Մատչելիության հղումներ

Մենք չենք գալիս 7 կամ 10 տոկոս հավաքելու, գալիս ենք իշխանություն վերցնելու. Արսեն Բաբայան


«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը համաձայն չէ, որ իրենց դաշինքը մեդիադաշտում ակտիվ չէ: Նշում է` իրենք ընտրություններին մասնակցում են իշխանության գալու համար: Կոալիցիոն հուշագիր բացառում է, որ կստորագրեն գործող իշխանությունների հետ, եթե դրա անհրաժեշտությունն անգամ լինի:

«Հայրենիք» կուսակցության ղեկավարը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է, կուսակցությունը ընտրություններին մասնակցում է ՀՀԿ-ի հետ` «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրը Արսեն Բաբայանն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Համաձայն չէ, որ «Պատիվ ունեմը» մեդիադաշտում ակտիվ չէ

Արսեն Բաբայանը համաձայն չէ, որ իրենք չկան մեդիադաշտում. «Մենք շատ կանք մեդիադաշտում և շարունակելու ենք լինել», - ասում է նա` ի պատասխան օգտատերերի դիտարկմանը, թե մեդիադաշտում պասիվ է «Պատիվ ունեմ» դաշինքը, որ դաշտը կիսվել է Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև:

Հարցին, թե եթե իրենք այս պահին գային իշխանության, ապա իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում կտային, նա պատասխանեց. «Ես խուսափում եմ միանշանակ պատասխաններ տալ այս հարցերին, որովհետև առնվազն տեղեկատվության պակասություն կա բոլոր քաղաքական ուժերում, որովհետև մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն անդադար գաղտնի փաստաթղթեր է ստորագրում: Պետք է իմանանք` առնվազն էլ ինչ են արել այս իշխանությունները գաղտնի, որոնք հայանպաստ չեն և պետք է կասեցվեն:

Բայց ակնհայտ է, որ հիմնական ուղղությունները առնվազն որ պարտված իշխանություն լինելու դեպքում հավասարը հավասարի հետ բանակցությունները մեր գործընկեր պետությունների հետ, թշնամի պետության հետ քննարկումները փոխելու են իրավիճակը, ակնհայտ է դա»:

«Անձերը շատ կարևոր են, բայց դա քաղաքական միավորումների ստեղծած դաշինք է»

Արսեն Բաբայանն ասում է` լուրջ չի վերաբերվում հարցումներին, որովհետև դրանց արդյունքները, ինչպես նաև հասարակական կարծիքը շատ արագ են փոփոխվում: Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքները փաստում են, որ Արթուր Վանեցյանն ու ՀՀԿ-ն առաջնային տեղում չեն, իսկ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն էլ պնդում է, որ մարդիկ չեն ցանկանում ընտրել նախկին իշխանություններից ոչ մեկին` ոչ Սերժ Սարգսյանի ուժին, ոչ Ռոբերտ Քոչարյանի:

«Սերժ Սարգսյանն իշխանության գալու հայտ չի էլ ներկայացրել: Դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ-ի միջև: Անձերը շատ կարևոր են, բայց դա քաղաքական միավորումների ստեղծած դաշինք է», - ասաց Բաբայանը:

Ինչո՞ւ չկա դաշինքի տասնյակում

Հարցին, թե ինչու չկա «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին տասնյակում, Արսեն Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ տարբերություն` տասնյակում կամ, թե չկամ: Մենք չենք գալիս 7 կամ 10 տոկոս հավաքելու, որ ես էլ մտածեմ` տասնյակում կամ, չկամ, որ կլինեմ պատգամավոր, թե չէ: Մենք գալիս ենք իշխանություն վերցնելու, հետևաբար նշանակություն չունի, թե ես որ տասնյակում կլինեմ»:

«Այս դաշինքը երկկողմանի շահավետ, համաձայնեցված դաշինք էր»

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե ինչու ՀՀԿ-ի հետ որոշվեց դաշինք կազմել, ի պատասխան` բանախոսն ասում է. «Այս դաշինքը երկկողմանի շահավետ, համաձայնեցված դաշինք էր: Մեր երկրի առջև իրավիճակը, որ ստեղծել են այս իշխանությունները, մենակով լուծելու հարց չէ, և ինչո՞ւ դաշինք, որովհետև այլընտրանք չկա, դաշինքով հնարավորություններն, ուժերը ատ ավելի մեծ են, և հենց դաշինքով է, որ գալու ենք հաջողության»:

Գործող իշխանության հետ կոալիցիան բացառված է

Եթե ընտրությունների արդյունքում կոալիցիոն կառավարության հարց առաջանա, որ ուժերի հետ կկնքեն հուշագիր, հարցնում են օգտատերերը:

«Մենք արդեն հայտարարել ենք, որ գործող իշխանության պարագլխի հետ չենք կնքի հուշագիր, չենք կազմի կոալիցիա», - ասաց նա` հավելելով, որ մյուս ուժերի հետ համագործակցության քննարկումների մասին կխոսեն արդյունքների հայտնի դառնալուց հետո:

Արցախի և բանակի մասին

Արցախի ինքնորոշման ու տարածքների հարցը պետք է լուծվի լուրջ դիվանագիտական աշխատանքի արդյունքում, կազմում է «Հայրենիքի» ներկայացուցիչը. «Բանակի վերակառուցումը լավ տնտեսության ճանապարհով եմ պատկերացնում, լավ տնտեսություն` լավ բանակ, հարստանալու ենք, որպեսզի ունենանք լավ բանակ»:

Հարցին, թե համաձա՞յն է, որ նախորդ բոլոր ղեկավարները բոլոր ներդրումներն արել են լավ, հարուստ բանակ ունենալու համար, Արսեն Բաբայանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այո, առնվազն մինչև այս վերջին պատերազմը մենք բոլորս լսել ենք, տեսել ենք բանակը կոնկրետ մարտական գործողություններում, բանակի գրանցած հաջողությունները, և միայն հիմա է, որ մենք տեսնում ենք` մեր բանակն ինչ վիճակի են հասցրել, և ինչն էլ բերեց մեր այս դառը հետևանքներին: Ես կարծում եմ, որ այո, բոլոր նախկին իշխանությունները բանակի կառուցման գործում քարի քարի վրա են դրել, որպեսզի ունենանք լավագույն բանակներից մեկը»:

Փաշինյանի հայտարարություններին, թե 30 տարիների ընթացքում բանակն ինքնին եկել, հասել է այս իրավիճակին, և իր կառավարման օրոք վերազինվել է` որքան հնարավոր է, Բաբայանը հակադարձում է. «Սա սուտ է, որը հերքվել է հենց իրենց կողմից»: Հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի մասին էլ խոսելով ասում էին, որ դիզվառելիք չի եղել և այլն, սակայն հենց այս իշխանության ներկայացուցիչներն են դա հերքել: Բացի այդ, Արսեն Բաբայանը հիշեցրեց, որ լավ բանակ ունենալու մասին նախքան պատերազմը և նույնիսկ պատերազմի ընթացքում էլ խոսում էր հենց Փաշինյանը. «Իսկ եթե դու իսկապես գիտեիր, որ բանակը 30 տարի թալանել են, իսկ դու 2 տարի առնվազն վարչապետի պաշտոնն էիր զբաղեցնում և ի պաշտոնե պետք է իմանայիր, ապա ինչո՞ւ էիր թշնամու ջրաղացին ջուր լցնում` խաբելով, թե մենք ամենալավ բանակն ենք, տանում էիր այդ մարդկանց սպանելու»:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG