Մատչելիության հղումներ

Հունիսի 2-ին Ադրբեջանում սկսվում է հայ 2 ռազմագերիների դատավարությունը


Երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կմեկնարկի հունիսի 2-ին Բաքվի ռազմական դատարանում։

44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի հայրենի բնակավայրում տարակուսած են Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքներից։

Այդ ինչպե՞ս է պաշտոնական Բաքուն նման ծանր հանցագործությունների մեջ մեղադրում մի մարդու, ով որևէ առնչություն չի ունեցել 90-ականների պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիների հետ, հարցնում է Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը․ - «Ո՞նց չեմ ճանաչում։ Էն ժամանակ ինձ հետ Խաչիկում ա կռվել, հետո գնացել ենք Զառիթափ, Վայքի կողմերը։ Դրանից հետո Ղարաբաղի կողմերն ա գնացել, մենք ուրիշ տեղ էինք։ Ինքը գերիների հետ կապ չի էլ ունեցել։ Կռվող տղա ա եղել, գնացել կռվել մի քանի անգամ, հետ ա էկել։ Էդ էղել»։

Ադրբեջանի դատախազությունը Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրում է արցախյան առաջին պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների՝ գերեվարված 11 գերիներին խոշտանգելու համար։

51-ամյա Լյուդվիգ Մկրտչյանը Վայոց ձորի խոշորացված Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղից է։ Ինչպես շատերը, նա էլ սեպտեմբերի 27-ից մեկնել է պատերազմ։ Եղեգիսի վարչական ղեկավար Արթուր Հակոբյանն էլ է տարակուսած․ - «Ես որ աչքովս էլ տենայի, չէի հավատա։ Իրանից չէի հավատա։ Նախ իրան թույլ չէին տա, որ ինքը տենց․․․ ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, ո՞նց հնարավոր ա սովորական մարդը գերի խոշտանգի»։

Ըստ պաշտոնական Բաքվի, Մկրտչյանը և Կապանի բնակիչ, 54-ամյա Ալյոշա Խոսրովյանը միասին կատարել են ռազմական հանցագործություններ։ Նրանք մեղադրվում են պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձևավորելու համար։

Ալյոշա Խոսրովյանին Բաքուն մեղադրում է 5 ադրբեջանցի գերիների հետ դաժան և անմարդկային վարվելու համար։ Ըստ ադրբեջանցի իրավապահների, Խոսրովյանը գերիներից մեկին ստիպել է շինարարական ծանր աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առանձնատան կառուցման ընթացքում։ Ադրբեջանի գլխավոր դատապխազությունը իր տարածած հաղորդագրությունում չի խոսում ձեռք բերված ապացույցների մասին՝ մասնավորապես, թե կոնկրետ այդ ինչ ապացույցներ են դրվել հայ ռազմագերիների մեղադրանքի հիմքում, չի պարզաբանվում նաև, թե ինչպես է ստացվել, որ երկու հայ ռազմագերները միասին են կատարել այդ, Բաքվի բնորոշմամբ՝ հանցագործությունները։

Լյուդվիգ Մկրտչյանը, ըստ Բաքվի, գերեվարվել է 2020-ի հոկտեմբերին 20-ին Ֆիզուլիի շրջանից։ Իսկ Ալոշա Խոսրովյանը գերեվարվել է ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչությունը հայ ռազմագերիների հարցերով դիմել է դատարան, որն անհապաղ միջոցներ է կիրառել ընդդեմ Ադրբեջանի՝ այդ երկրից տեղեկատվություն պահանջելով նրանց մասին։

Գրասենյակի իրավաբան խորհրդատու Իգոր Միրզախանյանի խոսքով, հայ ռազմագերիների, այդ թվում Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական հետապնդման մասին Ադրբեջանը Եվրադատարան որևէ տեղեկատվություն չի ներկայացրել․ - «Միջազգային իրավունքը հստակ նախատեսում, որ անձը, ով հայտնվել է հակառակորդի տիրապետության տակ, օգտվում է Ժնևի կոնվենցիաների երաշխիքներից, քանի դեռ հակառակորդ պետությունը չի հաստատել նրա մեղքը որևէ հանցագործության մեջ։ Այս պարագայում Խծաբերդի տղաների և մյուս հայ գերեվարվածների վերաբերյալ դեռևս չունենք որևէ հաստատված մեղք, և այն բոլոր հայտարարությունները, որ արվում են, արվում են բացառապես քաղաքական դաշտում»։

Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը անցած փետրվարին ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հիմնական գանգատում նաև շեշտադրում է ազատազարկված հայ ռազմագերիների արդար դատաքննության իրավունքի պահպանումը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով, Բաքվի վարքագիծն ավելի շատ քաղաքական է, քան իրավական։ Հատկապես 40 տարեկանից բարձր անձանց պաշտոնական Բաքուն փորձում է ներկայացնել որպես հանցագործներ, որոնք դեռևս արցախյան առաջին պատերազմի ժամանակ են ադրբեջանցիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարել․ - «Օրինակ, ընտրում է 45-ից , բարձր տարիքի անձանց, եթե մանավանդ նրանք շքանշաններ ունեն, ուրեմն դուք մասնակցել են առաջին պատերազմին։ Սա առաջին ֆիլտրն է, զտում է այդ մարդկանց, ընտրում է։ Հետո արդեն, նրանց պահելով կալանքի տակ, նրանցից կորզում է ինքնախոստովանություն, որ իրենք, ասսենք, խաղաղ բնակիչների դեմ զենք են օգտագործել և այլն, և այլն։ Ապագայում, կարծում եմ, կտեսնենք նման հորինված պատմություններ։ Բայց քանի որ այդ մարդիկ գտնվում են առանց արտաքին աշխարհի հետ կապ ունենալու հնարավորության կալանքի տակ, հարազատների հետ էլ կապ չունեն, այն մեկ կամ երկու անգամ զանգելը էական չէ, քանի որ խոսքը վերաբերում է քրեական դատավարության թափանցիկությանը։ Այսինքն՝ հիմա Ադրբեջանը արդեն հայտարարել է, որ քրեական հետապնդման պետք է ենթարկի այդ անձանց, պետք է մեղադրանքից պաշտպանվելու հնարավորություններ ապահովի։ Ոչ այդ հնարավորություններն է ապահովում, ոչ էլ նրանց հայտարարում է որպես ռազմագերի»։

Հայկական կողմի տվյալներով, ադրբեջանական բանտերում շուրջ շուրջ 200 հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք են պահվում։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։ Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե մյուսները ահաբեկիչներ ու հանցագործներ են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG