Մատչելիության հղումներ

Բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված հատվածները վերաբացելու վերաբերյալ․ԱԱԾ


Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ, տեղեկացնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Ըստ ԱԱԾ-ի՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունենցել:

«Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ: Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են», - ասված է հաղորդագրությունում:

Երեկ կեսգիշերն անց հայտնի դարձավ, որ զինված ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ Ազգային ժողովում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, պարզաբանեց՝ ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ պատճառաբանությամբ, թե «նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել․ հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին»։

Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց՝ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում՝ շեշտելով՝ ճանապարհների փակումը հակասում է Պաշտպանության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև։

Դանակահարության մասին տեղեկությունը հերքել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

XS
SM
MD
LG