Ադրբեջանի զինուժը երկու օր է՝ փակ է պահում Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածները, իսկ իշխանությունը հույսը դեռ չի կորցնում, որ իրավիճակը օր առաջ կկարգավորվի։ Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում՝ նման միջադեպեր էլի կարող են լինել։
«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք», - ասաց կառավարության ղեկավարը:
Ադրբեջանական կողմի գործողությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռքբերված պայմանավորվածությանը, որով ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը նախորդ տարեվերջից ռուս սահմանապահներն են ապահովում։ Փաշինյանն ասաց՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակը հայկական կողմի համար անկանխատեսելի չէր։ Վարչապետը ճանապարհի այդ հատվածները հենց ադրբեջանական անվանումներով կոչեց։
«Մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել, սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալը», - նշեց Փաշինյանը;
Շուռնուխից դեպի Կապան հատվածն ադրբեջանցիները չորեքշաբթի գիշերվանից են փակ պահում, դրա հետևանքով հայկական մեքենաները շրջափակման մեջ էին հայտնվել, սակայն ավելի ուշ ռուսների միջնորդությամբ դրանք դուրս էին բերվել։ Երեկ առավոտից էլ ադրբեջանցիները փակեցին Գորիսից դեպի Քարահունջ ու Որոտան հատվածը։
Հիմա Գորիս-Կապան ճանապարհի փակ լինելու պատճառով Իրանից եկող բեռնատարներն են խնդրի առաջ կանգնել, Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհն է որպես այլընտրանք օգտագործվում, որը դեռ համար չէ բեռափոխադրումների համար։ Վարչապետն ավելի վաղ կառավարության նիստին վստահեցրել էր՝ ճանապարհի այդ հատվածի հիմնանորոգումը մինչև տարեվերջ կավարտվի։
«Էդ խնդիրն այս պահին լուծվում է շրջանցող ճանապարհի միջոցով, իհարկե, էդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների անցման համար, բայց միևնույն է այդ ճանապարհն այսօր աշխատում է, և այդ ճանապարհով բեռները անցնում են», - ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Գորիս-Կապան ավտոճանապարհին ինչո՞ւ հայտնվեցին ադրբեջանցի զինծառայողները, ադրբեջանական կողմը պնդում է՝ թե այդ ճանապարհի մերձակայքում երկու հայ զինծառայողներ հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել: Երեկ նախ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հետո էլ վարչապետը հերքեց ադրբեջանական կողմի պնդումը: Կառավարության նիստում Փաշինյանի այսօրվա ձևակերպումը հաստատուն չէր։ Հայտարարեց՝ հայկական կողմը պատրաստ է համատեղ հետաքննության։
«Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ, նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի, պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ», - ընդգծեց Փաշինյանը:
Ճանապարհը վերաբացելու համար սահմանապահ զորքերն ու ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ, սա ըստ ԱԱԾ-ի, դրանց արդյունքների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։
44-օրյա պատերազմի պատճառով Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ Պաշտպանության նախարարության, վիճարկելի են, հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ տեղակայվեցին։
Ադրբեջանական կողմի գործողություններին ընդդիմության արձագանքն ավելի կոշտ է։ Խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Ադրբեջանի զինուժող գործողությունները շանտաժ է որակում ու դրանում նաև իշխանություններին մեղադրում։
«Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, շանտաժի լեզվով խոսելը, սպառնալիքներով խոսելը, առավել ևս որ տեսնում է դիմացը կանգնած է մի իշխանություն, Հայաստանի իշխանությունը ի նկատի ունեմ, որ ամեն ինչին համակերպվում է, համակերպվում է ուղղակի զանգվածաբար», - ասաց Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորի մոտ նաև հարցեր է առաջացել կառավարության նիստում վարչապետի հայտարարությունը. «Էրդողանն ի՞նչ է ասել, Էրդողանն ասել է՝ Ղարաբաղի օկուպցիայի ավարտից հետո դրական և այլն, հիմա Նիկոլ Փշինյանը դրական է համարո՞ւմ, որ Էրդողանը պայման է դնում, այսպես կոչեմ, Արցախի օկուպացիայի ավարտը և համարո՞ւմ է Էրդողանի պահվածքը դրական»:
Օրերս Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ Հավելելով` ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել: