիստ պատժամիջոցները, որ երբևէ եղել են։ Թիրախում են Ռուսաստանի խորհրդարանի անդամները, Կրեմլին մոտ կանգնած օլիգարխները, բանկեր։ Բրիտանիան նաև այնպես կանի, որ Ռուսաստանը չկարողանա միջազգային շուկաներում իր սուվերեն պարտքի գործարքներ իրականացնի։
Գերմանիան սառեցնում է «Հյուսիսային հոսք-2»-ը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ սառեցնում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի սերտիֆիկացման գործընթացը, նշելով, որ առանց սերտիֆիկացիայի գազատարը չի կարող շահագործվել։
Կանադայի պատժամիջոցների ցանկում ներառվել են Պետդումանայի բոլոր պատգամավորները, ռուսական պետական երկու բանկեր, նաև արգելվել է մասնակցել Ռուսաստանի սուվերեն պարտքի որևէ գործարքի։ Պատժամիջոցների մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Պատժամիջոցներ են սահմանել նաև Ճապոնիան և Ավստրալիան։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել է, որ ռուսական պարտատոմսերի տեղաբաշխման արգելք է սահմանվում։ Ռուսաստանի մի շարք քաղաքացիների վիզաներ չեն տրամադրվի, սառեցվում են նրանց հաշիվները։ Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի 7 անդամների նկատմամբ` ընդլայնելով նախկին պատժամիջոցները։
Ըստ Bloomberg կայքի՝ Ռուսաստանի 23 խոշոր գործարանների ֆինանսական միջոցները 32 միլիարդ դոլարով կրճատվել են։ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսը ուսումնասիրում և վերլուծում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ակտիվների արժեքը։
New York Times-ը գրում է, որ տնտեսական լուրջ անկումը կարող է թուլացնել Պուտինի դիրքերը, բայց ըստ մեկնաբանի՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները դժվար թե դիմեն ամենակոշտ պատժամիջոցների, որովհետև էական վնասներ կկրեն իրենց սեփական երկրները։ Իսկ այս պահին հայտարարված պատժամիջոցները չեն կարող կանգնեցել Պուտինին, գրում է New York Times-ը։
Ռուսաստանի ֆինանսական շուկան այսօր կայուն է մնացել։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսությանը և քաղաքացիներին էական վնասներ չեն պատճառում։