Մատչելիության հղումներ

«Ի հեճուկս թշնամիների, ես չեմ մահանա». Սաակաշվիլին դիմել է իր աջակիցներին


Վրաստանի երրորդ նախագահ Միխեի Սաակաշվիլին, արխիվ
Վրաստանի երրորդ նախագահ Միխեի Սաակաշվիլին, արխիվ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի 36-րդ օրը աջակիցներին խոստանում է, ի հեճուկս թշնամիների, չմահանալ։ Քաղաքական գործիչն ուղերձը փոխանցել է փաստաբան Բեկա Բասիլայայի միջոցով՝ հորդորելով ընդդիմությանը շարունակել բողոքի ակցիաները երկրով մեկ, ինչպես շեշտել է, միաժամանակ տարբեր վայրերում՝ ոստիկանական ուժերի կենտրոնացումը կանխելու նպատակով։

«Աջակցում եմ բողոքի ակցիաները տարբեր վայրերում անցկացնելու գաղափարին։ Քանի որ ռեժիմին հավատարիմ ոստիկանական ուժերը շատ սահմանափակ են, հետևաբար նրանք չեն կարողանա խոչնդոտել Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրականացմանը», - բանտից հայտարարել է Սաակաշվիլին՝ ողջունելով վաղը Թբիլիսիում նախատեսված հանրահավաքին ընդդիմության առաջնորդների ներկա լինելու գաղափարը: «Չցրվել մինչև հաղթական ավարտը»,- նաև հորդորել է ընդդիմադիր գործիչը։

«Մենք պետք է խաղաղ լինենք, բայց և բազմամարդ ու մոբիլ։ Ես չգիտեմ, թե իմ հացադուլի որերորդ օրն ենք հասնելու հաղթանակի, սակայն, ի հեճուկս թշնամիների, ես չեմ մահանա և կսպասեմ ժողովրդի կողմից իմ ազատ արձակվելուն», - բանտից փոխանցել է Վրաստանի նախկին առաջնորդը։

Փաստաբանը, պատմելով հոկտեմբերի 1-ից մինչ օրս սննդից հրաժարված քաղաքական գործչի առողջական վիճակի մասին, նշել է՝ նա շատ տկար է և արտառոց ձևով առանց էներգիայի։

Վրաստանը 9 տարի ղեկավարած Սաակաշվիլին ութամյա բացակայությունից հետո հայրենիք վերադառնալուն պես հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է՝ պաշտոնաթողությունից հետո նրա դեմ հարուցված քրեական գործերի և դրանցով կայացված դատավճիռների շրջանակներում։ Նրա դեմ ընդհանուր առմամբ հինգ մեղադրանք է առաջադրված, որոնցից 2-ով արդեն հեռակա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ սպանության համար ազատազրկման դատապարտված ոստիկանության նախկին աշխատակիցներին համաներում շնորհելու, ինչպես նաև նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։

2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության փակման գործերով, ինչպես նաև պետբյուջեի միջոցների վատնման քրեական գործերով դատավճիռներ դեռ չեն կայացվել։ Հինգերորդ մեղադրանքը առաջադրվեց արդեն ձերբակալությունից հետո պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով։

Ինքը Սաակաշվիլին կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ Վրաստանի գործող իշխանությունները իրեն ձերբակալել են անձամբ Պուտինի հրամանով։ «Ես Պուտինի անձնական պատանդն եմ», - Ռուսթավիի մեկուսարանից փոխանցած իր նամակներում գրում է Վրաստանի երրորդ նախագահը, ով հույս ունի ազատության մեջ հայտնվել ժողովրդական ճնշման արդյունքում։

Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաները, որոնց հազարավոր մասնակիցներ իշխանություններից պահանջում են ազատ արձակել հեղափոխական առաջնորդին, դեռևս արդյունք չեն տվել։

«Ոչ և երբեք», նախօրեին հայտարարել է Վրաստանի նախագահը՝ ի պատասխան Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին ընդդիմադիր դաշտից հնչող կոչերին։ Սալոմե Զուրաբիշվիլին պնդել է, որ երկրի երրորդ նախագահը քաղբանտարկյալ չէ և չի համապատասխանում անարդարության զոհի որևէ չափանիշի, հայտարարելով, որ նախկին առաջնորդը կամավոր և գաղտնի ճանապարհով հայրենիքում հայտնված դատապարտյալ է, որի ժամանելն անկայունություն ստեղծելու նպատակ ուներ։

Վրաստանի նախագահի այս հայտարարության ֆոնին Միխեիլ Սաակաշվիլիի հարազատները օգնություն են խնդրում Ուկրաինայի նախագահից։

«Ես Միշա Սաակաշվիլիի մայրն եմ, մենք վհատված վիճակում ենք, իմ որդուն իմ աչքի առաջ սպանում են», - Նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան Վլադիմիր Զելենսկիին հղած տեսաուղերձում խնդրում է միջամտել որդու շուրջ գործընթացներին և հասնել նրա արտահանձնմանը Ուկրաինային, որտեղ մինչև ձերբակալությունը պետական պաշտոն էր զբաղեցնում և որի քաղաքացին է հանդիսանում Միխեիլ Սաակաշվիլին։

XS
SM
MD
LG