Մատչելիության հղումներ

Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում ապրող հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան


Ռազմական բեռնատարը շրջում է փողոցով, Դոնեցկ, 22-ը փետրվարի, 2022թ.
Ռազմական բեռնատարը շրջում է փողոցով, Դոնեցկ, 22-ը փետրվարի, 2022թ.

Դոնեցկի, Լուգանսկի հակամարտության գոտիներում ապրող հայերի շրջանում զոհեր, վիրավորներ չկան։ Ուկրաինայի հայ համայնքը նախապատրաստել է հայերի տարհանման պլան, եթե ռուս- ուկրաինական այս սրացումը վերածվի լայնածավալ մարտական գործողությունների, ասում է Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը:

«Սահմանակից շրջաններում գրանցվել են բոլոր այն հայերը, ովքեր որ միգուցե հնարավորություն չունենան սեփական ուժերով տեղահանվելու, էվակուացվելու», -ասաց Մակարյանը:

Այս պլանը Դոնբասի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածում ապրող հայերի համար է, շեշտում է Մակարյանը. «Որոշվել է՝ եթե կապի միջոցները հանկարծ միանգամից կորեն, որտեղ պետք է հավաքվեն կոնկրետ հայերը, ինչ մեքենաներ են տրամադրվում, այդ մեքենաները պատրաստ վիճակում կանգնած են՝ անհրաժեշտության դեպքում արագ էվակուացնելու կանանց, երեխաներին, մեծահասակներին, ու ինչ անվտանգ մարշրուտով է դա արվելու»:

Ըստ Ռուբեն մակարյանի, կազմակերպված տարհանման մասին առայժմ խոսք չկա:

Այլ պատկեր է Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում. այստեղից օրեր առաջ համատարած տարհանում սկսվեց. «Ռուսական կողմը խրախուսում է: Ստացվում է, որ խարախուսում է էվակուացիան, որովհետև նախագահ Պուտինի հրամանով յուրաքանչյուր, այսպես կոչված, ԴՆՌ-ի և ԼՆՌ-ի բնակիչ, որը մուտք է գործում Ռուսաստան միանվագ 10 հազար ռուբլի է ստանում»:

Հայերից քչերը գնացին, հիմնականում մնացել են այնտեղ, իրենց տներում, ասում է Դոնեցկի ու Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանան:

«Ովքեր ցանկացան անհատական իրենց տեղափոխման միջոցներով, բարեկամական կապերով երեխաներին տեղափոխեցին տարբեր տեղեր՝ Ռոստով, Կրասնոդար, Ղրիմ: Քիչ են, բայց տեղափոխեցին, մենք չենք օգտվել այդ ընդհանուր տարհանման պետական միջոցներից», - ներկայացրեց քահանան:

Տեր Նարեկն է այս օրերին հայ համայնքի վերաբերյալ տեղեկություններ փոխանցում հակամարտության գոտուց: Մակեևկայի Սուրբ Խաչ եկեղեցին Դոնեցկից մի փողոցով է բաժանվում՝ շփման գծից 10-12 կիլոմետրի վրա է:

Եկեղեցին գործում է՝ միայն նախորդ կիրակի հայկական կրթամշակութային կենտրոնում դասերը դադարեցին, անվտանգության նկատառումներով, ավելի ծանր ու քաոսային իրավիճակ էր 8 տարի առաջ, ասում է Տեր հայրը: Այժմ մարդիկ պատերազմական իրավիճակին սովորել են՝ նախապատրաստված ապաստարաններ կան, մարդիկ նկուղներն են հարմարեցրել:

«Երկու օր առաջ գիշերը ուժգին ռմբակոծություն եղավ, գիտեմ, որ մեկ ընտանիք մոտ էր ավելի, իրենց նկուղում է մի քանի ժամ անցկացրել», - ասաց նա:

Ի տարբերություն Դոնբասի ուկրաինական հատվածի՝ այստեղից տարհանում հնարավոր է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան. «Եթե Ուկրաինա հանենք, պետք է ռազմադաշտով գնանք, որը անհնար է»:

Դոնեցկի մարզը Ուկրաինայի ամենահայաշատ շրջանն էր, մինչև 2014 թվականը այստեղ շուրջ հարյուր հազար հայ էր ապրում, հիմա Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հայերի միության պատկերացմամբ՝ շուրջ 50 հազար հայ է ապրում: Ինքնահռչակ Լուգանսկ-Դոնեցկի հատվածում՝ մինչև 10 հազար հայ՝ տեր Նարեկ քահանայի հաշվարկով:

«Ռուսաստան-Ուկրաինա կամ Ռուսաստան-Արևմուտք այս թեժացման ֆոնին մենք ձեռնպահ ենք մնում քաղաքական դիրքորոշում հայտնելուց, ու մեր համար առավել կարևոր է այսօր հայ համայնքի շուրջ իրավիճակը և այս իմաստով ուզում եմ նշել, որ Ուկրաինայի հայ համայնքը խոշորագույններից մեկն է: Շուրջ 400 հազար հայություն կա Ուկրաինայում», - ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը:

Ալեքսանյանն ասում է՝ կապի մեջ են հայ համայնքի ներկայացուցիչների հետ, առայժմ դիմումներ չկան Հայաստան տեղափոխվել ցանկացող ընտանիքներից:

«Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի, Հայաստանի Հանրապետությaն գլխավոր հյուպատոսությունն ունի թեժ գիծ, և հյուպատոսությունը գործում է, հյուպատոսական ծառայություններ են մատուցվում նաև մեր հայրենակիցների համար, ովքեր ունեն ժամանակակից փաստաթղթեր: Եթե այդպիսիք կան, իսկ այդպիսիք եղել են, և հետայսու եթե այդպիսիք կան, մեր հայրենակիցներին կոչ ենք անում իրենց փաստաթղթերը ուղղակի նորոգել հենց գլխավոր հյուպատոսությունում», - նշեց նա:

Թե՛ հայերի միության Դոնեցկի ներկայացուցիչը ու թե՛ Դոնեցկ-Լուգանսկի հոգևոր հովիվը շեշտում են՝ Հայաստանի քաղաքացիներ կան, որոնց փաստաթղթերն այժմ ժամկետանց են, և նրանք ոչ մի կերպ չեն կարող հատել սահմանը, հասնել Ռոստովի հյուպատոսություն, իսկ Դոնեցկ -Լուգանսկում հյուպատոսական ծառայություն չկա:

«Նրանք մի տարբերակ ունեն՝ սահմանը անցնելու դեպի կա՛մ Ռոստով, որտեղ կա հայկական հյուպատոսարան, որն իրենք չեն կարող անել, որովհետև անձնագիրը վավեր չէ, սահմանը չեն կարող հատել, նույնը էս կողմ չեն կարող գալ, որովհետև այս կողմն էլ բլոկ պոստերն են ու նրանց անձնագերերը վավերական չեն: Մարդիկ ակամա գերի են հայտնվում նման հատվածներում ու չեն կարողանում դուրս գալ», - ասաց Ռուբեն Մակարյանը:

Մինչև այս սրացումը այդ հարցը լուծված էր՝ ասում է Տեր Նարեկ քահանան, ժամկետանց փաստաթղթերը հավաքում ու երկու ամիսը մեկ հյուպատոսարանի ներկայացուցչի միջոցով ուղարկում էին Ռոստով, այժմ ներկայացուցիչն ինքը Դոնեցկից դուրս գալ չի կարող, քանի որ տղամարդկանց համար ելքը փակ է: Հարցը տեղի միգրացիոն ծառայության հետ առաջիկայում կքննարկեն, ասում է քահանան, որպեսզի անհրաժեշտության դեպքում այդ մարդիկ էլ կարողանան հեռանալ ռազմական գոտուց:

XS
SM
MD
LG