Մատչելիության հղումներ

Շրջափակման մեջ հայտնված գյուղերին սնունդ է հասցվել. Սյունիքի փոխմարզպետ


Ժամը 17:30-ի դրությամբ Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածները բացելու ուղղությամբ եռակողմ բանակցությունները շարունակվում են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:

«Ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ, բանակցությունները դեռ շարունակվում են, բանակցությունների ավարտից հետո արդեն նոր տեղեկություններ կլինեն», - ասաց նա:

Դեռևս դեկտեմբեր ամսին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն Հայաստանի սահմանապահ զորքերը` Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը` Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

«Այդ ճանապարհահատվածի անվտանգությունը նաև վերահսկում են ռուս խաղաղապահները, և պայմանագրի կողմ ենք հենց հանդիսանում իրենք, և այսօր հենց այդ պայմանագրի շրջանակներում են տեղի ունենում բանակցությունները, այսինքն` խախտվել է պայմանագրի ինչ-որ դրույթ, որ խախտել են ադրբեջանցիները, և այսօր դրա համար ռուսական կողմն իրականացնում է, քննարկումներ են գնում», -հավելեց փոխմարզպետը:

Նարեկ Բաբայանը նշեց, որ երեք գյուղերի բնակիչները չնայած, ըստ էության, շրջափակման մեջ են հայտնվել, այդուհանդերձ կան դաշտային ճանապարհներ, և կարելի է այդ գյուղեր մուտք ու ելք ապահովել, անգամ տրանսպորտ է հատկացվել այդ գյուղի բնակիչներին, սակայն ամենակարևորը սննդի ապահովման հարցն է: «Երեկ գիշերվանից զբաղվում ենք իրենց սնունդ հասցնելու հարցով, առավոտյան ունեցել ենք հստակ պայմանավորվածություններ մեքենաների, վարորդների հետ, որոնք առավոտյան անհրաժեշտ պարագաները հասցրել են գյուղական բնակավայրեր: Այս պահին վարչապետի խորհրդական Ղուկասյան Ռոբերտը գտնվում է Շուռնուխում, և ցանկացած հարց, որ առաջանում է, օպերատիվ կապի միջոցով փորձում ենք շատ արագ լուծել», - վստահեցնում է նա:

«Սահմանը պիտի հեռու լինի, ճանապարհը բաց լինի, որ ժողովուրդը կարողանա ապրել»

Արդեն մի քանի օր է` ավտոճանապարհի երկու հատվածներ փակ են, ադրբեջանական զինված ուժերը երկու օր առաջ եկել, ու ինչպես ձևակերպում է Հայաստանի իշխանությունը, զբաղեցրել են վիճարկելի տարածքում դիրքեր: Բազմաթիվ բեռնատարներ են այստեղ կայանել: Այլընտրանքային ճանապարհը դեպի ՀՀ հարավային շրջաններ կամ Իրան տանող, Տաթևող անցնող ճանապարհն է, որն այժմ վերանորոգվում է, սակայն դրա մի զգալի հատվածը գռունտային է: Այնտեղ նույնպես բեռնատարներ են կայանել:

«Սահմանը պիտի հեռու լինի, ճանապարհը բաց լինի, որ ժողովուրդը կարողանա ապրել: Մեքենաները պիտի գնան, շարժվեն, որ ժողովուրդն էլ իրենց հետ շարժման մեջ լինի: Փակ է լինում, ոնց որ շրջափակման մեջ լինես, տենց ա», - ասում է գորիսեցիներից մեկը, մյուսը` հավելում. «Թուրքն ուզում է իր ուզածին հասնել, թե ինչ միջոցներով, ինչքան որ հնարավոր է` մեզ նեղի: Դա ժամանակավոր բան ա, կտեսնի, որ ոչ մի բանով չենք նեղվում, ու խելոք կպահի իրեն: Բացի դրանից, մենք ունենք Տաթևով ճանապարհ, այդտեղով յոլա կգնանք, կապրենք: Կառուցվում է ճանապարհը, մնում է ասֆալտապատելը, ամեն ինչ կլինի: Թուրքը մեզ ոչինչ չի կարող անել»:

«Տաթևի ճանապարհը խոչընդոտները շատ ա, քարքարոտ ա, դժվար անցանելի է», - նշում է փակ ճանապարհով տարիների շարունակ երթևեկած վարորդներից մեկը:

Իրանից եկող վարորդները, սակայն, ասում են` սպասում են` խնդիրը կարգավորվի, մեքենայի մեջ են գիշերում այս օրերին:

Գորիս Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ տեղեր խնդրահարույց են դարձել պատերազմի պատճառով՝ Կուբաթլուն և Զանգելանն Ադրբեջանին հանձնելուց հետո ճանապարհի որոշ հատվածներ մտնում են ադրբեջանական դարձած տարածքներ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG