Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների թիրախը պետք է լինի ՀՔԾ-ում քննվող սպանությունների գործը, շեշտում է երկրորդ նախագահի պաշտպանը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների թիրախը պիտի լինի Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործը, որը քննում է հենց տասը սպանությունը։

​«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Ալումյանն ընդգծեց՝ ՀՔԾ-ն ամբողջ գործիքակազմն ունի, և եթե կհայտնաբերվեն պանություն կատարողները, կհայտնաբերվեն նրանց համապատասխան հրահանգ տվողները։

Հայկ Ալումյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև։

«Ազատություն»․ - Պարոն Ալումյան, մենք գիտենք, որ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները ի վերջո մեղադրում են, մատնացույց են անում այն ժամանակվա իշխանություններին, մասնավորապես նաև Ռոբերտ Քոչարյանին, նրա ամենամոտ կանգնած պաշտոնյաներին՝ մենք գիտենք՝ այդ գործով անցնում են նաև Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, հիմա ի՞նչ պետք է լինի, այս մարդիկ հավատացած են, որ թեև հենց Սահմանադրական դատարանն ասում է, որ մեղադրանքը հակասահմանադրական է, բայց այսպիսի իրավիճակ է ստեղծվել։ Այ ո՞ր երկրում է, որ Սահմանադրական դատարանն անտեսի տուժողի իրավունքները։ Չե՞ք կարծում, որ հենց Սահմանադրական դատարանն ինքը պետք է վերաորակավորի արարքը, այն ժամանակվա արարքների այդ շարքը, որը հանգեցրեց այդ զոհերին և այսպիսի իրավիճակի։

Հայկ Ալումյան․ - Պարոն Թամրազյան, տեսեք, տուժողների իրավահաջորդները սպանությունների հետ կապված հանգամանքների վերաբերյալ ունեն քրեական գործ, որը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Էդ գործն է, որը որ քննվում է սպանությունների հետ կապված։ Էն գործով իրենք միշտ կարող էին, իհարկե, մինչև հիմա չեն հասել հաջողության, դժբախտաբար, բայց, համենայն դեպս, էդ գործը միշտ քննվել է, մինչև հիմա քննվում է, և եթե մինչև էդ գործը, ըստ իրենց, օբյեկտիվ չի քննվել, ես ոնց հասկանում եմ՝ իրենք գտնում են, որ էդ գործը հիմա քննվում է օբյեկտիվ։ Էդ գործը ոչ ոք չի կարճել, էդ գործով ոչ ոք ոչ մեկի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցրել, և էդ գործով եթե կհայտնաբերվի, իսկ ամբողջ գործիքակազմն ունի Հատուկ քննչական ծառայությունը, եթե կհայտնաբերվեն պանություն կատարողները, կհայտնաբերվեն նրանց համապատասխան հրահանգ տվողները, իրենք կկարողանան հասնել էն բանին, որ և՛ սպանություն կատարողները, և՛ նրանց հրահանգ տվողները բոլորը կրեն պատասխանատվություն։ Կրկնեմ՝ իրենց թիրախը պետք է լինի ոչ թե էս գործը, որը սպանությունների հետ կապ չունի, ինչպես հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետը, ինչպես հայտարարել է մեղադրող Բիշարյանը, ինչպես հայտարարում ենք մենք, իրենց թիրախը պիտի լինի էն գործը Հատուկ քննչական ծառայությունում, որը քննվում է հենց էդ տասը դեպքերի հետ կապված, բայց տարօրինակ ձևով իրենք ոչ մի ձևով պրոբլեմ չեն տեսնում նրա մեջ, որ էնտեղ գործը մինչև հիմա բացահայտված չէ, գոնե մի սպանություն բացահայտված չէ, և իրենք տարօրինակ ձևով ամբողջությամբ թիրախավորում են էս գործը, որը կապ չունի տասը սպանությունների հետ։

«Ազատություն»․ - Պարոն Ալումյան, իսկ Դուք հանարավորություն տեսնո՞ւմ եք, որ դատախազի դիմումը Սահմանադրական դատարանին որևէ արդյունք տա՝ այն իմաստով, որ, օրինակ, հնարավորություն տրվի վերաորակավորել արարքը։

Հայկ Ալումյան․ - Տեսեք ինչ կարող ենք կանխատեսել էդ դեպքում՝ Գլխավոր դատախազությունն, առաջինը, ի՞նչ է ասում, երբ որ դիմում է Սահմանադրական դատարան՝ շատ կարևոր մի բան է ասում, կարող է առաջիններից մեկը չի ասում, բայց մեզ համար դա շատ կարևոր է, դրա համար ասում եմ՝ առաջին հերթին պետք է փաստենք, որ Գլխավոր դատախազությունն ասում է, որ էսօրվա դրությամբ գոյություն ունեցող 309․1 հոդվածը ինքը հնարավորություն չի տալիս նման իրավիճակներում վերաորակել, սա շատ կարևոր է։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ Սահմանադրական դատարանն ինչ-որ որոշում կայացնի, այդ որոշման արդյունքում ինչ-որ բան փոխվի, դա չի կարող ստանալ հետադարձ ուժ։ Էս պահի դրությամբ գործող օրենսդրությունը չի տալիս էս իրավիճակում վերաորակման հնարավորություն։ Հիմա Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի և որոշումից հետո ինչ կերպ օրենսդրությունը կփոխվի, ամեն դեպքում ինքը չի կարող ռետրոսպեկտիվ ձևով կիրառվել մեր վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG