Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Ուկրաինայի իրավիճակի շուրջ դիվանագիտական շփումների ակտիվացումն արդյունք կտա։ Այդ մասին Էմանյուել Մակրոնը հայտարարել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո։
«Համոզված եմ՝ մենք արդյունքի կհասնենք, նույնիսկ եթե դա հեշտ չլինի», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Իր հերթին, Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Մոսկվան կշարունակի փորձել Արևմուտքից ստանալ իր հիմնական անվտանգության պահանջների պատասխանները։
Պուտինի խոսքով՝ Մոսկվայի անվտանգության երեք հիմնական պահանջները չեն կատարվել, դրանք են՝ դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, հրթիռներ չտեղակայել Ռուսաստանի սահմաններին մոտ և կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը՝ հասցնելով 1997 թվականին մակարդակին:
Ռուսաստանի նախագահը նաև հավելել է, որ կարևոր է ելք գտնել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, և որ երկխոսությունն ավարտված չէ։
Վլադիմիր Պուտինը համատեղ մամուլի ասուլիսում նաև շեշտել է, որ պատերազմում հաղթողներ չեն լինի, եթե եվրոպական երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ, եթե Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին և փորձի ռազմական ճանապարհով վերականգնել Ղրիմը։