Հետընտրական բախումներից խուսափելու համար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորել:
«Մինչև ընտրությունները վիճակը այնքան է սրվելու` նախընտրական իշխանության պայքարի, որ գրեթե մենք կարող ենք ակնհայտ ասել, որ քաղաքացիական պատերազմի շեմին ենք լինելու: Մենք առաջարկում ենք, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց ձայները կոնսոլիդացնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա, օրինակ պատկերացրեք՝ այդ 40-45 տոկոսը քվեարկում է «Լուսավոր Հայաստանի» օգտին, և մենք էս անհաշտ կողմերին պարտադրում ենք ներքաղաքական խաղաղություն։ Մենք նրանց պարտադրելու ենք ներքաղաքական խաղաղություն, ինչո՞ւ, որովհետև եթե թողնենք, որ իրանք իրար հետ լեզու գտնեն, իրար հետ լեզու չեն գտնելու, ոչ մի ռեսուրս չեն խնայելու իրար ոչնչացնելու համար, արդյունքում ոչնչացնելու են մեզ բոլորիս», - հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Վաղը պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, արտահերթին 26 ուժ է մասնակցում: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց՝ իրենք առաջարկում են չարտագաղթելու ծրագիր:
«Մարդիկ սպասում են հունիսի 21-ին, եթե կողմերից, օրինակ, գործող իշխանությունը վերընտրվում է, մի քանի հարյուր հազար մարդ իր ճամպրուկները հավաքելու է ու գնա, նախկին իշխանությունն է հանկարծ ընտրվում, էլի մի քանի հարյուր հազար մարդ իր ճամպրուկները հավաքում է, գնում է: Ի՞նչ է առաջարկում «Լուսավոր Հայաստանը», չգնալ Հայաստանից, մնալ Հայաստանում և հետևաբար այս երկրի ուժերին պարտադրել ներքաղաքական հաշտություն, դա հնարավոր է անել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը քվեարկելու միջոցով: Հիմա, որ մեզ հարցնում են՝ բա ձեր ծրագիրը ո՞րն է, ծրագրերը գրված են, բայց երբ որ այդ ծրագրերը մենք գրում էինք, չէինք պատկերացնում, որ այս աստիճան է բևեռացվելու, այս աստիճան են տեքստերը սրվելու, մի կողմը գոռում է, որ սրանից հետո այդ լակոտ-լուկուտները մի բան կասեն, ես էլ ձեր հետ, ժողովուրդ, կպատժենք դրանց, հստակ քաղաքացիական պատերազմի կոչ է, էն մյուս կողմն ասում է՝ բանավեճի չեմ գա, դուելի կգամ ցանկացած զենքով, էն մյուսն ասում է՝ չգիտեմ, ցիրկի բան է, չեմ ուզում մտնեմ էդ դաշտ: Մենք ասում ենք՝ մեզ լիազորեք երկու հակամարտող, իրար ոչնչացնելու մոլուցքով տառապող ուժերին բերենք հաշտության: Դրա արդյունքը լինում է ազգային համաձայնության կառավարությունը, որտեղ բոլոր խորհրդարանական ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան, կունենան դերակատարում, դրան գումարած բոլոր արտախորհրդարանական ուժերը, որոնք էլեկտորատ ունեն, էլի կունենան դերակատարում: Հայաստանի Հանրապետությանը մոտավորապես 3-5 տարի պետք են ազգային համաձայնության կառավարություններ», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը:
9-րդ համարի ներքո ներկայացող «Լուսավորը» քարոզարշավը 2 թիմով է անցկացնելու՝ թե՛ Երևանի բոլոր վարչական շրջաններում, թե՛ բոլոր մարզերում։
«Շրջելու ենք, տնետուն ենք անելու, մարդկանց իրազեկելու ենք, հեռուստատեսություններով փորձելու ենք խոսել, եթե իհարկե, ունենաք հնարավորություն, եթեր կտան: Այսինքն ամեն ձևով փորձելու ենք ասել, հիմա մեր հիմնական գործը հենց դա է», - նշեց ԼՀԿ ղեկավարը: