Չորեքշաբթի օրը Ռուսաստանի հետ տեղի ունեցած բանակցությունները դյուրին չէին, բայց տեղի է ունեցել կարծիքների լուրջ և ուղղակի փոխանակում Ուկրաինայի հարցով, ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրա խոսքով, կողմերը դեռևս զգալի տարաձայնություններ ունեն, և դրանց վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ գտնելը բարդ խնդիր է։ Սակայն բանակցություններում շոշափվել են զգայուն հարցեր։
Ստոլտենբերգը դրական ազդանշան է համարում ՆԱՏՕ անդամ երկրների և Ռուսաստանի ներկայացուցիչների` նույն սեղանի շուրջ նստելու փաստը։ Բանակցությունների քննարկման թեման Ռուսաստանի իշխանությունների առաջ քաշած «անվտանգության երաշխիքների» վերաբերյալ պահանջն է։
Մոսկվան Արևմուտքից փաստաթղթով ամրագրված «անվտանգության երաշխիքներ» է պահանջում, այդ թվում՝ երբեք չընդունել Ուկրաինային կամ նախկին ԽՍՀՄ այլ երկրի ՆԱՏՕ-ի կազմ և դուրս բերել ռազմական ենթակառուցվածքներն ու դաշինքի ուժերը Արևելյան Եվրոպայի այն երկրներից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին են միացել 1997-ից հետո:
«ՆԱՏՕ-ն զիջումների չի գնա իր հիմնական սկզբունքների հարցում: ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այսօր Ռուսաստանին կոչ են արել դուրս բերել իր բոլոր ուժերը Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Ռուսաստանը վետո չունի Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու կամ չընդունելու հարցում»,- հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը` ընդգծելով, որ դաշինքը մերժում է Մոսկվայի պահանջը՝ Կիևին զրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություններից և հեռանկարներից։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների միջև այսօր տեղի ունեցած բանակցությունների ընթացքին ծանոթ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ` քննարկումն անցել է «սպասվածից լավ»:
«Գուցե դա անձնական զգացում է, բայց ես զգում եմ, որ ինչ-որ գործընթացի սկիզբ կա»,- հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը։