Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ՌԴ բանակցություններից հետո «կողմերը դեռ զգալի տարաձայնություններ ունեն, ընդհանուր մոտեցումներ գտնելը բարդ խնդիր է»


Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում կողմերը պայմանավորվել են վերսկսել իրենց առաքելությունների աշխատանքը Մոսկվայում և Բրյուսելում։

ՆԱՏՕ-Ռուսաստան չորս ժամ տևած բանակցություններից հետո դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը նաև հայտարարել է. «Բանակցությունները հեշտ չեն եղել, սակայն տեղի է ունեցել կարծիքների լուրջ փոխանակում Ուկրաինայի վերաբերյալ։ Կողմերը դեռևս զգալի տարաձայնություններ ունեն, և դրանց վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ գտնելը բարդ խնդիր է»։

Ստոլտենբերգը միաժամանակ դրական ազդանշան է անվանել այն, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները և Ռուսաստանի ներկայացուցիչները նույն սեղանի շուրջ էին այսօր։ Դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կարևոր էր երկխոսություն սկսելը, չնայած կողմերի միջև առկա տարաձայնություններին։ Դաշինքի պատվիրակությունն առաջարկել է մի շարք հանդիպումներ կազմակերպել Եվրոպայում հրթիռային զենքի սահմանափակումների հարցով, սակայն Ռուսաստանը հասկացրել է, որ պատրաստ չէ քննարկել բանակցությունների ժամանակացույցը։

Փորձագետներն ընդհանրապես նկատում են` Մոսկվան ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերում բանակցություններին։

«Ազատության» դիվանագիտական աղբյուրը, որ մոտ է կանգնած բանակցություններին, Բրյուսելից հաղորդել է, որ հանդիպումն անցել է «սպասվածից լավ»: «Միգուցե դա անձնական զգացում է, բայց ես զգում եմ, որ ինչ-որ գործընթացի սկիզբ կա»: «Ազատության» աղբյուրի խոսքով` հանդիպման սկզբում տեսանելի լարվածություն կար և դաշնակից երկրների միջև հստակ միասնություն։ «Ռուսաստանը կրկնեց դեկտեմբերին հրապարակված փաստաթղթում շարադրված իր դիրքորոշումը և ցանկացավ պարբերություն առ պարբերություն անցնել, բայց դա ոչ մեկին չէր հետաքրքրում։ Բոլոր դաշնակիցները` ոմանք ավելի դիվանագիտական լեզվով, ոմանք ավելի քիչ պարզաբանեցին, որ համաձայն չեն ռուսական առաջարկի հետ: ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի ակնարկել դաշինքի արևելյան մասում զորքերի կրճատման ցանկության մասին, և ոչ մի դաշնակից չի ակնարկել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը կամ Վաշինգտոնի պայմանագրի 10-րդ հոդվածը մերժելու մասին»:

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է շարունակել բանակցությունների շարքը երեք հիմնական թեմայի շուրջ՝ նվազեցնել ռիսկերը, ընդլայնել շփումները և վերահսկել սպառազինությունները, ռուսներն այս առաջարկը ոչ մերժել են, ոչ էլ ընդունենլ, միայն ասել են, թե կուսումնասիրեն այն։

Այսօր Բրյուսելում կայացած հանդիպումը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում առաջին հանդիպումն էր վերջին երկու տարվա ընթացքում և հունվարի տասին Ժնևում կայացած ռուս-ամերիկյան ութժամյա բանակցությւոնների շարունակությունը։

Նախօրեին անցել էր ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որից առաջ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, թե չնայած Ռուսաստանի հետ սրված հարաբերություններին, դաշինքը շարունակելու է բաց դռների իր քաղաքականությունը և նախկինի պես կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը պետք է որոշեն անդամ պետությունները և թեկնածու երկրները:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հյուսիսատլանտյան բաց դռների քաղաքականությանը, այսօր շեշտել էր, թե դրա շարունակությունը և դաշինքի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ սպառնում է Ռուսաստանին։ «Սա հենց այն է, ինչ մենք խնդրում ենք՝ երաշխիքներ, որ այս քաղաքականությունը չի շարունակվի»:

Ռուսաստանի հետ հարաբերությունների լարված ֆոնին` ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին հայտնել էին Ռուսաստանի երկու այլ հարևան` Ֆինլանդիան և Շվեդիան: Հարցին, թե արդյոք Մոսկվան մտահոգվա՞ծ է նրանց հնարավոր անդամակցությունից դաշինքին, Կրեմլի խոսնակը դրական էր պատասխանել. «ՆԱՏՕ-ն առճակատման գործիք է, ուստի Ռուսաստանը մտահոգված է այդ դաշինքի ցանկացած ընդլայնմամբ»։

Ինչ վերաբերում է Ոիկրաինայաի և Վրաստանի անդամակցությանը, հարցը դաշինքի օրակարգում է 2008 թվականից, մինչ օրս, սակայն, այդ երկրների հնարավոր անդամակցության ժամկետները չեն հստակեցվել։

Այսօրվա բանակցությունները երկու օր առաջ Ժնևում կայացած շուրջ ութժամյա բանակցությունների հաջորդ փուլն են։ Բանակցությունները նախաձեռնել էր Մոսկվան։ Դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել էր Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերը։

Հունվարի 10-ին Ժնևում կայացել էին ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք, սակայն, արդյունք չէին տվել, և կողմերը հայտարարել էին, որ շատ բան պետք է որոշվի այսօր՝ Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություններին։ Վաշինգտոնը ընդգծել էր, թե ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերը չի որոշելու առանց ՆԱՏՕ-ի։

Ռուսական կողմը պնդում է, թե Միացյալ Նահանգները պետք է գրավոր պատասխանի ռուսական կողմի առաջարկություններին արդեն եկող շաբաթ։

Մինչ Արևմուտքը պահանջում է, որ ռուսական կողմը հետ քաշի զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի հետ սահմանից, Մոսկվան հայտարարում է նոր զորավարժությունների մասին։ Արևմտյան ռազմական օկրուգը նախօրեին հայտարարել է Ուկրաինային սահմանակից Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում զորավարժությունների սկիզբը։

Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտը Մոսկվային կոչ է արել բացատրություն տալ Ուկրաինայի հետ սահմանի մոտ զորավարժությունների անցկացման համար։ Վաշինգտոնն ընդգծում է, որ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններում առաջընթացը հնարավոր է միայն դեէսկալացիայի մթնոլորտում։

ԱՄՆ-ը սպասում է ռուսական զորքերի վերադարձին իրենց զորանոցներ, ինչպես նաև պարզաբանումներ զորավարժությունների մասին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հավելելով, թե Վաշինգտոնը մտահոգություն ունի, որ Ռուսաստանը կարող է կրկնել 2014 թվականի Ղրիմի սցենարը։ Նրա խոսքով՝ լարվածությունը նվազեցնելու համար Ռուսաստանի տարածքում ցանկացած զորավարժություն պետք է թափանցիկ լինի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG