Մատչելիության հղումներ

«Եթե հայ գերիների խնդիրը չլուծվի ժամերի, օրերի ընթացքում, գերիները կփոխանակվեն գերիների հետ». Անդրանիկ Քոչարյան


Հայաստանի տարածքում հայ զինծառայողներին գերեվարվելու հարցն այսօր Ազգային ժողովի ամբիոնից քննարկվեց շատ կարճ` երկու հայտարարություն ընդամենը։ Ավելի ուշ Արտաքին, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովները համատեղ նիստ հրավիրեցին։ Լրագրողների համար դռնփակ էր։ Թե ինչ քննարկվեց, չիմացանք։

Նիստի ավարտից հետո պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ըստ էության ոչինչ չասաց. «ՊՆ-ն իրականացնում է հնարավոր ամեն ինչ և իրականացնելու է»:

Եթե Ադրբեջանը չվերադարձնի այսօր գերեվարած վեց հայ զինծառայողին, ապա կլինի հայ և ադրբեջանցի գերիների փոխանակում, այսօր խորհրդարանում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Վերջին հաշվով եթե գերիների խնդիրը չլուծվի ժամերի կամ օրերի ընթացքում, գերիները փոխանակվում են գերիների հետ: Դա է թելադրում օրվա պարտադրանքը», - ասաց նա:

Իսկ հայկական կողմը 15 օր Հայաստանի տարածքում գտնվող հակառակորդի զորքից գերեվարե՞լ է գեթ մեկ ադրբեջանցու, որ կարողանա գերիների փոխանակման մասին է խոսում։

«Մենք գերի չունենք, բայց երեկ իրենք էլ գերի չունեին, նոր գերիներ», - ասաց Քոչարյանը:

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում է, մի քանի ուղղություններով ներխուժել է, կիլոմետրերով խորացել։ Իրավիճակը գնալով ավելի է սրվում։ Հայկական կողմում առաջ եկած հակառակորդի և հայերի միջև նախ ծեծկռտուք եղավ, ապա կրակոցներ, որի հետևանքով հայ զինծառայող զոհվեց նախօրեին, իսկ այսօր լուսադեմին Ադրբեջանը գերեվարել է վեց հայ զինծառայողի։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը հայտարարում է, թե իրավիճակի այսպիսի զարգացումը Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի հապաղելու հետևանքով է. «Մեր հանրության շրջանում կա ակնկալիք, և բոլորիս մոտ կա ակնկալիք, որպեսզի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին, և այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների»:

ՀԱՊԿ-ից երեկ դժգոհեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, թե հստակ դիրքորոշում չեն հայտնում Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքը դուրս բերելու վերաբերյալ։ Քայլերի տեմպը գոհացնող չէ։ Չբացառեց, որ կառավարությունը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, թե երբ, Փաշինյանը հստակ ոչինչ չասաց։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՀԱՊԿ-ը պայմանագրային պարտականությունները կատարում է, իշխանությունն ի զորու չէ ապահովել պետության անվտանգություն. «Մեր այսօրվա հիմնական պրոբլեմն այն է, որ Հայաստանը չունի արժանապատիվ բանակցող»:

Փաշինյանը շարունակում է առաջնորդվել նույն ձեռագրով` բոլորը մեղավոր են, բացի իրենից, ասում է ընդդիմադիր պատգամավորը. «44-օրյա պատերազմի համար մեղավոր էին բոլորը, մեղավոր էին ծնողները, զինվորները, կամավորները, պայմանագրային ծառայողները, բոլորը մեղավոր էին, բացի իրենից, հիմա անելիքը քաղաքական ուժերինն է, և առաջին հերթին ընդդիմությանն է, որովհետև Հայաստանում այլևս իշխանություն չկա, Հայաստանում կա մեկ մոլագար պոպուլիստ, որն այսօր Հայաստանի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականությանը վտանգն է»:

Նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Փաշինյանը վեց ամիս ժամկետ խնդրեց իր նշած ճանապարհային քարտեզը իրականացնելու համար, հետպատերազմական խնդիրները լուծելու համար, բայց վեցամսյա ժամկետը լրանում է, ու, ըստ Զոհրաբյանի, ոչ միայն իր նախանշած հարցերը չլուծվեցին, այլ իրավիճակն ավելի վատթարացավ՝ հակառակորդն անարգել գործում է արդեն Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Փաշինյանն էլ, մյուս ուժերի պես պատրաստվում է ընտրությունների՝ Հայաստանի քաղաքացիներին խոստանալով ապագա. «Նիկոլ Փաշինյանի ներկան այսօր Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում մեր տարածքային սահմաններին սպառնացող աղետն է, ուստի ես երբ որ նայում եմ իրենց կարգախոսը` «Կա ապագա», ես զարհուրում եմ այն ապագայից, որը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հետ»:

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ` եթե այսքանից հետո Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, կշրջենք Հայաստանի պետականության վերջին էջը:

XS
SM
MD
LG