Մատչելիության հղումներ

Դատախազ Բաղդասարյանը դատարանին միջնորդեց կասեցնել քրգործի վարույթը և դիմել ՍԴ


Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ

Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը անվավեր և հակասահմանադրական ճանաչվելուց մեկ շաբաթ անց Սահմանադրական դատարան (ՍԴ) է դիմել գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը խնդրում է ստուգել քրեական դատավարության մի շարք օրենքների սահմանադրականությունը։ Ըստ մեղադրող կողմի, քանի որ բարձր դատարանի հայտնի որոշումը նշանակում է, որ դատախազը պետք է հրաժարվի Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվող մյուսների մեղադրանքից, իսկ դատարանն էլ դադարեցնի քրեական հետապնդումը, պատասխանատվության հարցը մնում է չլուծված։ Իրենց հնարավորություն չի տրվում ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել այն դեպքում, երբ նրա իսկ արարքներում կան Քրեական օրենսգրքով չթույլատրված հատկանիշներ։

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի իրական դիրքորոշում ունենալ ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում», - բարձր դատարանին գրել է գլխավոր դատախազը։

Այսօր Քոչարյանի և մյուսների դատավարությանը գլխավոր դատախազի տեղակալ, այս գործով մեղադրող Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց կասեցնել քրեական գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան գլխավոր դատախազի բարձրացրած վիճահարույց հարցերի պատասխանները ստանալու համար. «Դատարանին ներկայացնում եմ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությունը»:

Բարձր դատարանի հայտնի որոշումից հետո հակասահմանադրական որակված հոդվածով մեղադրվող երկրորդ նախագահի պաշտպանները միջնորդել են դադարեցնել քրեական հետապնդումը։ Դատախազ Բաղդասարյանն առաջարկեց իրենց ու պաշտպանակ կողմի միջնորդությունները միաժամանակ քննել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը չհամաձայնեց, և պաշտպաններին խոսք տվեց՝ ներկայացնելու իրենց միջնորդությունը։

Պաշտպան Հայկ Ալումյանը պահանջեց անհապաղ դադարեցնել Քոչարյանի քրեական հետապնդումը. «Ինչքան գիտեմ Սահմանադրական դատարանը 26.03.2021 թվականի որոշում է կայացրել, որով 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, հետևաբար, եթե չկա 300.1-րդ հոդվածը, չկան գործողություններ, որոնք կարող են վկայել նշված հոդվածով հանցագործության դեպքի մասին: Այսինքն եթե չկա այդ հոդվածը, չի կարող լինել 300.1 հոդվածով նախատեսված հանցագործության դեպք, չի կարող լինել սահմանադրական կարգի տապալման դեպք, որովհետև այդ հոդվածը չկա»:

Առանց Սահմանադրական դատարանի կողմից իրենց դիմումը քննելու, Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել չի կարելի, հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը. «Դատավարական նախապատմությունից այս գործի, ուզում եմ ներկայացնել միայն այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ին որոշում էր կայացրել Սահմանադրական դատարան դիմելու մասին, որով վիճարկել էր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը: նույն հոդվածը Սահմանադրական դատարանում վիճարկվել է նաև ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ին կայացված 15.86 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել էր Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ քննելու նախկին նախագահի պաշտպանների միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հաջորդ նիստը ապրիլի 6-ին է։

XS
SM
MD
LG