Մատչելիության հղումներ

Վանաձորի համայնքապետ Ասլանյանը հերքում է, թե երեկ եղել է «Հայաստան» դաշինքի գրասենյակում


Մամիկոն Ասլանյան, արխիվ։
Մամիկոն Ասլանյան, արխիվ։

Վանաձորի հանրապետական համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հերքում է, որ երեկ կեսգիշերին եղել է «Հայաստան» դաշինքի քաղաքի գրասենյակներից մեկում՝ ձեռքին ինչ-որ թղթեր։

Այս մասին տեղեկություն էր տարածել Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում կեսգիշերին արված լուսանկար էր տեղադրել ու գրել, թե իրենց դիտորդներն արձանագրել են, թե ինչպես են Վանաձորի համայնքապետը, աշխատակազմի ղեկավարը և համայնքապետարանի այլ աշխատակիցներ ինչ-որ թղթերով մտել Հայաստան Դաշինքի գրասենյակ։

Իրավապաշտպանն ասում է, թե հնարավոր չէր Ասլանյանին շփոթել, համայնքապետը հակադարձում է՝ եղել է տարածքում, բայց ոչ քաղաքական հարցերով․ - «Թե կարողանաք էդ նկարի մեջ ինձ գտնեք, ես պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրեմ․․․ Շտաբի հետ որևէ քաղաքական կապ բացարձակ չունեմ, ո՞նց ասեմ, որ հասկանաք։ Ով գրել ա, անհեթեթություն ա բացարձակ ու սադրանք կոնկրետ իմ նկատմամբ»։

Մամիկոն Ասլանյանը այսօր էլ Հանրապետական կուսակցության քաղաքային խորհրդի նախագահն է։ Նրա անվամբ ցուցանակ դեռ այսօր էլ կար կուսակցության մարզային գրասենյակում, բայց համայնքապետը պնդում է, որ որոշել է չեզոքություն պահպանել այս ընտրություններին և իր որոշումը հարգել են կուսակցությունում․ - «Որևէ պրոցեսի քարոզչական, քաղաքական չեմ մասնակցում։ Դա իմ իրավունքն ա՝ իմ կարծիքը բարձրաձայնել թե ոչ։ Հետևաբար լոյալություն եմ պահում։ Իսկ իմ անձնական կարծիքը իմ մեջ կմնա, ընտրությունների օրը կգնամ ընտրություն կանեմ»։

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ քաղաքապետարանի առանցքային պաշտոնատար անձինք հիմա քաղաքականության մեջ են, քաղաքապետը արձագանքեց․ - «Քաղաքապետարանի պաշտոնատար անձը որ քաղաքական այլ թիմում ա, ուրեմն դրանից եզրակացնում եք, որ քաղաքապետն էլ պիտի մի որևէ թիմում լինի՞։ Դեմոկրատիա ա, ամենքը իրա քաղաքական հայացքներին համապատասխան մասնակցում կամ չի մասնակցում որևէ պրոցեսի։ Ես չեմ մասնակցում, ես լոյալություն եմ պահում»։

Վերջին երեք տարիներին Մամիկոն Ասլանյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո ընդդիմություն դարձած քաղաքական ուժերի հրապարակային միջոցառումներին երբևէ չի երևացել։ Օրերս Վանաձոր այցելած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ևս նա բացակայում էր։ Այդ հանդիպմանը ներկա է եղել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը։

Մինչդեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական գործունեությանն ակտիվ մասնակցում են Վանաձորի համայնքապետի ենթակաները։ Անգամ դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկվել են համայնքապետարանի առանցքային պաշտոնյաներ։

Աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը դաշինքի 112-րդ համարն է, Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանի անունը 77-րդ համարի տակ է։ Երկուսն էլ, ըստ ընտրական ցուցակի, անկուսակցական են։

«Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Վանաձորի համայնքապետարանի երկու պաշտոնյաներն էլ այսօր համայնքապետարանում էին։ Աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանն «Ազատության» ասաց՝ արձակուրդում է, նաև հերքեց, թե երեկ կեսգիշերին համայնքապետն իր հետ եղել է Քոչարյանի նախընտրական շտաբում։

«Հայաստան» դաշինքի ակնհայտ քարոզչություն են անում նաև համայնքապետարանի այլ աշխատակիցներ։ Օրերս Հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Էդիկ Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի լուսանկարները, որոնք գլխավորելու են Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզչությունը։ Համայնքապետարանի պաշտոնյան համոզմունք էր արտահայտել, որ դաշինքը Վանաձորում հաղթելու է՝ շեշտելով, թե «Դարբինյան-Քոչինյան տանդեմը, իր կազմակերպչական հմտություններով և անձնական հեղինակությամբ, դեռ երբեք համապետական ընտրություններում պարտություն չեն կրել»։

Այսօր նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը Քոչարյանի գլխավորած դաշինքի Վանաձորի կենտրոնական գրասենյակում էր։ Հրաժարվեց մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը հարցազրույց տալ, բայց հաստատեց, որ շարունակում է անդամակցել Հանրապետական կուսակցությանը, չնայած կգլխավորի Քոչարյանի քարոզչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG