Մատչելիության հղումներ

«Ոչ և երբեք»․ Վրաստանի նախագահը՝ նախկին նախագահին ներում շնորհելու մասին


Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հայտարարել է, որ չի օգտվի իր լիազորությունից, ներում չի շնորհի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ու այդ թեման համարել է փակված։

«Քանի որ այդ հարցը շրջանառվում է, ապա ես պետք է ասեմ, որ նախկին նախագահին ներում շնորհելու հարցում իմ դիրքորոշումն ամուր է և անփոփոխ՝ ոչ և երբեք», - երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նա Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարել, ասելով, որ նախկին նախագահը չի համապատասխանում քաղբանտարկյալի կամ անարդարության զոհի որևէ չափանիշի։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլին կամավոր և գաղտնի ճանապարհով Վրաստանում հայտնված դատապարտյալ է, որի ժամանելն անկայունություն ստեղծելու նպատակ ուներ։

Միաժամանակ, հաշվի առնելով հանրային ու քաղաքական մեծ հետաքրքրությունները, Զուրաբիշվիլին ասել է, թե Սաակաշվիլին պետք է համարվի հատուկ բանտարկալ, ինչը քրեակատարողական վարչակազմից ու իշխանություններից հատուկ ուշադրություն է պահանջում, որպեսզի բոլոր միջոցները ձեռնարկվեն, որ նրա առողջության վատթարացումը չօգտագործվի քաղաքական շահարկումների և անկայունության նպատակներով։ «Դա պահանջում է առավելագույն թափանցիկություն և անհապաղ արձագանք նրա վիճակի վատթարացման որևէ նշաններին։ Այսքանով ամեն ինչ ասված է, ես այլևս չեմ վերադառանալու այդ հարցին», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ռուսթավիի մեկուսանում Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել, փաստաբանները հաղորդում են նրա առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն իշխանությունները մերժում են նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու առաջարկները։

Ի նշան բողոքի և հաջակցություն նախկին նախագահի՝ «Դրոա» կուսակցության նախագահ Ելենե Խոշտարիան հացադուլ է հայտարարել խորհրդարանի շենքի մոտ և մտադիր է ակցիան շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլիին չեն տեղափոխի քաղաքացիական հիվանդանոց։ «Իմ հիմնական պահանջը Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն է, որովհետև բոլոր դեպքերում նրա առողջության և անվտանգության ռիսկերը մեծ են, դա նաև օմբուդսմենն է ասում», - լրագրողների հետ զրույցում նշել է Խոշտարիան։

Ընդդիմադիր Ազգային միացյալ շարժումը Վրաստանի տարաբեր քաղաքներում, ինչպես նաև Ռուսթավիի մեկուսարաբի մոտ բողոքի ցույցեր է անցկացնում։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել նախկին նախագահաին, ինչպես նաև չեն ճանաչում ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

Սաակաշվիլին Վրաստան էր վերադարձել ՏԻՄ ընտրությունների նախօրեին՝ հույս ունենալով, որ իր վերադարձը կօգնի ընդդիմությանը հաղթանակի հասնել, բայց իշխող ուժը, պաշտոնական տվյալներով, համոզիչ հաղթանակ է տարել։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, հիշեցնելով, որ իշխանությունը տապալելու դավադրության փաստով հետաքննություն է անցկացնում, կոչ է արել ձեռնպահ մնալ հեղափոխության, իշխանությունը տապալելու կոչերից, որ վերջին շրջանում տարածվում են նաև սոցցանցերով ու մամուլով, և նշել, որ դրանք հանցավոր գործողություններ են, որոնց համար նախատեսվում է մինչև երեք տարվա ազատազրկում։

Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե օրենքով նախատեսված բոլոր միջոցները կիրականացնի՝ պաշտպանելու համար Վրաստանի սահմանադրական կարգը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG