Այսօր պարզ կդառնա՝ 2,5 տարի սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող նակին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը կկարճվի, թե ոչ։ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի իր որոշումը, ինչից հետո դատական նիստն այսօր կավարտվի։
Մոտ երկու շաբաթ առաջ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։ Դրանից հետո Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին դատարանին այդ մեղադրանքով հետապնդումը դադարեցնել և գործը կարճել։
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ավեի վաղ նշել է, որ այլ որոշում, քան հետապնդումը դադարեցնելն է, չի տեսնում։ Փաստաբանը, սակայն, քննադատում է Սահմանադրական դատարանին՝ նման որոշում կայացնելու համար։ Եգորյանը այն ոչ թե իրավական, այլ քաղաքական է որակումը. «Կոնկրետ խմբային շահերի սպասարկման պարտավորություններից կամ այդպիսի սպասարկման առավելություններից ելնելով կայացված որոշում: Չեմ տեսնում որևէ դատողությունների արդյունքում եզրահանգում, ես տեսնում եմ, որ դրված է եղել խնդիր ամեն գնով լուծել քրեական հետապնդման հարցը, և այդ նպատակին հասնելու համար Սահմանադրական դատարանը չի խորշել վերացնել Սահմանադրության անփոփոխելի 1-ին և 2-րդ հոդվածների պաշտպանությունը երաշխավորող օրենքը, իսկ դա արդեն դարձնում է Սահմանադրական դատարանի որոշումը Սահմանադրությանը հակասող»:
Մոտ 2,5 տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվող նախկին նախագահի օգտին կայացված ՍԴ որոշմանը մաս են կազմել նաև հեղափոխությունից հետո ՍԴ դատավոր նշանակվածները, պնդում է փաստաբան Եգորյանը։ «Սա գոնե մեկ նպատակ է հետապնդել, և սրա պատճառը երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն է և իրավական քաղաքականության բացակայությունը հետհեղափոխական ժամանակներից ի վեր», - ընդգծեց փաստաբանը:
Եգորյանը պնդում է՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ամենևին էլ չի հակասում Սահմանադրությանը։ Նա վկայակոչում է նաև այս հարցով ամիսներ առաջ ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, օրինակ, անդրադառնալով այս հարցին՝ գրել էր, որ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։ Եգորյանը ևս պնդում է՝ դատարանը պետք է քններ գործը, հանգամանքները, ապացույցները և հետո միայն եզրահանգեր՝ հոդվածն անորոշ է, թե ոչ։
«Սա նորմալ օրենք է, կոպիտ ասած, չի էլ կարա ավելի որոշակի լինի, որովհետև չափազանց ընդգրկուն շահեր է պաշտպանում, մեծ իրավահարաբերություններ է պաշտպանում: Դու պետք է այդ իրավահարաբերությունների փաստական կոնտեքստի վերլուծության հիման վրա կայացված դատական ակտը նայելով հասկանաս՝ ինչքանով է պրակտիկայում այս նորմը որոշակիության ստանդարտներին համապատասխան կիրառվել», - ասաց Եգորյանը:
Պաշտոնաթող նախագահը բացի հակասահմանադրական ճանաչված հոդվածից, մեղադրվում է նաև 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Եթե անգամ այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը դադարեցնի քրեական հետապնդումը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ապա կաշառք ստանալու հոդվածով գործի քննությունը չի դադարեցվում։