Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Բաթումիում անցկացվող ցույցի մասնակիցներին։ Հանրահավաքի ժամանակ նախկին նախագահի նամակը կարդացել է Բաթումիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Գիորգի Կիրթաձեն։
Սաակաշվիլին բանտից գրել է, որ հետդարձի ճանապարհն արդեն փակված է, և «հայրենիքի փրկությունն» այլընտրանք չունի։
«Ուստի բոլորը պետք է համախմբվեն, նույնիսկ նրանք, ովքեր մինչ այժմ գործընթացներին հետևում էին միայն դրսից։ Դուք արդեն հաղթել եք Իվանիշվիլիին մեծ առավելությամբ, ինչի ականատեսն է ողջ Վրաստանը և բոլոր միջազգային դիտորդները։ Այժմ մենք պետք է ավարտին հասցնենք այս պայքարը», - հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը։
Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալել են։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է նաև երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։
Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել։