Կանադան անհանգստացած է Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարմամբ և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվող լարվածությամբ:
«Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցություններով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության Թվիթերյան գրառման մեջ:
Ադրբեջանական զորքը ավելի քան կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Նախօրեին էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։
Նույն օրը Հայաստանի վարչապետի աշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ առաջարկով հանդես եկավ՝ երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդների:
Երեկ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի համանախագահները պատրաստակամություն են հայտնել աջակցել գործընթացին. «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար», - հայտարարել են նրանք: