2019 թվականից ի վեր առաջին անգամ Բրյուսելում տեղի է ունենում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որի քննարկման թեման «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ Մոսկվայի առաջ քաշած պահանջներն են։
Բանակցություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ռազմական դաշինքի 30 պետությունների մշտական ներկայացուցիչները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում են փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ռուսաստանը Արևմուտքից փաստաթղթով ամրագրված «անվտանգության երաշխիքներ» է պահանջում, այդ թվում՝ երբեք չընդունել Ուկրաինային կամ նախկին ԽՍՀՄ այլ երկրի ՆԱՏՕ-ի կազմ և դուրս բերել ռազմական ենթակառուցվածքներն ու դաշինքի ուժերը Արևելյան Եվրոպայի այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին են միացել 1997-ից հետո:
Մոսկվան այս պահանջներն առաջ է քաշում Արևմուտքի հետ հարաբերություններում նոր լարվածության ֆոնին։ Արևմտյան երկրները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա, որի սահմաններին արդեն կենտրոնացրել է հազարավոր զինվորականների և ռազմական տեխնիկա։
Մոսկվան հերքում է մեղադրանքները և իր հերթին մեղադրում է Կիևին Արևմուտքի օգնությամբ ռազմական ներուժը մեծացնելու համար, ինչպես նաև քննադատում է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելու համար։