Այս պահին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները փակ են, վաղ առավոտյան «Ազատության»-ը փոխանցեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ բանակցություններն այսօր կշարունակվեն: Երեկ դրանք տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով:
«Այս պահին ճանապարհը շարունակում է փակ մնալ, երեկ գիշեր պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այսօր առավոտյան։ Այս պահին բանակցությունները դեռ չեն մեկնարկել։ Թող օրը մի քիչ բացվի հասկանանք էլի», - ասաց Բաբայանը։
Կապան-Գորիս ճանապարհի խնդրահարույց հատվածի բացման շուրջ բանակցություններն երեկ ավարտվել են անարդյունք:
Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները: