Մատչելիության հղումներ

Գերեվարվածների վերադարձի համար ամենօրյա աշխատանք է արվում, վստահեցնում է ԱԱԾ տնօրենի տեղակալը


Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված վեց զինծառայողների և ավելի վաղ՝ պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո գերեվարված անձանց հայրենիք վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացվում։ Խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։

Պաշտոնյան, սակայն, չմանրամասնեց, թե այդ աշխատանքներում ովքեր են ներգրավված, և ինչ արդյունք կա։ Վեց զինծառայողի գերեվարումից գրեթե մեկ շաբաթ է անցել. «Աշխատանքներ են կատարվում, որ վերադարձնեն, ամենօրյա, շուրջօրյա աշխատանք է կատարվում»:

Դիտարկմանը, որ Պաշտպանության նախարարությունը մեկ ժամ էր տվել 6 գերեվարվածներին վերադարձնելու համար, Արամ Հակոբյանը պատասխանեց. «Տվել էր, բայց կատարվե՞լ է»:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն ասում է՝ գերիներին բանակցությունների միջոցով են վերադարձնելու, ոչ թե ուժի։ Հայկական կողմը վեց զինծառայողի գերեվարումից հետո հայտարարել էր, թե պատրաստ է դիմել հակագործողությունների։ Դիտարկմանը, որ հայ-ադրբեջանական բանակցությունները դադարել են մայիսի 19-ին, Հակոբյանն արձագանքեց. «Եթե գործնականում դադարեցվել է, բայց կապով իրար հետ կապնված աշխատում են»:

Բանակցությունները մենարկել էին Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումից հետո և մայիսի 19-ին այդպես էլ չէին վերսկսվել, ըստ հայկական կողմի՝ ադրբեջանական կողմի չներկայանալու պատճառով։ ԱԱԾ տնօրենի տեղակալի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի, Սյունիքի սահմանային հատվածում իրավիճակը նույնն է. «Բանակցություններ են գնում, որպեսզի նրանք հետ քաշվեն, այդ ընթացքում կորոշվի, թե ինչ կլինի սահմանային իրավիճակը»:

Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների Մոսկվայում ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները «դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG