Մատչելիության հղումներ

Մակրոնը հայտարարում է, թե իրեն հաջողվել է համոզել Պուտինին չսրել Ուկրաինայի շուրջ ճգնաժամը


Մակրոնը մեկնել է Կիև

Արևմտյան երկրները շարունակում են Ուկրաինայի շուրջ բանակցությունները տարբեր հարթակներում` փորձելով դիվանագիտական լուծում տալ ստեղծված աննախադեպ ճգնաժամին։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ վեց ժամ տևած բանակցություններից հետո այսօր մեկնել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։

Կիև ժամանելուն պես Մակրոնը հայտարարել է` իրեն հաջողվել է համոզել Պուտինին չսրել Ուկրաինայի շուրջ ճգնաժամը: Ավելի վաղ Մոսկվան և Փարիզը տարբեր հայտարարություններ են արել երկուշաբթի օր կայացած Մակրոն-Պուտին բանակցությունների վերաբերյալ: Financial Times թերթը, հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, գրում է, թե Մոսկվան պարտավորվել է չսկսել ռազմական գործողություններ և չձեռնարկել քայլեր, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրման և համատեղ զորավարժություններից հետո դուրս բերելու ռուսական զորքերը Բելառուսից:

Պուտինի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովն իր հերթին այսօր ասել է, թե զորավարժություններից հետո Բելառուսում ռուսական զորքերի մնալու մասին երբեք խոսք չի եղել, և դրանք այսպես թե այնպես պետք է դուրս հանեին Բելառուսից` հերքելով, թե նման հարցի շուրջ Մոսկվան ու Փարիզը կարող էին ինչ-որ գործարք կնքել:

Ելիսեյան պալատն ավելի ուշ հայտարարություն տարածեց, որում անդրադարձ կա Բելառուսից ռուսական զորքերի դուրսբերման, ինչպես նաև եվրոպական անվտանգության վերաբերյալ առարկայական երկխոսություն վարելու համաձայնությանը և «նորմանդական ձևաչափի» մակարդակով նոր հանդիպմանը:

Երեկ Պուտինի հետ երկար զրույցից և ընթրիքից հետո գրեթե կեսգիշերին կայացած մամուլի ասուլիսին Մակրոնն ասել է, թե Ռուսաստանին մի քանի քայլերի առաջարկ է ներկայացրել, որոնք, հավանաբար, թույլ կտան հասնել ճգնաժամի դիվանագիտական կարգավորման։ Պուտինը, մինչդեռ, նորից խոսել է ռազմական լուծումների մասին՝ կրկնելով օրեր առաջ հնչեցրած միտքը, թե այս տարաձայնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման:

«Ուկրաինայի դոկտրինայում գրված է, որ Ռուսաստանը հակառակորդ է, և Ղրիմի վերադարձը հնարավոր է ռազմական ճանապարհով։ Պատկերացրեք, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է։ 5-րդ կետը ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Վերջերս պարոն Բայդենն ասաց, որ 5-րդ հոդվածը բացարձակ հրամայական է և կկատարվի։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական առճակատում է առաջանալու։ Դուք ի՞նչ է` ուզում եք, որ մենք ՆԱՏՕ-ի դեմ պատերազմենք», - հայտարարել է նա։

Մի քանի ամիս է՝ Արևմուտքը ահազանգում է, թե Մոսկվան հսկայական զինուժ է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և ամեն պահ կարող է հարձակվել հարևանի վրա։ Մոսկվան հավաստիացնում է, թե պատերազմ չի ուզում, միաժամանակ պահանջում, որ արևմտյան երկրները «անվտանգության երաշխիքներ» տրամադրեն Մոսկվային, այդ թվում՝ փակելով դեպի ՆԱՏՕ ճանապարհը Ուկրաինայի համար։ Հյուսիսատլանտյան դաշինքը մերժել է այդ պահանջները։

Ռուսաստանի նախագահը երեկվա ասուլիսում էլ ավելի է խստացրել տոնը` հիշեցնելով, թե Ռուսաստանը միջուկային գերտերություն է:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական ներուժն ավելին է, քան Ռուսաստանի ներուժը, բայց եկեք չմոռանանք, որ Ռուսաստանն առաջատար միջուկային գերտերություններից է, իսկ որոշ առումներով նաև առաջատար միջուկային գերտերություն», - ասել է այդ երկրի առաջնորդը։

Չնայած Պուտինի այս հայտարարություններին՝ Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ իրավիճակի սրացում չի լինի, և իր դիվանագիտական միջնորդությունը հաջողությամբ կպսակվի։ Թե ինչ առաջարկ է արել Պուտինին, Մակրոնը հրապարակավ չի ասել, սակայն նշել է, որ առաջիկա օրերը վճռորոշ են լինելու։ Այսօր արդեն նա մեկնել է Կիև, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ապա կրկին կզրուցի Ռուսաստանի ղեկավարի հետ, այս անգամ հեռախոսով։

Ըստ France Presse-ի՝ Փարիզն առաջարկել է, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը միմյանց դեմ ռազմական գործողություններ չսկսելու պարտավորություն ստանձնեն, նոր ռազմավարական երկխոսության մեկնարկ տան և ակտիվացնեն ջանքերը Դոնբասում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։

Ուկրաինայի վրա ռուսական հարձակման դեպքում Վաշինգտոնը «վերջ կդնի» «Հյուսիսային հոսք 2» գազատարին

Երեկ, երբ Մակրոնը Կրեմլում առաջարկներ էր ներկայացնում Պուտինին, եվրոպական մեկ այլ գերտերության՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բանակցում էր Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։ Սա Շոլցի առաջին այցն էր Վաշինգտոն պաշտոնը ստանձնելուց հետո, որի ընթացքում կողմերը մեծապես կենտրոնացել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Ներկայացնելով հանդիպման արդյունքները՝ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է՝ Ուկրաինայի վրա ռուսական նոր հարձակման դեպքում Վաշինգտոնը «վերջ կդնի» «Հյուսիսային հոսք 2» գազատարին, որով Եվրոպան նախատեսում է Ռուսաստանից գազ ստանալ՝ շրջանցելով Ուկրաինան:

«Եթե Ռուսաստանը ներխուժի, այսինքն՝ տանկերը կամ զորքերը կրկին հատեն Ուկրաինայի սահմանը, ապա «Հյուսիսային հոսք 2» չի լինի: Մենք դրան վերջ կտանք: Ես ձեզ խոստանում եմ, մենք կարող ենք դա անել», - հավաստիացրել է Բայդենը:

Գերմանիան այս գազատարի կառուցման առաջամարտիկներից էր և պաշտպանում էր գաղափարը՝ չնայած Մոկսվայի դեմ սահմանված պատժամիջոցներին ու ռուս-արևմտյան լարված հարաբերություններին։ Կանցլերը երեկ էլ չխոստացավ, որ Բեռլինը կոշտ քայլեր կձեռնարկի այս գազատարի դեմ, միայն ասաց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Բեռլինի և Վաշինգտոնի դիրքորոշումները չեն տարբերվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG