Մատչելիության հղումներ

Պատերազմի ավարտից 8 ամիս անց դեռևս անհայտ կորածների ու գերիների վերջնական թվեր չկան


Այս պահին կա 70-ից ավելի անհայտ կորածի հարազատ, որ հրաժարվում է ԴՆԹ թեստ հանձնել։ Եվ կա մոտ 160 ԴՆԹ անցած աճյուն, ում հարազատները անհայտ են։ Այս մասին այսօր անհայտ կորածների ու գերիների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության թեմայով քննարկման ժամանակ հայտնեց Պաշտպանության նախարարարության ներկայացուցիչը։

Նույն քննարկմանը մասնակցող անհայտ կորած զինծառայողի քույրը արձանագրեց, որ թեև ԴՆԹ հետազոտության արդյունքներով ստացել են եղբոր զոհվելու մասին հաստատումը, բայց նաև անվստահություն հայտնեց այդ արդյունքների հավաստիությանը։

Արուսիկ Օհանյանի եղբոր անունը նախ զոհվածների, հետո անհետ կորածների ցուցակում է եղել, ինչ-որ տեսանյութում տեսել են մեկին, ում նմանեցրել են եղբորը, բայց նույնականացնել չի հաջողվել, նաև զինակից ընկերներն են ասել, որ եղբայրը գերի է․ - «Էդպես էլ չկարողացանք բացահայտել, պարզել, թե ինչպես է պետական կառույցներում եղբայրս հայտնվել գերիների ցուցակում։ Եթե վիդեոն իրենք չեն իդենտիֆիկացնում․․․ տասը օր առաջ տիկին Մաթևոսյանին երբ որ զանգեցինք ՀՔԱՎ-ի գրասենյանից, ինքը ասեց՝ ես ուղղակի չէի ուզում, որ իրենք վերջին հույսը կորցնեն, դրա համար ասեցի, որ իմ ունեցած ինֆորմացիայով, գերի է։ Հասկանո՞ւմ եք, մենք արդեն քանի ամիս էդ հույսով պայքարում, ապրում ենք․․․»

Քննարկմանը ներկա մեկ այլ անհայտ կորածի հարազատը՝ Արամ Վարագյանը ևս իր դժգոհությունը հայտնեց անհայտ կորածներին գտնելու ուղղությամբ տարվող աշխատանքներից․ - «Էրեխեն կորած ա համարվում պատերազմի առաջին օրերից։ Էդ էրեխու հետ էղել են շատ զորացրված էրեխեք, հետ նահանջած, վիրավորված, ոչ մեկին ոչ մեկ չի մոտեցել, չի հարցրել՝ այ բալա ջան, Բարսեղյան Սեյրանին վերջին անգամ ո՞վ ա տեսել։ Ոչ մեկ ոչ մի լուր չի տալիս, սկզբնական շրջանում մահացածների ցուցակում չկար, հետո մեր ջանքերով, ստեղ-ընտեղ դիմելով հայտնվեց կորածների ցուցակում։ Հետո՝ հավանական գերիների ցուցակում»։

Պատերազմից հետո ստեղծված Անհայտ կորածների և գերեվարվածների հարցերով հանձնաժողովին 1694 դիմում է ներկայացվել։ Նրանց մեջ եղել են հաստատված կամ ենթադրյալ գերեվարվածների, գերությունից վերադարձածների, շրջափակումից դուրս բերվածների և զինծառայողների անուններ, որոնք տևական ժամանակ չեն կարողացել կապ հաստատել ընտանիքների հետ, ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Գևորգ Մարտիրոսյանը․ - «Յոթ ամսիների ընթացքում հայտնաբերվել է 1270 քաղաքացու աճյուն։ Պաշտպանության նախարարը դիմել է ռուսական կողմին, որպեսզի որոնողական աշխատանքների ընթացքում ներգրավվեն նաև աճյուններ որոնող, հատուկ վարժեցված շներ»։

Պատերազմի ավարտից 8 ամիս անց դեռևս անհայտ կորածների ու գերիների վերջնական թվեր չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով գերության մեջ է գտնվում շուրջ 200 հոգի։ Անհայտ կորածների մասին տվյալներ է հավաքագրում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Այդ տվյալները ևս պաշտոնական չեն, ըստ գրասենյակի, նրանց թիվը հասնում է 272-ի։

Մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը ևս անդրադարձավ գերիների ու անհետ կորածների խնդրին․ - «Ես ճիշտ չեմ համարում, որ Հայաստանի կառավարությունը չի հրապարակում, թե իր կարծիքով որքան գերի կա Ադրբեջանում։ Ես կարծում եմ, որ դա պաշտոնապես հրապարակելը նախևառաջ կմեծացներ Ադրբեջանի պատասխանատվությունը միջազգային գործընթացներում՝ յուրաքանչյուր մարդու կյանքի իրավունքի համար պատասխանատվությունը մեծացնելով»։

Գերիները պետք է վերադարձվեին անմիջապես, ասում է Թաթոյանը, բայց Ադրբեջանը չպահեց «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը։ Գործընթացը ի սկզբանե սխալ ընթացավ՝ չկային Ադրբեջանին պարտավորեցնելու համապատասխան երաշխիքներ, հետևաբար սպասելի էր, որ Բաքուն չի կատարելու նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր գերիներին վերադարձնելու պայմանավորվածությունը։ Հիմա էլ առիթից օգտվելով՝ ասում են գերիներ չունենք, «ահաբեկիչներ» են:

Արման Թաթոյանը այս հարցում կարևորեց միջազգային կառույցների հետ աշխատանքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG