Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունն այսօր մայրաքաղաքում ցույց է անցկացրել


Ցույց ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի, Թբիլիսի, 8 նոյեմբերի, 2021թ.
Ցույց ի պաշտպանություն Միխեիլ Սաակաշվիլիի, Թբիլիսի, 8 նոյեմբերի, 2021թ.

39 օր հացադուլի մեջ գնտվող Միխեիլ Սաակաշվիլիին այսօր երեկոյան զրահապատ մեքենաներով դուրս են հանել Ռուսթավիի բանտից և փոխադրել Գլդանիի բանտի հիվանդանոց:

Առաջին հաղորդագրությունում նշվել է, թե Սաակաշվիլիին, ամենայն հավանականությամբ, փոխադրել են Գորիի զինվորական հոսպիտալ, որը հագեցած է արդիական սարքավորումներով և ունի երկարատև հացադուլի մեջ գտնվող մարդուն բուժելու պայմաններ, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրան Գլդանի են տեղափոխել: Այդ բանտի տարածքում այսօր ոստիկանության հատուկ ջոկատ է տեղակայվել:

Անցած շաբաթ օրը Վրաստանի ընդդիմության լիդերները հայտարարել են, որ իշխանությանը տալիս են 24 ժամ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտից քաղաքացիական հիվանդանոց փոխադրելու համար:

«Ազգային միացյալ շարժումը» հայտարարել է, թե պահանջը չկատարելու դեպքում կուսակցությունը մայրաքաղաքում նոյեմբերի 8-ին բողոքի հզոր ցույց կանցկացնի: Վերջնաժամկետն անցել է, և այսօր երեկոյան ընդդիմադիրների բողոքի ակցիան տեղի է ունեցել Թբիլիսիի Ազատության հրապարակում: Ցույցեր են նաև Ռուսթավիում և Վրաստանի այլ քաղաքներում:

Ոստիկանները շրջապատել են Վրաստանի կառավարության և խորհրդարանի շենքը և Ռուսթավիի բանտը:

Մինչ այդ իշխանությունն ասել է, որ պատրաստ է Սաակաշվիլիին փոխադրել քրեակատարողական ծառայության հատուկ հիվանդանոց, սակայն Վրաստանի օմբուդսմենն այցելել է այդ բուժկենտրոն ու ասել, որ այն ոչ պայմանների և ոչ էլ անձնակազմի մակարդակի առումով պիտանի չէ Սաակաշվիլիին խնամելու համար:

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր ընդդիմությանը հորդորել է վերջնագրերի լեզվով չխոսել իշխանության հետ, քանի որ իշխանությունն է պատասխանատու երկրում կարգուկանոնի համար և այն խախտելու փորձերին կտա օրենքով նախատեսված կոշտ պատասխան, նա ավելացրել է, թե Սաակաշվիլին ֆեյք հացադուլի մեջ է:

«Եթե այդ մարդն իսկական հացադուլի մեջ է՝ դա ընդդիմության խնդիրն է, եթե նա կեղծ հացադուլի մեջ է՝ դա էլ է նրանց խնդիրը, հետևաբար, ընդդիմությունն ինքն իրեն պետք է հասցեագրի Սաակաշվիլիին սպանելու մտադրության մասին ամոթալի կշտամբանքը»,- ասել է Կոբախիձեն:

Օրեր շարունակ Վրաստանում շրջանառվում են ասեկոսեներ, թե Սաակաշվիլին կեղծ հացադուլի մեջ է և, իբր, թաքուն եղանակով սնունդ է ընդունում՝ մեղր, հյութեր կամ վիտամինային հավելումներ:

Լուրերը տարածում են իշխանության հետ կապ ունեցող աղբյուրները: Նախօրեին Ռուսթավիի բանտի վարչակազմը հրապարակել է մի տեսագրություն, ըստ որի Սաակաշվիլին ինչ-որ նյութ է ընդունում:

Բանտարկված նախագահը «խայտառակություն» և «հանցագործություն» է անվանել տեսագրության հրապարակումը, ասելով, որ շաբաթ օրվանից այլևս ոչ մի հավելումներ չի ընդունում:

«Բոլորը տեսան և համոզվեցին, որ ես իսկապես հացադուլի մեջ եմ և, մեղմ ասած, ոչ այնքան լավ վիճակում, այդ տեսագրության հրապարակումը մեծ վիրավորանք է բանտի բուժաշխատողներին, նրանք ինձ ասել են, որ ես չեմ խախտել հացադուլի կանոնները, և որ բժշկի նշանակած նյութը սնունդ չէ, բանտի բժիշկները դա նշել են եզրակացության մեջ, որը փոխանցել եմ օմբուդսմենին»,- ասվում է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան հայտարարությունում:

Նա այդ ուղերձում հանրությանը կոչ է անում «Սաակաշվիլիի սովի հարցով չստվերել գլխավոր նպատակը՝ չեղարկել գողացված ընտրությունների արդյունքները և վերադարձնել իշխանությունը»:

Սաակաշվիլին բանտում միտրոպոլիտ Նիկոլոզից սուրբ հաղորդություն է ստացել: «Ֆիզիկապես դա Փրկչի մարմնի ու արյան մի պստիկ կտոր է, շատ պստիկ: Սաակաշվիլին 40 օր ծոմ է պահել, հետո խոստովանել է մեղքերն ու հաղորդություն վերցրել, ես 30 տարի խոստովանություններ եմ լսում և հաղորդություն տալիս, նա արժանիորեն ընդունեց Սուրբ Հաղորդությունը»,- ասել է միտրոպոլիտ Նիկոլոզը:

«Միշա, Միշա» վանկարկող հազարավոր ընդդիմադիրներ երթով անցել են մայրաքաղաքի կենտրոնով: Ակցիան շարունակվել է մինչև ուշ երեկո:

XS
SM
MD
LG