Ի՞նչ են արել հեղափոխությունից հետո մինչն օրս և ի՞նչ են պատրաստվում անել սրանից հետո։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը այս երկու բաժիններից է կազմված լինելու։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրի մասին խոսել է այսօր կայացած կուսակցության դրամահավաքի ժամանակ։ Ծագրում կարևոր տեղ է հատկացվելու արտաքին անվտանգության հարցերին, որի համար մի քանի գործիք է կիրառվելու՝ դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը և ԶՈւ բարեփոխումները։
Որպես անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը։ Պետք է ամեն ինչ անել, որ կողմերը իրենց ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնեն, ընդգծեց նա. «Հայաստանի Հանրապետությունը մինչ այս պահը իրականացրել է իր ստանձնած պարտավորությունները և կառուցողական աշխատում է այդ ուղղությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բացի այն, ինչ տեղի է ունեցել և մեզ դառնություն է պատճառել, կա նաև մտահոգությունների տեղիք տվող մի կետ, խոսքը տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին է: Ես ուզում եմ` մենք ի վերջո արձանագրենք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու, եթե ուզում եք իմանաք` ի՞նչ է նշանակում նոյեմբերի 9-ի հայտարարության տարածաշրջանային կոմունիկացիների բացմանը վերաբերող դրույթը, կարդացեք հունվարի 11-ին Մոսկվայի եռակողմ հայտարարությունը»։
Արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից երկու օր առաջ՝ այսօր, քննարկում էին նախաձեռնել նաև մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր։ Քննարկմանը մասնակից 13 ուժերի ներկայացուցիչները համակարծիք էին, որ պետք է վերջ տալ չարության ու ատելության մթնոլորտին և ընտրություններն անցկացնել համազգային համերաշխության մթնոլորտում։
15 օրը քիչ է հանրային գիտակցությունը փոփոխելու համար, բայց հնարավոր է քարոզարշավ իրականացնել առանց լրացուցիչ թշնամանքի և ատելության ազդակներ հաղորդելու, ասաց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը, միաժամանակ ընդգծելով Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հետ համագործակցությունը բացառելու կարևորությունը. «Նրանք, ովքեր անկեղծ են իրենց ձգտումների մեջ այս ազգակործան իշխանությունների վերարտադրման հարցում, հրապարակայնորեն բացառեն նրա հետ գործակցության բոլոր հնարավոր միջոցները: Դուք ունեք այդ հնարավորությունը, որոշ քաղաքական ուժեր այդ մասին հայտարարել են»։
Արդյո՞ք մեր նպատակը իշխանությունների վերարտադրությունը կանխելն է, գուցե լեգիտիմ իշխանության ձևավորումն է, այսպիսի հարցադրում արեց «Ազատ հայրենիք» դաշինքի անդամ Միքայել Հայրապետյանը. «Յուրաքանչյուրս յուրովի սահմանում ենք չէ՞, թե որն է ազգայինը, որը` ապազգայինը։ Ինչո՞վ որոշեցինք, որ ապազգային են հենց սրանք, գուցե ապազգային էր այն, որ երկրի ամբողջ ընդերքը վաճառվեց, երբ որ հայոց լեզուն հանվեց աճուրդի, մեր հոգու կառկասը, ինչպես իրենց սիրելի Պուտինն է ասում»։
Նախորդ և ներկա քաղաքական իշխանությունների, վարչակարգերի միջև ձևավորված ատելությունը չի տալիս հույսեր, որ մենք կհաղթահարենք այն ճգնաժամը, որը առկա է, նկատում է «Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը. «Վերջին ամիսների ընթացքում և հատկապես արցախյան աղետից հետո ձևավորված իրավիճակը գոնե ինձ` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բերել է այն համոզման, որ մենք գտնվում ենք, դժբախտաբար, քաղաքակրթական, գոյաբանական ճգնաժամի առաջ, և այն հաղթահարելու համար անհրաժեշտ է մեկտեղել, համատեղել բոլորիս ուժերը»։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արամ Սարգսյանն էլ ընդգծեց՝ պետության պահպանման ու գոյության համար պատասխանատու են բոլոր ուժերը. «Հասկանում ենք, որ մենք նույնպես պատասխանատու ենք այն իրավիճակի համար, որ այսօր Հայաստանում ձևավորվել է, և այն բոլոր վտանգները, որ կախված են պետության գլխին, դա չի կարող արդարացնել մեզ, և ասել, որ կա իշխանություն, թող նա էլ ան, իսկ եթե ընտրություններին մենք չկարողանանք նրանց վերարտադրությունը կանխել, ուրեմն դրանով էլի նորից մենք չենք մեղավոր»։
Քաղաքական ուժերը արձանագրեցին՝ առողջ բանակցությունների պակաս կա։ Նույն կարծիքին է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Կարեն Սիմոնյանը. «Կարող են լինել տարաձայնություններ, բանավեճեր, բայց բոլորի համար պարզ է, որ բանավեճերը պետք է գնան մեթոդի և ձևի մասին, ոչ թե հենց կոնկրետ նպատակի: Բոլորի նպատակը, իմ կարծիքով, ուժեղ, կայացած պետություն ունենալն է, որը կկարողանա դիմագրավել այն մարտահրավերներին, որ այսօր տարածաշրջանում առկա է, և այդ մարտահրավերները գնալով ավելի են մեծանում»։
Զերծ մնալ բաժանարար գծերը խորացնելու գայթակղությունից և գնալ համերաշխության կառավարություն ձևավորելու ճանապարհով. ըստ Կարեն Սիմոնյանի, սա է պետության ապագայի գրավականը։