Գերության մեջ հայտնված հայերից 19-ը՝ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, սա ռազմական հանցագործություն է համարվում. հայտարարում են Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյաննն ու Սիրանուշ Սահակյանը։
Հայտարարությունում նաև ընդգծվում է, որ պատերազմի ավարտից հետո ևս հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ են գերեվարվել: Իրավապաշտպանները հայտարարությունում թվարկել են սպանված գերիների անուններն ու ընդգծել՝ խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայտարարության վերջում հստակեցման կարգով իրավապաշտպանները նշել են՝ Ադրբեջանը չէր ընդունել նշված անձանց (գերակշռող մասի) գերեվարման փաստը:
Իսկ ահա պատերազմի օրերին ադրբեջանական սոցիալական ցանցերում հրապարակված շուրջ 300 տեսանյութերից 98-ում առկա են կենդանի վիճակում գտնվող հայ գերիներին խոշտանգելու ու արժանապատվությունը նվաստացնելու տեսարաններ, փաստել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Պաշտպան Թաթոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ տեսանյութերի ուսումնասիրության փուլն ավարտել են, դրանք հերթական անգամ ուղարկվելու են միջազգային կառույցներին:
«Նաև ուղեկցող նամակ ենք ուղարկելու, որտեղ ցույց ենք տալիս, որ սա ադրբեջանական իշխանությունների քաղաքականության հետևանքներն են և ազդեցությունը, որը ցեղասպան քաղաքականություն է: Ցույց է տրվում, օրինակ, ինչպես են ադրբեջանական զինվորականները գլխատում մարդուն միայն նրա համար, որ նա հայ է, և նրանք ոգեշնչված են Ադրբեջանի նախագահի բառերից: Այս բոլոր կոմպոնենտներով, այդ թվում՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությամբ մենք ցույց ենք տալիս այդ ցեղասպան քաղաքականությունը: Հատկապես սա կարևոր էր Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների ֆոնին, որ նա անում է կապված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ և բնակչության հետ խոսում է սպառնալիքներով», - նշեց Թաթոյանը:
Պաշտպանի գրասենյակի ուսումնասիրած շուրջ 300 տեսանյութերից 17-ում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայերի գլխատումների ու սպանությունների կադրեր են, 32-ում՝ զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներ, 54 տեսանյութերում՝ գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարման վերաբերյալ փաստեր են, այդ թվում՝ ատելության տարածում, գլխատված զինծառայողի լուսանկարի տարածում հենց վերջինիս էջով և այլն։
Հայաստանը պետք է ցույց տա, որ Ադրբեջանն այսօր շարունակում է նույն ցեղասպան քաղաքականությունը, որ կիրառվում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ 20-րդ դարասկզբին, ասում է Մարդու իրավունքների պաշտպանը։ Ըստ Թաթոյանի՝ այս առումով կարևոր է, որ Մինսկի խմբի անդամ երեք երկրներն էլ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը։
«Օսմանյան կայսրությունում վարած նույն քաղաքականությունը՝ նույն սկզբունքներով, որի արդյունքում եղել է ցեղասպանությունը, հիմա է տեղի ունենում և ոչ միայն դա տեղի է ունենում խոշտանգումներով, սպանություններով, այլ՝ թշնամանքի քարոզ, ատելություն, պատմամշակութային ժառանգության, հուշարձանների ոչնչացում, կրոնական ժառանգության ոչնչացում եկեղեցիների պղծում, վանդալիզմ, հայրենազրկում, ունեզրկում և այլն: Ավելին՝ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը լայնորեն աջակցություն է ստանում նաև թուրքական իշխանությունների կողմից, վառ օրինակն է դեկտեմբերի 10-ի ելույթը Թուրքիայի նախագահի, որտեղ համեմատում էր Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն իրականացրածներին Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմի զոհերի հետ», - նշեց Արման Թաթոյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կարևոր քայլ է համարում դեռ փետրվարին Հայաստանի կառավարության կողմից ՄԻԵԴ ներկայացրած միջպետական գանգատը՝ ընդդեմ Ադրբեջանի։ Գերիների խնդրով զբաղվող պատգամավորը նույնպես կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը պետք է հաջորդեն հայկական կողմից արվող հստակ քայլեր։ Բաղդասարյանն ասաց, որ օրինակ՝ ինքը տարբեր երկրների պառլամենտների իրենց գործընկերների հետ համագործակցությամբ փորձում է ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա և հիշեցնել, որ այդ երկիրը չի կատարում ստանձնած պարտավորությունն ու չի վերադարձնում հայ գերիներին:
«Ես այս դեպքում կարող եմ խոսել զուտ որպես պատգամավոր՝ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակները, որի միջոցով մենք կապ ենք հաստատում այլ պառլամենտների մեր գործընկերների հետ, արդյունքում տեսնում եք, որ Եվրոպայի խորհրդարանական վերհաժողովում բազմաթիվ ելույթներ հնչեցին այս առումով և մի շարք երկրներում արդեն գործընթաց է գնում այս պրոցեսների նկատմամբ: Դրան զուգահեռ նաև միջազգային կառույցներում այս հարցը շարունակում ենք շատ արդիական պահել: Այս երկուսի համատեքստում կարող եմ ասել, որ կարևոր է միջազգային ճանաչումը և պրոցեսների հետևողականությունը, բայց պետք է հայտարարություններին հաջորդեն հստակ գործողություններ, դատապարտող բանաձևեր», - ասաց Բաղդասարյանը: