Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորի համոզմամբ, խաղաղությունն այլընտրանք չունի


Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի կարծիքով՝ խաղաղությունն այլընտրանք չունի։

Վկայակոչելով սահմանային միջադեպերը՝ Բաղդասարյանը երեկ շեշտեց՝ սա է նաև պատճառը, որ ասում են՝ պետք է գնալ խաղաղ գործընթացների, որովհետև այլընտրանքի դեպքում ավելի վատթար իրավիճակ կլինի։

Բաղդասարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Տիկին Բաղդասարյան, եթե փորձենք ընդհանրացնել Կառավարության ծրագիրը, դարձյալ հղում տալով վարչապետի այսօրվա ելույթին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գլխավոր նպատակը թերևս խաղաղության օրակարգի շուրջ հայաստանյան հանրության համախմբումն է։ Հիմա ձեր ընդդիմադիրները, քննադատները ձեզ մեղադրում են, ասում են՝ «ինչպե՞ս եք պատրաստվում խաղաղության գնալ, երբ սահմանին, հատկապես վերջերս, գրեթե ամեն օր, կրակում են, մարդ են սպանում։ Այսօր ադրբեջանական զինված ուժերը փակել են, նախորդ գիշերվանից, Գորիս-Կապան ավտոմայրուղին, իսկ դուք ասում եք՝ «մենք գնում ենք խաղաղության»։

Նազելի Բաղդասարյան․ - Եթե Դուք լինեիք իմ ընդդիմախոսը, ես հակընդդեմ հայցով Ձեզ կդիմեի՝ իսկ ո՞րն է խաղաղության այլընտրանքը։ Այլընտրանք, ցավոք սրտի, մեր ընդդիմախոսներն այս պահին չեն առաջարկում, որը ռևանշիզմն է, այսինքն՝ պատերազմի հրահրումն է։ Ես միշտ ուզեցել եմ այդ այլընտրանքը լսել իրենց կողմից։ Կարծում եմ, որ իրապես խաղաղությունն այլընտրանք չունի, այլ է, թե մենք խաղաղության ինչպես ենք գնում, խաղաղության ինչ գնով ենք գնում և որն է խաղաղության վերջնական նպատակը։ Այստեղ է, որ կարող է մոտեցումները տարբեր լինեն։ Հուսամ՝ ինչ-որ մեկ օր առիթ կունենանք այս թեմայով բանավիճել մեր ընդդիմախոսների հետ, որովհետև ինձ իրապես հետաքրքիր է իրենց մոտեցումը։ Այո՛, մենք ասում ենք, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը շատ կարևոր է տարածաշրջանային կայունացման և զարգացման համար։ Այո՛, ունենք սահմանային միջադեպեր։ Ցավով պետք է արձանագրեմ՝ երբեմն շատ ողբերգական ելքով՝ մահվան ելքով և սա է պատճառը, որ, այո՛, մենք ասում ենք՝ պետք է գնալ խաղաղ գործընթացների, որովհետև այլընտրանքի դեպքում, ցավոք սրտի, կունենանք ավելի վատթար իրավիճակ։

«Ազատություն»․ - Անշուշտ, բայց խաղաղությունն ունի իր գինը և Ադրբեջանն, օրինակ, հնչեցնում է այդ գինը, ասում է՝ ցանկանում է, որպեսզի Հայաստանը ճանաչի սահմանները, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսում, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին է խոսում։ Մենք ուզում ենք հասկանալ՝ Հայաստանի իշխանությունները պատրա՞ստ են վճարել այդ գինը։

Նազելի Բաղդասարյան․ - Երբևէ և որևէ կոնտեքստում հայաստանյան իշխանությունները միջանցք եզրույթը չեն քննարկել և քննարկման առարկա դա չի կարող դառնալ։ Այս ամենը ամրագված է նաև մեր ծրագրում։ Ինչ վերաբերում է սահմանագծման և սահմանազատման գործընթացին, այո՛, մենք ևս կարծում ենք, որ այս գործընթացը պետք է մեկնարկի։ Եվ ինչպես այսօր վարչապետը ներկայացրեց, այն պահից սկսած, երբ որ մենք նույնպես առաջ քաշեցինք այս թեզը, որ պետք է սահմանագծում և սահմանազատում, այսինքն՝ մեկ գործընթաց, որը Վրաստանի հետ 3 տարի առաջ մեկնարկել է և դեռևս ավարտին չի հասցվել, պետք է նույնը անել հարևան երկրների հետ, այ էդ փուլից սկսած Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը իր թեզերը հետ քաշեց։ Այսինքն՝ աում ենք՝ «այո՛, մենք պատրաստ ենք այս գործընթացին, ի՞նչ եք առաջարկում դուք»։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանը, ապա ես կարծում եմ, որ սա բխում է նաև Հայաստանի շահերից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG