Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ժամանել է Մոսկվա՝ Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու համար և հայտարարել, որ լավատեսորեն է տրամադրված նախագահ Պուտինի հետ բանակցություններից առաջ:
Նախքան այդ` երեկ, Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Ամերիկյան կողմը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի դեմ։ Երեկ ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, թե ռուսական զորքերի ներխուժումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։
«Պատուհանը բացվել է: Այժմ Ռուսաստանը կարող է ցանկացած օր ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ, կամ դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում, սկսած այսօրվանից», - Fox News-ի եթերում Բայդենի խորհրդականը միաժամանակ չի բացառել, որ Մոսկվան, այդուամենայնիվ, ընտրի ճգնաժամը կարգավորելու դիվանագիտական ճանապարհը։
Մակրոնը այցից առաջ՝ անցած շաբաթ, հայտարարել էր, թե նախընտրում է հենց այդ՝ բանակցությունների ճանապարհը, և որ կփորձի հասնել դրան Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Անցած շաբաթ Ֆրանսիայի առաջնորդը Պուտինի հետ երեք անգամ հեռախոսազրույց էր ունեցել ինչպես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, այնպես էլ, այսպես կոչված, անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական պահանջների մասին։
Journal du Dimanche-ին տված հարցազրույցում Մակրոնը նշել էր, թե Արևմուտքը կարող է ռազմական հակամարտությունը կանխելու նպատակով գործարք կնքել Ռուսաստանի հետ։ Ավելին, Ֆրանսիայի նախագահը նշել էր, թե Ռուսաստանի գործողություններն ուղղված են «ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ կանոնների հստակեցմանը»։
«Մենք պետք է պաշտպանենք մեր եվրոպացի եղբայրներին՝ առաջարկելով նոր հավասարակշռություն, որը կպահպանի նրանց ինքնիշխանությունն ու խաղաղությունը։ Դա պետք է արվի Ռուսաստանի հանդեպ հարգանքով և այս մեծ ազգի և մեծ երկրի ժամանակակից մտահոգությունների ըմբռնմամբ»:
Մոսկովյան բանակցություններից հետո հաջորդը Մակրոնի օրացույցում բանակցություններն են Կիևում։ Մինչ այդ Կրեմլից հայտարարում են՝ Մակրոնի այցը կարևոր է, բայց բեկում չեն ակնկալում։
«Իրավիճակը չափազանց բարդ է, որպեսզի վճռական գործողություններ ակնկալենք մեկ հանդիպման արդյունքում», - այսօր ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, թե Մակրոնը Պուտինին ներկայացնելու է որոշակի գաղափարներ, Եվրոպայում լարվածությունը թուլացնելու հնարավոր տարբերակներ։
«Եկեք սպասենք բանակցությունների արդյունքներին», - ասել է Կրեմլի խոսնակը։
Ակնկալվում է, որ այսօրվա հանդիպումից հետո Պուտինն ու Մակրոնը համատեղ ասուլիս կտան և կխոսեն արդյունքներից։
Այսօր Վաշինգտոնում կբանակցեն ԱՄՆ նախագահը և Գերմանիայի կանցլերը
Մինչ Մակրոնը բանակցում է Պուտինի հետ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մեկնում է ԱՄՆ՝ նախագահ Բայդենի հետ հանդիպման: Խոսելով առաջիկա բանակցությունների մասին` Սպիտակ տունը հայտարարել է՝ Գերմանիայի ու Միացյալ Նահանգների ղեկավարները կընդգծեն իրենց միասնականությունը՝ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ցանկացած հարձակման դեմ։ Ինքը՝ Գերմանիայի կանցլերն ասել էր, թե իր այցի նպատակն է «կանխել պատերազմը Եվրոպայում»։
Սպասվում է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո՝ հաջորդ շաբաթ, Շոլցը կայցելի Կիև, ապա՝ Մոսկվա։ Ավելի վաղ նա Մոսկվային խոստացել էր «շատ լայնածավալ և շատ կոշտ պատժամիջոցներ» Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրացման դեպքում։ Հարցին, թե արդյոք դրանք կտարածվե՞ն նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա, կանցլերը պատասխանել էր՝ ոչինչ բացառված չէ։
Ֆրանսիան և Գերմանիան՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, Դոնբասի հակամարտության կարգավորմամբ զբաղվող «Նորմանդական ձևաչափի» մասնակիցներ են։ Այս 4 երկրները ստորագրել են Մինսկի համաձայնագրերը, որոնք համարվում են կարգավորման հիմքը, թեև Մոսկվան և Կիևը տարբեր մոտեցումներ ունեն դրանց որոշ դրույթների մեկնաբանման շուրջ։
Վերջին շաբաթներին արևմտյան երկրները խոսում են Ուկրաինայի սահմաններում ռուսական զորքերի աննախադեպ կենտրոնացման մասին։ Հանգստյան օրերին ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանն արդեն կուտակել է ներխուժման համար անհրաժեշտ ռազմական կարողությունների 70 տոկոսը:
Ավելին՝ մի քանի օրից նաև Բելառուսի տարածքում են սկսվելու ռուս-բելառուսական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում Արևմուտքը լեգիտիմ նախագահ չի համարում, երեկ հայտարարել է, թե Դոնբասի անջատողականների դեմ ուկրաինական բանակի հարձակման դեպքում բելառուսական բանակը կգործի ճիշտ այնպես, ինչպես ռուսականը։