Մատչելիության հղումներ

Ժնևում երեկ հանդիպել են ԱՄՆ փոխպետքարտուղարը և ՌԴ ԱԳ փոխնախարարը


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերման և ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերման և ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը կիրակի օրը Ժնևում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց կողմերը կանդրադառնան հունվարի 10-ին Ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում արտակարգ հանդիպման ժամանակ։

Շերմանը նշել է, որ Միացյալ Նահանգները կողջունի դիվանագիտական ճանապարհով իրական առաջընթացը: Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների որոշակի խնդիրներ Ռազմավարական կայունության երկխոսության շրջանակում, բայց չի քննարկի եվրոպական անվտանգության հարցերը առանց եվրոպացի դաշնակիցների և գործընկերների մասնակցության։

Պետքարտուղարի տեղակալն ասել է, որ որոշ խնդիրների քննարկումը տեղի կունենա հունվարի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստում, իսկ հունվարի 13-ին՝ Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։

Սերգեյ Ռյաբկովը, ով գլխավորում է ժնևյան բանակցություններում ռուսական պատվիրակությունը, լրագրողներին ասել է, որ Ուենդի Շերմանի հետ նախնական բանակցությունները «դժվարին, բայց գործնական էին», հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները: Ռյաբկովն «Ինտերֆաքս»-ին ասել է, որ լավատես չէ առաջիկա երկխոսության հարցում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ երեկ հայտարարել է, որ չի ակնկալում բեկում ամերիկա-ռուսական անվտանգության բանակցություններում, սակայն հույս ունի՝ կարող են լինել ոլորտներ, որտեղ կողմերը կարող են համաձայնության գալ։ Բլինքենի խոսքով՝ ցանկացած առաջընթաց կախված կլինի բանակցություններում երկու կողմերի գործողություններից։

XS
SM
MD
LG