Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը Սաակաշվիլիին ազատելու պահանջով ցույց է անցկացնում Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկի մոտ


Ցույց Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու պահանջով, 2 նոյեմբերի, 2021թ.
Ցույց Միխեիլ Սաակաշվիլիին բանտից ազատելու պահանջով, 2 նոյեմբերի, 2021թ.

Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ երրորդ նախագահ, 53-ամյա Միխեիլ Սաակաշվիլիին ազատելու պահանջով ցույցի նախաձեռնողը «Ազգային միացյալ շարժում» կուսակցության լիդեր Նիկա Մելիան է:

«Վրաստանը սկսում է բողոքել, մեր հավաքը կլինի անդադար և կավարտվի միայն այն ժամանակ, երբ մենք կհասնենք մեր նպատակին»,- հայտարարել է Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության ներկայիս առաջնորդը:

Մելիան հոկտեմբերի 30-ի տեղական ընտրությունների երկրորդ փուլում Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում, ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, զիջել է գործող քաղաքապետ, «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Կախա Կալաձեին:

Ըստ այդ արդյունքների, «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են 20-ից 19 քաղաքներում, այդ թվում` բոլոր հինգ խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Բաթումիում և Փոթիում: Ընդդիմությունը չի ճանաչում արդյունքները:

Սաակաշվիլին հայրենիք է վերադարձել ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի նախօրեին՝ իր աջակիցներին կոչ անելով քվեարկել հօգուտ ընդդիմության:

Նա ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին և փոխադրվել է Ռուսթավիի բանտ: Նա նույն օրը հացադուլ է հայտարարել: Հացադուլի 32 օրվա ընթացքում Սաակաշվիլին կորցրել է մոտ 20 կիլոգրամ քաշ: Վրացական մամուլը հաղորդում է, որ հացադուլի առաջին շաբաթվա ընթացքում Սաակաշվիլին ամեն օր 50 միլիգրամ մեղր է կուլ տվել օրգանիզմը կարևոր նյութերով ապահովելու համար:

Վրաստանի քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Նիկա Ցխվարիաշվիլին ասել է, թե Սաակաշվիլին բանտի կրպակից գնել է 7 տուփ մեղր և մի քանի տուփ նարնջի հյութ:

Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ եթե Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատթարանա, նրան կփոխադրեն քրեակատարողական ծառայության թիվ 18 բժշկական կենտրոն:

Մինչդեռ, Սաակաշվիլիի բժիշկները և փաստաբանները պնդում են, որ նրան անհրաժեշտ է ժամ առաջ փոխադրել քաղաքացիական հիվանդանոց, քանի որ քրեակատարողական հիմնարկներում չկան ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող անձին լիարժեք բուժօգնություն տրամադրելու պայմաններ:

ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Սաակաշվիլին հանդես է եկել «Վրացական երազանքի» հաղթանակը չճանաչելու և պայքարը շարունակելու ուղերձով:

«Ազգային միացյալ շարժումը» հաղթել է, բայց երկրի կառավարությունում հայտնված մի խումբ ավազակներ գողացել են մեր այդ հաղթանակը: Նրանք մեզ թալանել են, զրկել են երկրի տերը լինելու մեր հիմնարար իրավունքից»,- հայտարարել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի էջում, կոչ անելով պայքարել, իշխանությունը վերցնել «Վրացական երազանքից» և մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Սաակաշվիլիի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին մամուլի համար ընթերցել է բանտարկված նախագահի ուղերձը:

«Ազատության մեջ են պայքարի համար լավ պատրաստված լիդերներ, հատկապես Նիկա Մելիան, կան նաև շատ խիզախ ռեգիոնալ լիդերներ, լավ երիտասարդներ, հավատացնում եմ, եթե ես դուրս գամ բանտից՝ մենք 10-ն օրում կնշանակենք արտահերթ ընտրություններ և կգետնենք Իվանիշվիլիին: Հաղթանակի գրավականը մեր միասնությունն է, բազմամարդությունը և ամուր կամքը»,- ասվում է Սաակաշվիլիի ուղերձում:

«Վրացական երազանքի» լիդեր Իրակլի Կոբախիձեն այսօր հատարարել է, թե չի հավատում Սաակաշվիլիի հացադուլին:

«Ամբողջ բանտը ծիծաղով է խոսում լիմոնադի հանդեպ Սաակաշվիլիի սիրո մասին, եթե անձը հացադուլ է հայտարարում՝ դա նրա իրավունքն է, մենք դրա հետ կապ չունենք, մեր պարտավորությունն է ապահովել անձի իրավունքները և անհրաժեշտ բուժօգնություն, ինչն էլ անում ենք»,- ասել է Կոբախիձեն:

Վրաստանում ներքաղաքական ծանր ճգնաժամը սկսվել է 2020 թվականի խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո:

Ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանի աշխատանքը և պահանջել է նոր ընտրություններ:

Այս տարվա ապրիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շաrլ Միշելի միջնորդությամբ իշխանությունը և ընդդիմությունը կնքել են գործարք, որով ընդդիմադիր մի շարք կուսակցություններից ընտրված օրենսդիրներ պետք է վերադառնային խորհրդարան, պայմանով, որ եթե աշնանը ՏԻՄ ընտրություններում իշխանությունը վաստակի 43 տոկոսից քիչ քվեներ, ապա 2022 թվականին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Բացի այդ, երկու կողմերը պետք է համաձայնեցնեին խորհրդարանի ղեկավար կազմի և հանձնաժողովների նախագահների ընտրությունը, հաստատեին դատական համակարգի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարեփոխումների հայեցակարգը, սակայն հուլիսի 28-ին «Վրացական երազանքը» չեղարկել է գործարքը, հայտարարելով, թե ընդդիմությունը միտումնավոր սրում է վիճակը, քանի որ խորհրդարան ընտրված ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելի շարունակում է բոյկոտել նիստերը:

«Ազգային միացյալ շարժման» լիդերները Սաակաշվիլին հորդորում են անհապաղ դադարեցնել հացադուլը:

Հայրենիքում մի շարք քրեական գործերով հեռակա կարգով ազատազրկման դատապարտված և մեղադրանքները կտրականապես հերքող Սաակաշվիլին ասել է, թե այս ՏԻՄ ընտրություններով ոչ միայն իր, այլև ամբողջ երկրի ճակատագիրն է վճռվելու:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մտահոգություն են հայտնել ՏԻՄ ընտրությունների ընթացքում գրանցված թերացումների և ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման կապակցությամբ: Բողոքի ցույցը շարունակվում է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG