Միջազգային ասպարեզում այս շաբաթվա առանցքային քաղաքական իրողությունը Ռուսաստանի և Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցային մարաթոնն է:
Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպումն է, վաղը ռուսները պետք է Վիեննայում՝ ԵԱՀԿ-ում բանակցեն, իսկ երկուշաբթի օրը Ժնևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Ուենդի Շերմանն են հանդիպել: Վերջինս, ի դեպ, մասնակցում է նաև բրյուսելյան այսօրվա նիստին:
Ռուսական կողմն Արևմուտքից ու նախևառաջ Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ նախկին խորհրդային երկրների միացումը ՆԱՏՕ-ին բացառելու հստակ և պաշտոնական փաստաթղթով երաշխավորված խոստում:
Շերմանի հետ հանդիպելուց առաջ Ռյաբկովը բավական ամպագոռգոռ հայտարարություն է արել՝ փոքր-ինչ ժողովրդական լեզվով ՆԱՏՕ-ին խորհուրդ տալով «փասա-փուսան հավաքել և նահանջել դեպի 1997 թվականի դիրքերը»:
Ամերիկյան կողմն այդ ագրեսիվ խոսքին պատասխան ամպագոռգոռ հայտարարությամբ չի արձագանքել, բայց նկատել է տվել, որ «Ռուսաստանն ընդհանրապես չունի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում ձայնի իրավունք»:
Ռուսական իշխանամետ մամուլում և վերլուծաբանների մեկնաբանություններում ժնևյան հանդիպումից առաջ այնպիսի տոնայնություն էր և հոխորտանք, կարծես լսարանին ուզում էին ասել, որ «հեսա մերոնք կգնան դրանց ջարդը կտան, կվերադառնան»: Ժնևից հետո նման խանդավառություն չի նկատվում:
«Այս պահին դեռ չենք տեսնում լավատեսության առիթներ, ինչպես Ռյաբկովն է նշել՝ բանակցությունները դրական էին, բաց, շիտակ և բովանդակային, բայց կարևորը ոչ թե բուն բանակցությունն է, այլ դրա արդյունքը, ինչի մասին դեռ բան չենք կարող ասել», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ դեռ կլինեն նոր հանդիպումներ:
«Դրանք կօգնեն ավելի հստակ պատկերացում կազմելու ու հասկանալու, թե որտեղ ենք մենք ամերիկացիների հետ։ Հիմա անհնար է որևէ եզրակացություն անել», - ասել է Կրեմլի խոսնակը։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Ժնևում անդրադարձ չի եղել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջին, քանի որ Մոսկվայի պահանջներից շատերը «պարզապես անընդունելի են և քննարկման ենթակա չեն»:
Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն պարտավորվի երբեք և որևէ պարագայում անդամի կարգավիճակ չշնորհել Ուկրաինային և նախկին խորհրդային այլ երկրի․ այստեղ, բնականաբար, խոսքը Վրաստանի մասին է:
Բացի այդ, ռուսները պահանջում են, որ ՆԱՏՕ-ն դուրս հանի ռազմական ենթակառուցվածքներն այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին են անդամակցել 1997 թվականից հետո:
Այդ պահանջները Մոսկվան դեռ դեկտեմբերին է փոխանցել Արևմուտքին: Ժնևում տիկին Շերմանը պարոն Ռյաբկովին հոդաբաշխ բացատրել է, որ «Ուկրաինայի և եվրոպացի դաշնակիցների հարցերն առանց այդ երկրների ներկայացուցիչների Ամերիկան Ռուսաստանի հետ սկզբունքորեն չի քննարկում»:
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն այսօր «Պառլամենտսկայա գազետա» պարբերականին ասել է, թե Վաշինգտոնը պատրաստ չէ Մոսկվայի հետ քննարկել ՆԱՏՕ նոր անդամներ չընդունելու առաջարկը:
«Ամերիկացիները վստահ նպատակադրվել են տարածել աշխարհում իրենց ազդեցության սահմանները, և դրա առավել արդյունավետ մեթոդը ՆԱՏՕ-ի ընդարձակումն է: Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների այդ ռազմավարությունը ոչ մի դեպքում չի փոխվի, դա է Ամերիկայի ճանապարհը դեպի միաբևեռ աշխարհ, բայց ամերիկացիները բնավ պատրաստ չեն պատերազմել հանուն այդ նպատակի և գերադասում են ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանել», - ասել է Կոսաչովը:
Միաժամանակ, Դաշնության խորհրդի փոխխոսնակը նշել է, թե չի կարելի ասել, որ ժնևյան բանակցությունները բացարձակ ապարդյուն էին:
«Ընդհանուր առմամբ կա որոշակի զգուշավոր լավատեսություն, հանդիպումն իմաստ ուներ», - նշել է Կոսաչովը:
Ամերիկյան կողմը նշում է, որ պատրաստ է ամենայն ուշադրությամբ լսել ռուսների առաջարկները, հաշվի առնել այդ գերտերության մտահոգությունները և համատեղ ջանքերով որոնել փոխադարձ ու համաշխարհային անվտանգության ամրապնդման ուղիներ: Ամերիկացիները հուսով են, որ առաջիկայում տեղի կունենան նոր հանդիպումներ:
«Սա դիվանագիտական գործընթացի սկիզբն է, մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը մեր երկրի հետ երկխոսությանը: Սա կարևոր է, կրկնեմ, սա է մեր նախընտրած ընթացքը, որը համարում ենք կենսունակ և որը հիմա փորձարկում ենք», - ասել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: