Իշխող ուժը Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Լենա Նազարյանը։
ՍԴ-ն ուրբաթ օրը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, ճանաչեց հակասահմանադրական և անվավեր։
Նազարյանն ընդգծեց՝ դատախազությունն էր գործը քննել ու մեղադրանք առաջադրել, հիմա թող դատախազությունն էլ իր առաջադրած մեղադրանքը պաշտպանի։
Լենա Նազարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
Լենա Նազարյան․ - Ես համոզված եմ, որ կառավարող ուժը ոչ մի ազդեցություն չունի դատական համակարգի վրա, ես համոզված եմ, որ Արդարադատության նախարարությունը ջանքեր գործադրում է՝ դատական համակարգը բարեփոխելու համար, մնացած հարցերն, իսկապես, իրավապահ և դատական համակարգերի տիրույթում են և նրանք պետք է հանրությանը ներկայացնեն իրենց բաժին աշխատանքը։
«Ազատություն»․ - Բայց նախկինում էլի եղել են դատարանի որոշումներ և այլն, որոնց հանդեպ դուք անտարբեր չեք եղել և քաղաքական գնահատականներ տվել եք․ նույն Քոչարյանին ազատ արձակելու որոշումը։
Լենա Նազարյան․ - Քաղաքական գնահատականներ տրվել են․․․ համենայն դեպս ես որևէ քրեական գործին չեմ հետևել, նույնիսկ իր քրեական գործին չեմ հետևել և իսկապես կարծում եմ, որ այդ ամենն իրավական տիրույթում է։ Սպասենք դատախազության պարզաբանումներին, գուցե ինչ-որ բան պարզ կլինի։
«Ազատություն»․ - Տիկին Նազարյան, վարչապետն անձամբ հայտարարեց, հիշում եք երևի, որ «Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է»։ Այսինքն՝ դուք մնում եք այդ կարծիքին, ուրբաթ օրվա որոշման հետ էլ հաշտ եք, ճիշտ եմ չէ՞ Ձեզ հասկանում։
Լենա Նազարյան․ - Այո՛, և ես այդ առումով չեմ տեսնում որևէ խնդիր։ Ասացի՝ մենք որևէ առնչություն չենք ունենում։
«Ազատություն»․ - Այսինքն՝ դուք մնում եք այդ կարծիքին, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամն ավարտվել է, որովհետև այս որոշումից հետո գիտեք թե ինչպիսի գնահատականներ են հնչում նույն «Սահմանադրական դատարանի անդամների կամակատար», նախկին իշխանությունների մասով։
Լենա Նազարյան․ - Այո։
«Ազատություն»․ - Հասկանալի է։ Բա այս դեպքում, տիկին Նազարյան, ի՞նչ անել վարչապետի այն հայտարարության հետ, թե «Մարտի 1-ի գործն, ըստ էության, բացահայտված է»։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ասում են՝ «դատավորը 300․1 հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնի»։ Դուք էիք խոստանում Մարտի 1-ի գործը բացահայտել։ Ըստ էության, այս գործը փակուղի է մտել։
Լենա Նազարյան․ - Հիմա էլ այդ գործը հանրային հնչեղություն ունի, ինչպես նախկինում։ Չեմ կարծում, որ հետաքրքրությունը կորում է այդ գործի նկատմամբ։ Ես ասացի, որ դատախազությունը, որը քննել է այդ գործը և ներկայացրել է դատարան, պետք է պարզաբանումներ ներկայացնի և տեսնենք։
«Ազատություն»․ - Այսինքն, դուք սպասում եք դատախազությունից պարզաբանումներ, թե ինչո՞ւ այսպես ստացվեց։
Լենա Նազարյան․ - Այո՛, ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ պարզաբանումներ լինեն։ Տեսնենք, չգիտեմ։
«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առաջին արձագանքին չգիտեմ տեղյակ եք թե չէ, բայց ես կարող եմ այն փոխանցել, որ «այս որոշումն ապացուցեց, որ նրա նկատմամբ իրականացվում էր քաղաքական հետապնդում», ի՞նչ կասեք։
Լենա Նազարյան․ - Քաղաքական հետապնդում չէր իրականացվում, դատախազությունը գործը քննելիս մեղադրանք էր առաջադրել, որը, դատախազության կարծիքով, հիմնավորված է, և հիմա դատախազությունը թող իր մեղադրանքը պաշտպանի։ Այստեղ քաղաքական որևէ հետապնդում չկար։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ