Մատչելիության հղումներ

ՍԴ-ն հրապարակել է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը


Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ
Սահմանադրական դատարանի շենքը Երևանում, արխիվ

Սահմանադրական դատարանը (ՍԴ) իր պաշտոնական կայքէջում հրապարակեց անցած ուրբաթ կայացրած որոշումը, որով բարձր դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին առաջադրված հոդվածը՝ սահմանադրական կարգը տապալելու մասին։

Ուրբաթ օրը ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ընթերցել էր որոշման միայն եզրափակիչ մասը։ 42-էջանոց որոշմամբ բարձր դատարանը եզրահանգել է, որ 10-15 տարվա ազատազրկում սահմանող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին։ Այս հոդվածները օրենքների համաչափության և որոշակիության սկզբունքների մասին են։

Ըստ բարձր դատարանի իրավական դիրքորոշումների, «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին ...»:

2008-ին, երբ Հայաստանում տեղի ունեցան հետընտրական բախումներ ու տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում, Քրեական օրենսգրքում սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդված չկար։ Բարձր դատարանը նշում է նաև, որ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «առաջին՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Եվ երկրորդ՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

Մեղադրանքը դատարանում պաշտպանող Գլխավոր դատախազությունը դեռևս դիրքորոշում չի հայտնել՝ սպասում է որոշման հրապարակմանը։

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների հետևանքով զոհված 10 քաղաքացիներից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը կարծում է՝ բարձր դատարանի որոշմամբ Քրեական օրենսգրքի հակասահմանադրական և անվավեր ճանաչված 300.1 հոդվածով հետապնդումը իսկապես պետք է դադարեցվի և գործը այս մասով կարճվի. «Այո, այս հոդվածով գործը պետք է կարճվի»:

Անցած սեպտեմբերից դատական նիստերը բոյկոտող Եգորյանը չբացեց փակագծերը, թե ինչ մարտավարություն են մշակել, բայց և ընդգծեց՝ Քոչարյանի և մյուսների դատավարության հետ կապված հարցերի քննարկումը պետք է թողնել ընտրություններից հետո։ Նա, ըստ էության, քննադատեց գործող իշխանությանը դատական համակարգում էական բարեփոխումներ չանելու համար, ինչի հետևանքով էլ կայացվեց հայտնի որոշումը։

«Հաշվի առնելով այս երեք տարվա ընթացքում այն հիմնական ուղղություններով գործունեությունը պետական տարբեր մարմինների, որոնք մեծ հաշվով ածանցվում են իշխանության, այսպես ասած, բովանդակությունից, համարում եմ հատկապես կործանարար այն առումով, հատկապես անբովանդակ այն առումով, որ բոլոր կարևոր նախաձեռնությունները, բոլոր կարևոր ուղղությունները տապալվել են հենց ճանապարհի կեսից», - նշեց փաստաբանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ անցած ուրբաթ Սահմանադրական դատարանը հաստատեց այս հարցով Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքները։ Բարձր դատարանն էր խորհրդատվության համար անցած տարի դիմել միջազգային կառույցներին։ Ղազարյանը միևնույն ժամանակ կարծում է՝ բարձր դատարանի որոշումը չի առնչվում Մարտի 1-ի մայր գործին, և չի նշանակում, որ հետընտրական բախումներում տասը մարդու մահվան հանգամանքների գործը տապալված է:

«Դա նշանակում է՝ այդ հոդվածը չի կարող կիրառվել, և ըստ էության այդ հոդվածն առ ոչինչ է ճանաչվում իր ստեղծման օրվանից, դա նշանակում է՝ բոլոր գործերը, որոնք հարուցվել են, կամ հարուցվում են, կամ էլ ընթացի մեջ են գտնվում այս հոդվածի հիմքով, դրանք պետք է ուղղակի կարճվեն: Իրավական հետևանքներից մեկը նաև այն է, որ եթե խափանման միջոց կալանքի հիմնավոր կասկածի հիմքում ընկած է այս հոդվածը, նշանակում է՝ ինքնաբերաբար կալանքի ողջ տիրույթը նույնպես համարվում է անօրինական, դրա վերաբերյալ արդեն կա նույնիսկ Եվրոպական դատարանի կոնկրետ դիրքորոշումը: Չի կարելի ասել, որ Մարտի 1-ի գործը տապալված է, կարելի է ասել՝ դրա մի մասը անհաջողության է մատնված», - ասաց Ղազարյանը:

ՍԴ որոշումից հետո հնչող տեսակետը, թե մեղադրանքը կարող է վերաորակվել, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ճիշտ չի համարում՝ ընդգծելով՝ նույն հանգամանքների հիման վրա մեղադրանքը փոփոխել հնարավոր չէ. «Նոր բան էլ մոգոնել, դա շատ բարդ է, որովհետև պետք է համապատասխան ապացույցների զանգված: Հաշվի առեք, որ որքան քրեական գործի քննությունը հնանում է, այսինքն անցել է դեպքերից 12 տարի, այնքան ավելի դժվարանում է ապացույցներ հավաքելը: Այս առումով կարծում եմ, որ նույն ճանապարհով դատախազությունը չի կարող երկրորդ անգամ անցնել, և մնում է անմեղության կանխավարկածը, այսինքն մեղադրանքից հրաժարվել, հենց անմեղության կանխավարկածի ուժն էլ դրանում է»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ՍԴ որոշումը որակում է որպես արդարության գնդակի, որը խփեց արդարության հավատի դարպասին. «Դրա անունը կոչվում է պետության զավթում: Խոսքը վերաբերում է ոչ թե մեկ անձի, այլ վերաբերում է կառավարությանը, իշխանությանը, որն ունի կազմակերպված ուժ, որն ունի ուժի կիրառման մենաշնորհ: Համաչափ է եղել արդյոք կառավարության կողմից ուժի կիրառումը կամ լիազորությունների իրականացումը հավաքների նկատմամբ»:

Իրավապաշտպանը հիշեցրեց 2008-ին մայրաքաղաքի կենտրոնում կատարված իրադարձությունները, բանակը ներքաղաքական գործընթացներին ներգրավելու, 10 քաղաքացիների մահվան դեպքերը, ընդդիմադիրներ զանգվածային ձերբակալությունները։

XS
SM
MD
LG