Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների փաստաբանները դժգոհեցին, որ գործը չի կարճվում. նիստը հետաձգվեց


Սահմանադրական կարգը տապալելու հոդվածի՝ հակասահմանադրական և անվավեր ճանաչվելուց հետո պաշտոնաթող նախագահի ու նրա երկու նախկին ենթականների փաստաբաններն ակնկալում էին, որ դատավորն այսօրվա դատական նիստին կհայտարարի քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը այդ հոդվածով կարճելու մասին։

Քննելով 1998-ից 2008-ը Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանի ու դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները՝ Սահմանադրական դատարանն անցած ուրբաթ որոշեց, որ Հայաստանի նախկին նախագահին, Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետին ու պաշտպանության նախկին փոխնախարարին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածը անորոշ է և չի համապատասխանում համաչափության սկզբունքին։ Քոչարյանը և մյուսները մեղադրվում են 2008-ի հետընտրական արյունալի բախումների գործով։

Նիստի հենց սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրեց այս գործող մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի դատարան ներկայացրած գրությունը, որով դատախազը խնդրել էր հետաձգել այսօրվա նիստը։ Մեղադրանքը պաշտպանող դատախազներն այսօր դատարան չէին եկել։

«Բաղդասարյանի կողմից ստացվել է գրություն, որով վերջինս հայտնել է` 2021 թվականի մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը` թիվ սդո-1586 որոշումը: Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմի Սահմանադրության համապատասխանության խնդիր, և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ», ընթերցեց դատավորը:

Ամբաստանյալների փաստաբանները, մինչդեռ, իրենց դժգոհությունը հայտնեցին դատավորին՝ հայտարարելով՝ որևէ միջնորդություն այլևս չպետք է քննարկվի։ Սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ մարտի 26-ին` Բարձր դատարանի հայտնի որոշման հաջորդ օրն իսկ իրենք միջնորդություն են ներկայացրել դատարան՝ գործը կարճելու մասին, և դատարանը պետք է անհապաղ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնի. «Դուք հիմա քննարկում եք հարց, թե նիստը հետաձգենք մինչև մյուս երեքշաբթի օրը, թե չէ: Դուք պատկերացնո՞ւմ եք` Դուք ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, Դուք ուզո՞ւմ եք, որ ես այդ օրինախախտման անունը կոնկրետ ասե՞մ, ուզո՞ւմ եք` ասեմ, որ Դուք արդեն հանցագործության եք մոտենում, հա՞»:

Ավելին՝ Ալումյանը հարցրեց դատավորին՝ արդյոք դատախազների հետ հետագա գործողությունների սցենար են մշակել. «Դուք պատրաստվում եք մինչև մյուս երեքշաբթի օրը` 7 օր քրեական հետապնդում շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխե՞լ, ու Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Դուք դրա տակից կարող եք դուրս գալ, կամ նրանք, ովքեր Ձեզ այդ հրահանգը տվել են»:

«Պարոն Ալումյան, դատարանը ստիպված է ընդհատել Ձեզ», - ասաց դատավոր Դանիբեկյանը:

Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող, 2008-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ հավելեց՝ հույս ունի, որ դատավորը, արդարացնելով նաև իր պաշտպանյալին, այսօր ևեթ կալանքից կհանի նրա գույքն ու կվերացնի խափանման միջոցը։ Օհանյանը ստորագրություն է տվել երկրից չբացակայելու մասին։

«Կարելի է կարճ ժամանակով հետաձգել նիստը մի քանի րոպեով` 10 րոպե, 20 րոպե, և մեղադրողներին հնարավորություն տալ մոտենալ և հնարավորություն տալ կամ պահանջել, որպեսզի ներկայանան դատական նիստին, ես ինչի՞ եմ ասում հնարավորություն տալ, որովհետև ըստ իս` առանց նրա ներկայության էլ դատարանը կարող է և պարտավոր է անցնել այս հարցի քննարկմանը և գործի վարույթի կարճմանը», - ասաց պաշտպանը:

Հակասահմանադրական և անվավեր ճանաչված հոդվածով մեղադրվող, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի պաշտպանն իր հերթին հայտարարեց՝ ապօրինի քրեական հետապնդումը շարունակվում է։ Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ այսօր ինքը նիստի չի եկել, քանի որ մարտի 26-ից իր կարգավիճակը որպես դատավարության մասնակից դադարեցված է, չկա ամբաստանյալ, չկա մեղադրանք, եկել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ստանալու։ Ասաց՝ ՍԴ որոշումը փրկության ճյուղ է դատավորի համար, ինչից հետո Աննա Դանիբեկյանը հորդորեց չշեղվել հիմնական հարցից:

«Խնդրում եմ ինձ տրամադրել Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդման, ձեռս թող հլը...», - ասում էր Պողոսյանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դատարան էր եկել հույսով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։ Լրագրողները հիշեցրին 13 տարի առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցածը։ Օհանյանը 10 մարդու մահվան պատճառ դարձած հետընտրական իրադարձությունները որակեց հետևանք զանգվածային անկարգությունների կազմակերպման, և ինքն էլ իր հերթին հիշեցրեց, որ վարչապետ, այն ժամամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ևս դատապարտվել է այդ հոդվածով. «Եթե ասում են` «Չերյեմուխայից» զոհեր կան, ոստիկանական զորքերը հենց այնպես վերցրի՞ն ու խաղաղ բնակչության նկատմամբ «Չերյեմուխա» կրակեցի՞ն: Այդպես չի լինում: Պատասխանատվությունը կրում է այն, ովքեր որ հրահրել են, և ովքեր որ կրակել են»:

Չնայած փաստաբանների դժգոհությանը՝ դատավորը հետաձգեց նիստը` հաջորդը նշանակելով ապրիլի 2-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG