Մատչելիության հղումներ

Իշխող քաղաքական ուժի վարկանիշը վերջին ամիսներին նվազել է, փաստում է հարցումը


ՀՀ Ազգային ժողովի շենքը
ՀՀ Ազգային ժողովի շենքը

Շուրջ 1500 քաղաքացու շրջանում ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ն անցկացված հարցումների համաձայն՝ իշխող քաղաքական ուժի վարկանիշը վերջին ամիսների ընթացքում նվազել է։ Նախորդ՝ ընդամենը երկու ամիս առաջ անցկացված հարցման արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն ավելի բարձր վարկանիշ ուներ։ Այդ ժամանակ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման մասնակիցների 33 տոկոսը նշել էր, որ եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն, ապա իրենց քվեն կտան իշխող «Իմ քայլը» խմբակցությանը։ Այս հարցման արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկի 26 տոկոսը։

Մինչդեռ վարչապետի պաշտոնակատարն Նիկոլ Փաշինյանն այսօր աջակիցների հետ հանդիպմանը հույս է հայտնել, թե իշխող ուժը կստանա ընտրողների քվեի 60 տոկոսը. «Եթե մենք ուզում ենք, որ ընտրություններից հետո կայունությունը վերականգնվի ժողովրդի հաղթանակով, մենք խնդրում ենք, ակնկալում ենք, կոչ ենք անում և հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը: Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք այդ խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք, որովհետև մեզ պետք չի այլ սցենարներ, մեզ պետք է, որ ընտրությունները տեղի ունենան, և մենք լիարժեք վերադառնանք մեր անվտանգային, տնտեսական, կրթական, սոցիալական հարցերի լուծմանը»:

Հարցումը անցկացվել է նախքան սահմանային վերջին լարվածությունը։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հասկանալի և օբյեկտիվ է համարում Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման այս արդյունքները՝ նկատի ունենալով հետպատերազմական իրավիճակը։ Գրիգորյանը վկայակոչում է իր ղեկավարած Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունները, որոնք հաստատում են այս արդյունքները։

Գրիգորյանը, սակայն, կարծում է՝ որոշ դրական փոփոխություններից հետո, օրինակ` գերիների վերադարձից հետո, իշխանությունների վարկանիշը կարող է մեծանալ. «Շատ փոփոխական է իրավիճակը, ցանկացած հաջողություն կառավարության կարող է ուժեղացնել, բարձրացնել ռեյտինգը, ցանկացած անհաջողություն` ավելի իջեցնել: Մենք պետք է թվերը վերցնենք որպես փաստ, որը բավական օբյեկտիվ է, բայց մյուս կողմից` շատ արագ ամեն ինչ փոխվում է, ինչը մենք տեսնում ենք չէ՞: Մեր հասարակության մեջ էլ հիմա անուններ են ասվում գլխավոր ընդդիմադիրների Նիկոլ Փաշինյանի, մարդկանց, ում մեկ տարի առաջ կամ կես տարի առաջ ընդհանրապես անիմաստ էր քննարկել, բայց այսօր մենք տեսնում ենք` իրենք ինչ-որ տեղեր են զբաղեցնում ընդդիմադիր դաշտում»:

Չնայած իշխող ուժի վարկանիշի անկմանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցվողների դրական գնահատականներն են ստացել՝ Փաշինյանը 45 տոկոս, իսկ Միրզոյանը՝ 40 տոկոս: Հարց էր հնչել, թե նշվածներից, որոնց շարքում են տարբեր քաղաքական գործիչներ՝ նախագահ Արմեն Սարգսյանը, նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր գործիչներ Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արթուր Վանեցյանը, ով է համարվում որպես ավելի համակրելի գործիչ։ Ըստ արդյունքների` Փաշինյանից և Միրզոյանից հետո փոխվարչապետ Ավինյանն է, ապա նախագահ Արմեն Սարգսյանը, Ալեն Սիմոնյանը, Գագիկ Ծառուկյանը և այլք։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրական կերպար է ընկալվում հարցվողների 20 տոկոսի, Սերժ Սարգսյանը՝ 10 տոկոսի մոտ։ Ամենացածր գնահատականը ստացել է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մոտ 7 տոկոս։

Համաձայն հարցման` հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 72 տոկոսը անպայման կամ ամենայն հավանականությամբ մասնակցելու է ընտրություններին:

Հարցվողների մեծ մասը՝ 55 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր ձայնը որ քաղաքական ուժին կտա։ Իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկի հարցվողների 26 տոկոսը։ Մյուս ուժերի օգտին կքվեարկի հարցվողների 1 տոկոսը։

Պատկերը լրիվ այլ է հաջորդ հարցի դեպքում։ Որ քաղաքական ուժի օգտին հունիսի 20-ին չե՞ք քվեարկի հարցին՝ հարցվողների մեծ մասը՝ 29 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 26 տոկոսը նշել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» և մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չի քվեարկի հարցման մասնակիցների 18 տոկոսը։ Հայ հեղափոխական դաշնակցությանը չի քվեարկի հարցվողների 12 տոկոսը, Արամ Սարգսյանի «Հանրապետությանը»՝ 8 տոկոսը, ընդդիմադիր գործիչ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանին»՝ 7 տոկոսը, Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիքին»՝ 3 տոկոսը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած քաղաքական ուժի օգտին չի քվեարկի հարցման մասնակիցների 1 տոկոսը։

Քաղաքագետ Գրիգորյանը այս տվյալները ևս համարում է օբյեկտիվ իրականության արտացոլում և ընդգծում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների ձևավորած ընդդիմության կողքին կան նաև այլ ընդդիմադիրներ, որոնց հանրությունն այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում. «Ընդդիմադիրը երբ որ մենք ասում ենք, առաջին հերթին մարդիկ նկատի ունեն նախկին իշխանություններին` Ռոբերտ Քոչարյանին` իր շուրջ հավաքված ուժերին, և Սերժ Սարգսյանին` իր շուրջ հավաքված ուժերին: Քանի որ իրենց նկատմամբ բավական ուժեղ է քննադատությունն այսօր էլ, պարզ է` իրենց վարկանիշը շատ բարձր չի, ու ամենակարևորը դեմ եղածների թիվը բավական մեծ է»:

Հարցվողների մեծ մասը՝ 48 տոկոսը կարծում է, որ ժողովրդավարությունը լավագույն կառավարման ձևն է Հայաստանի համար։ 40 տոկոսը կարծում է, որ Հայաստանի դատական համակարգը կախված է նախկին իշխանություններից, իսկ 39 տոկոսը հակառակը` համոզված է, որ դատական համակարգը կախում ունի գործող իշխանություններից։

Ըստ հարցումների` 43 տոկոսի կարծիքով՝ Հայաստանն առաջ է գնում ճիշտ ուղղությամբ, այս տեսակետը չի կիսում հարցվողների 20 տոկոսը, միևնույն ժամանակ Հայաստանի առջև ծառացած խնդիրները հարցման մասնակիցները համարում են քաղաքական անկայունությունը, ռազմագերիների վերադարձը և գործազրկությունը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա ըստ հարցման արդյունքների՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ստանալ COVID-19-ի պատվաստանյութ: Հայաստանցիների 71 տոկոսը նշում է, որ պատվաստանյութը չի ընդունի, նույնիսկ եթե այն հեշտությամբ հասանելի լինի:

XS
SM
MD
LG