Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Դոլարը փոխարժեքն աճել է 0,3, իսկ եվրոյինը 0,5 տոկոսով։
Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։
Հայաստանյան մասնագետներն արդեն կանխատեսում են, որ Հայաստանանն այս զարգացումներից անմասն չի կարող մնալ։
«Այս ամենը, բնականաբար, կարող է ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ երկիր, ունի շատ սերտ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական կապեր Ռուսաստանի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ռուբլին նաև դրամի նկատմամբ է արժեզրկվել՝ 1 օրում գրեթե 4 տոկոսով։ Պարսյանի խոսքով, ռուբլու արժեզրկումն առաջին հերթին կարող է ազդել Ռուսաստանից եկող գումարների վրա։ Տրանսֆերտների զգալի մասը հենց այտեղից են գալիս, դրանք պատժամիջոցների հետևանքով կարող են նվազել. - «Ակնհայտ է, որ դրսից օգնության հաշվին է, որ մարդիկ կարողանում են դիմագրավել գների աճին, սոցիալական այլ խնդիրներին։ Հիմա եթե այդ գումարները նվազեն, ապա մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Նման դեպք եղավ 2020 թվականին, երբ կորոնավարակի պայմաններում քիչ մարդ էր մեկնել արտագնա աշխատանքի, էականորեն խնդիրներ ունեցանք, վարկերը ավելացան։ Մարդիկ հիմա մեկնել են արտագնա աշխատանքի, բարկերն են փորձում մարել այս մեկ տարվա ընթացքում»։
Ռուսաստանը Հայաստանի առևտրային թիվ մեկն գործընկերն է։ Հայաստանից արտահանումները միայն 2021-ին ավելի քան 840 միլիոն դոլար են կազմել։ Հայաստանյան ապրանքների արտահանումը կարող է նվազել նաև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան հնարավոր պատժամիջոցների պատճառով, կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը. - «Եթե ռուսական տնտեսության աճը դանդաղի, ապա սպառումը կնվազի և մեր ապրանքների սպառումը ռուսական շուկայում ևս կնվազի։ Ու մեզ համար այստեղ մտահոգիչ է արտահանման հնարավոր կրճատումը»։Արևմտյան պատժամիջոցներից հայաստանյան տնտեսությունը նաև ուղղակի կարող է տուժել, ասում է տնտեսագետը՝ մատնանշելով, որ նույն արևմտյան սանկցիաների ցանկում կարող են հայտնվել այնպիսի ռուսական ընկերություններ, որոնք Հայաստանում դուստր ձեռնարկություններ ունեն. - «ես վերցրեցի ուղղակի հազար խոշոր հարկատուների ցանկը, տասը ամենախոշոր հարկ վճարողներից հինգը ռուսական կապիտալով աշխատող ընկերություններ են։ Այսինքն՝ եթե այդ ընկերություններն ընկնեն սանկցիաների տակ, ապա Հայաստանի պետական բյուջեի մուտքերն են նվազելու»։
Դեռ ամսվա սկզբին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը անդրադառնալով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներին, խոսել էր հնարավոր վտանգների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ հայաստանյան տնտեսության վրա. - «Եթե դա պայմանավորված լինի ու սահմանափակվի միայն անհատների նկատմամբ սանկցիաներով, դա մի պատմություն կլինի, եթե սանկցիաները ներառեն նաև ֆինանսական հատվածը, գազամուղի, նավթամուղի դադարեցումը և այլն, էդ խնդիրները եթե ի հայտ գան, բնականաբար, Ռուսաստանում տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, ազգային արժույթի արժեզրկում, որի արդյունքում մենք մեր մրցունակությունը որոշակիորեն կկորցնենք Ռուսաստանի տնտեսության հանդեպ։ Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ ավելի. մեծ են, որովհետև մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով, այդ բանկերին որոշակի սահմանափակումներ դնելը անդրադառնալու է նաև Հայաստանին»։Ռուսական ռուբլու արժեզրկումը թանկ է նստում նաև արտագնա աշխատանքի մեկնող հայաստացիների գրպանի վրա։ Մոսկվայում առևտրով զբաղվող Արո Սարդարյանն ասում է՝ առևտուրը նվազել է, հիմա ստիպված ավելի շատ գումար է ուղարկում ընտանիքին, քանի որ ոչ միայն գներն են բարձրացել, այլև ռուբլին է արժեզրկվել. - «Անցած տարի էս ժամանակ ես ինչքան էի փող ուղարկում, հիմա ուղարկում եմ մեկ ու կես անգամ ավել»։
Թե ինչ են պատրաստվում անել հայաստանյան իշխանությունները կանխելու համար հնարավոր սպառնալիքները հայաստնյան տնտեսության վրա, հարցը դեռևս անպատասխան է։
Տնեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ ոչ թե պետք է սպասել բացասական հետևանքերին, այլ պետք է պատրաստվել, գործընկերների հետ արդեն բանակցել, որ եթե նույն ռուսական մայր ընկերության վրա սանկցիա կիրառվի, ապա դա չկիրառվի նաև հայաստանյան դուստր ընկերության վրա։