Լայնածավալ ռազմական գործողություններ Ուկրաինայի արևելքում այսօրվա դրությամբ դեռ չեն ընթանում, սակայն ուկրաինացի զինվորականներն այսօր Դոնբասում 25 հրետակոծություն են գրանցել: Ուժայինների շրջանում զոհեր չկան, հայտնում է Ուկրաինայի միացյալ ուժերի գործողության մամուլի կենտրոնը:
Նախօրեին նրանք Դոնբասում գրանցել են 96 հարձակում, որոնց արդյունքում զոհվել էր անվտանգության մեկ աշխատակից:
Ռուսաստանի իշխանությունները հայտնում են, որ շուրջ 100 հազար փախստական Դոնբասից արդեն տարհանվել է Ռուսաստանի տարածք: Ուկրաինայի իշխանությունները այսօր հայտարարել են 18-60 տարեկան պահեստազորայինների զորակոչ:
Երեկ Ռուսաստանի Պետդուման ու Դաշնային խորհուրդը արագացված ռեժիմով վավերացրել են Բարեկամության և համագործակցության պայմանագրերը Դոնեցկի և Լուգանսկի հետ:
Դաշնային խորհուրդը նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ է տվել զինված ուժերն օգտագործել արտասահմանում՝ տվյալ դեպքում այդ ինքնահռչակ հանրապետություններում: Մոսկվան պատրաստվում է զորք մտցնել Դոնեցկ և Լուգանսկ՝ նրանց անվտանգությունը պաշտպանելու պատճառաբանությամբ: Երբ, ինչ ժամկետով ու ինչ նպատակով, Պուտինը դեռ չի հայտարարել:
«Մենք ճանաչել ենք նրանց բոլոր հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Սահմանադրությունը». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանը Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչում է այն սահմաններում, որոնք ամրագրված են այդ ինքնահռչակ հանրապետությունների Սահմանադրություններում:
«Ի՞նչ սահմաններում ենք մենք ճանաչել այս հանրապետությունները, մենք ճանաչել ենք նրանց, ինչը նշանակում է, որ մենք ճանաչել ենք նրանց բոլոր հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Սահմանադրությունը, իսկ Սահմանադրությունն ասում է՝ Դոնեցկի ու Լուգանսկի սահմանները մարզերի սահմաններն են», - հայտարարել է Պուտինը:
Ընդորում՝ այս մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսից անմիջապես հետո, որի ժամանակ նրանք հրաժարվել էին պատասխանել Կրեմլում հավաքված ռուս և ադրբեջանցի լրագրողների հարցերին, միայն հռչակագիր են ստորագրել և հայտարարություն արել։
Պուտինը, փաստացի, գերադասել է առանց Ալիևի խոսել Դոնբասի անջատողականների ինքնահռչակ հանրապետությունների մասին՝ թույլ տալով Ալիևին խուսափել այդ մասին մեկնաբանությունից:
Այն, որ Պուտինը ճանաչել է այդ ինքնահռչակ հանրապետությունները, իրականություն է, և հիմնական ինտրիգը մինչև երեկ երեկոյան մնում էր՝ «ի՞նչ սահմաններում է Կրեմլը դրանք ճանաչել» հարցը: Մինչ այդ ռուսական քաղաքական էլիտան տարբեր մեկնաբանություններ էր անում:
Խնդիրն այն է, որ այդ ինքնահռչակ հանրապետությունները վերահսկում են նախկին Լուգանսկի ու Դոնեցկի մարզերի միայն 1/3 տարածքը, սակայն Սահմանադրությունում ամրագրված է մարզերի ամբողջ տարածքը: Այսօր օրակարգի հիմնական հարցն է՝ ի՞նչ է անելու Պուտինը, արդյոք պատերազմելո՞ւ է Ուկրաինայի հետ այդ մարզերի մնացած 2/3-ի համար:
Ռուսաստանը պատրաստվում է զորքեր մտցրել ինքնահռչակ այդ հանրապետությունների տարածք՝ նրանց հետ կնքած պայմանագրի համաձայն։ Երեկ Պուտինին հարցրել են՝ թե որքա՞ն հեռու կարող են գնալ ռուսական զորքերը՝ մինչև շփման գի՞ծ, վարչական սահմաննե՞ր, թե՝ ավելի հեռու։
«Նախ, ես չեմ ասել, որ զորքերը կգնան այնտեղ հենց հիմա՝ այստեղ մեր հանդիպումից հետո։ Սա առաջինն է։ Երկրորդ՝ ընդհանրապես անհնար է կանխատեսել հնարավոր գործողությունների որևէ կոնկրետ ուրվագիծ: Դա կախված է կոնկրետ իրավիճակից, որը ձևավորվում է տեղում, դաշտում, ինչպես ասում են», - պատասխանել է Ռուսաստանի ղեկավարը:
Ըստ քաղաքագետի, ռուսական բանակը, ամեն դեպքում, ռազմական գործողություններ է սկսելու Ուկրաինայում
Ռուսաստանցի անկախ փորձագետների մի մասը կարծում է, որ ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելով Պուտինը կանգ չի առնի։ Հայտնի քաղաքագետ Լեոնիդ Գոզմանը, մասնավորապես, «Ազատության» ռուսական ծառայության եթերում երեկ ասել է. «Կարծում եմ՝ կանգ չեն առնելու, չեն կարողանալու կանգ առնել։ Ես ուշադրությամբ լսեցի մեր ղեկավարի ելույթը՝ նա, իհարկե, պատերազմ է ուզում, ես դրանում կասկած չունեմ»։
Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական բանակը, ամեն դեպքում, ռազմական գործողություններ սկսելու է Ուկրաինայում։
«Իրադարձությունների զարգացման երկու սցենար եմ տեսնում: Մի սցենար. մենք կնքում ենք Լուգանսկի և Դոնեցկի հետ բարեկամության և այլ բաների մասին պայմանագիր։ Այնուհետև, նրանք սկսում են ազատագրել իրենց պապենական տարածքները, մենք նրանց կօգնենք։ Երկրորդ տարբերակը, որը կարող է իրականացվել գրեթե միաժամանակ՝ ռազմական գործողություններ այդ մարզերի տարածքից դուրս՝ «ուկրաինացիները հարձակվել են մեզ վրա» տրամաբանության շրջանակներում», - նշել է Գոզմանը:
Իրավիճակը փաստորեն հետևյալն է՝ առաջիկայում ռուսական զորքերը պաշտոնապես մտնում են այդ շրջաններ, իսկ աշխարհը փորձում է հասկանալ, թե մինչև ուր են փորձելու հասնել այդ զորքերը։
Ընդորում՝ Ռուսաստանի գործողությունները քննադատում են ոչ միայն արևմտյան երկրները, այլ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Անտոնիո Գուտերեշը՝ հայտարարելով. «Ռուսաստանի Դաշնության որոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում է։ Երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք առանց նրա համաձայնության, նրանք անաչառ խաղաղապահներ չեն։ Նրանք ամենևին էլ խաղաղապահներ չեն»:
Մոսկվան Գուտերեշի այս հայտարարությանը արագ արձագանքել է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր կոշտ քննադատել է Գուտերեշին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ենթարկվել է Արևմուտքի ճնշմանը և օրերս մի քանի հայտարարություններ արել արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք չեն համապատասխանում իր կարգավիճակին և ՄԱԿ-ի ներքո իր լիազորություններին», - ընդգծել է Լավրովը: