Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին` երկու երկրները լայնածավալ զորավարժություններ են նախաձեռնում


Ռուսական, ռուս-բելառուսական լայնածավալ զորավարժություններ` Ուկրաինայի սահմաններին

Ռուսական բանակը խոշոր զորավարժություններ է սկսել Հարավային ռազմական օկրուգում և Բելառուսում, պատրաստվում է նաև վարժանքներ իրականացնել Միջերկրական և Սև ծովերում։

Տասնյակ հազարավոր զինվորականների, ծանր, այդ թվում` ծովային և ցամաքային զինտեխնիկայի ներգրավմամբ վարժանքները տեղի են ունենում հարևան Ուկրաինայի և արևմտյան երկրների հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամի ֆոնին։ Արևմուտքը Մոսկվային կասկածում է պատերազմի նախապատրաստվելու մեջ։ Մոսկվան կտրականապես հերքում է, միաժամանակ պահանջում, որ արևմտյան երկրները «անվտանգության երաշխիքներ» տրամադրեն, այդ թվում՝ փակելով դեպի ՆԱՏՕ ճանապարհը Ուկրաինայի համար։ Հյուսիսատլանտյան դաշինքը մերժել է այդ պահանջները։

Ռուսաստանի հարավում զորավարժություններ են անցկացվում ութ շրջանների, ինչպես նաև չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի 15 զորավարժարաններում, Վոլգոգրադի մարզում, Ստավրոպոլի երկրամասում, Ադիգեայում, Չեչնիայում, Դաղստանում, Կարաչայ-Չերքեսիայում, Հյուսիսային Օսիայում և Ինգուշեթիայում։ Բացի այդ, ծովային հետևակի զորավարժություններ են նախատեսված բռնակցված Ղրիմում։

Զուգահեռ, Ուկրաինայի մյուս հարևան Բելառուսում էլ շարունակվում են «Միութենական վճռականություն» կարգախոսի ներքո ռուս-բելառուսական վարժանքները։ Հաղորդվում է, որ այս պահին իրականացվում է զորքերի տեղակայում, ակտիվ փուլը կմեկնարկի վաղը։

Բացի այդ, հունվարից Ռուսաստանի ռազմածովային և Կասպյան նավատորմերում անցկացվում են մի շարք խոշոր զորավարժություններ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դրանց մասնակցում է 140 ռազմանավ, ավելի քան 10 հազար զինվորական։

Առաջիկա օրերին կսկսվեն նոր՝ վերջին շրջանի թերևս ամենախոշոր զորավարժությունները Միջերկրական և Սև ծովերում։ Արդեն հայտնի է, որ Հյուսիսային և Բալթյան նավատորմի վեց խոշոր դեսանտային նավեր տեղափոխվում են Սև ծով։ Երկու ծանր հրթիռային հածանավ այս պահին գտնվում է Միջերկրական ծովում: Նրանցից յուրաքանչյուրը զինված է 16 Vulkan հականավային հրթիռներով։

Մոսկվան ու Մինսկը պնդում են, որ լայնածավալ այս վարժանքները կրում են բացառապես պաշտպանական բնույթ։ Ուկրաինայում այս հավաստիացումները համոզիչ չեն համարում՝ նախաձեռնելով սեփական վարժանքներ Բելառուսի և Ռուսաստանի սահմաններին։

Ուկրաինան ևս վարժանքներ է նախաձեռնում, ներառյալ` «Բայրաքթարների» կիրառմամբ

Նախօրեին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ վաղը մեկնարկող ուկրաինական բանակի տասնօրյա վարժանքները կանցկացվեն երկրի հյուսիսային շրջաններում, ինչպես նաև Օդեսսայում՝ տասնյակ հազարավոր զինվորականների, ծանր սպառազինության, ներառյալ թուրքական Bayraktar («Բայրաքթար») անօդաչու թռչող սարքերի, Javelin («Ջավելին») հակատանկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։

Ռազմական լարվածության ֆոնին` Արևմուտքը դիվանագիտական լուծումներ է փնտրում

Ուկրաինայի սահմաններին աննախադեպ այս ռազմական լարվածության ֆոնին` Արևմուտքը փորձում է դիվանագիտական ուղիներ փնտրել ճգնաժամը հանգուցալուծելու համար։

Վերջին երկու օրվա ընթացքում ուկրաինական ճգնաժամը քննարկվել է հինգ առաջնորդների չորս հանդիպումների ընթացքում։ Երկուշաբթի օրը Մոսկվայում և Վաշինգտոնում զուգահեռ բանակցություններ են ունեցել Էմանյուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ, Օլաֆ Շուլցը Ջո Բայդենի հետ, այնուհետև Ելիսեյան պալատի ղեկավարը մեկնել է Կիև և հանդիպել ուկրաինացի պաշտոնակցի հետ։ Կրեմլում կայացած Պուտին-Մակրոն բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ իրավիճակի սրացում չի լինի, և իր դիվանագիտական միջնորդությունը հաջողությամբ կպսակվի։ Թե ինչ առաջարկ է արել Պուտինին, Մակրոնը հրապարակավ չի ասել, սակայն նշել է, որ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու։

Financial Times-ի տեղեկություններով` Պուտինը ֆրանսիացի պաշտոնակցին հավաստիացրել է, որ հետ կքաշի զորքը Բելառուսի սահմաններից համատեղ զորավարժություններից հետո, ինչպես նաև չի ձեռնարկի այլ` «նոր ռազմական նախաձեռնություններ»։

Ուկրաինայի հարցով երկօրյա բարձր մակարդակի ակտիվ դիվանագիտական շփումները երեկ ավարտվեցին Բեռլինում` Գերմանիա- Ֆրանսիա -Լեհաստան գագաթնաժողովին։ Էմանյուել Մակրոնը, Անջեյ Դուդան և Օլաֆ Շուլցը Մոսկվային կրկին կոչ են արել լուծումներ գտնել բանակցություններում, հավաստիացրել, որ աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև վստահեցրել, որ Ուկրաինայի դեմ հարևան Ռուսաստանի կողմից ագրեսիվ քայլերի դեպքում Մոսկվան կբախվի լրջագույն հետևանքների։

Պատժամիջոցներ Ուկրաինայի ինքնիշխանությունը խախտողների նկատմամբ

Մինչ այդ Բրյուսելում պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի ինքնիշխանությունը ոտնահարած հինգ անձի նկատմամբ։ «Ազատության» Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակի տվյալներով` խոսքը Ղրիմից ընտրված Ռուսաստանի Պետդումայի հինգ պատգամավորների մասին է։ Ալեքսեյ Չենյակը, Լեոնիդ Բաբաշովը, Տատյանա Լովաչը, Նինա Ֆաուստովան, Ալեքսանդր Չմըխալովը, աղբյուրի համաձայն, նպաստել են բռնակցված Ղրիմում ռուսաստանյան օրենսդիր մարմինների ընտրությունների անցկացմանը։

Եվրոպացիները մեծ մասը կողմ է ռուսական ներխուժման դեպքում Ուկրաինային պաշտպանելուն

Ի դեպ, Եվրոպական խորհրդի կողմից անցկացված հարցումների համաձայն՝ Եվրոպայի բնակչության կեսից ավելին կողմ է Ուկրաինայի՝ Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամակցությանը Ռուսաստանի կողմից հարձակումից պաշտպանվելու համար։

Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը, որը ծանոթացել է հարցման արդյունքներին, նշում է, որ եվրոպական երկրների բնակիչների կեսը կարծում է, որ Ուկրաինային պետք է պաշտպանեն Միացյալ Նահանգները, Գերմանիան կամ Ֆրանսիան։ Իսկ օրինակ` Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Ռումինիայում պնդում են, որ Ուկրաինայի պաշտպանությունը պետք է իր վրա վերցնի ՆԱՏՕ-ն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG