Մատչելիության հղումներ

«Մարդ դեմքը ինչքա՞ն կարող է կորցնի, որ այս կարգի որոշում ընդունի, ապշել եմ ՍԴ-ի պահվածքից». Սեդա Սաֆարյան


Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանը ստեղծել է մի խճճված պատմություն, որ Մարտի 1-ի գործով դատական գործընթացները էլի հնարավորինս երկարաձգվեն, և սահմանադրական արդարադատություն չի իրականացրել: Միաժամանակ նա ասում է` փակուղի հասկացությունն այս առումով շատ կոշտ է հնչում:

Նշենք, որ անցած ուրբաթ բարձր դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին առաջադրված հոդվածը՝սահմանադրական կարգը տապալելու մասին: ՍԴ որոշումից հետո պաշտոնաթող նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի անհապաղ։

Այս որոշմանն այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ անդրադառնում է Սեդա Սաֆարյանը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Անհուսալի վիճակ չէ. Սաֆարյան

Սահմանադրական դատարանը ստեղծել է մի խճճված պատմություն, որ այս դատական գործընթացները էլի հնարավորինս երկարաձգվեն, և սահմանադրական արդարադատություն չի իրականացրել, ասում է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Հարցին, թե համաձայն է, որ ՍԴ-ի որոշումը այս գործը փակուղի տարավ, նա պատասխանեց. «Փակուղի հասկացությունն այս առումով շատ կոշտ է հնչում, որոշակի առումով բարդություններ են առաջացել, բայց անհուսալի վիճակ չէ, և ես դա չեմ բնութագրի որպես փակուղի, որովհետև մեղադրողը մեղադրանքի տերն է, իրավունք ունի միջնորդությամբ հանդես գալ դատարանում, և ժամանակ խնդրելու մեղադրանքը վերաձևակերպելու: Իրականում մեղադրանքի հետ կապված մենք մի քիչ անհամաձայնություններ ունենք:

Այն ձևակերպումները, փաստական հանգամանքների շարադրանքը, այն գործողությունները, որոնք վերագրվել են Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, բացի սահմանադրական կարգը տապալելու հանցակազմից, նախատեսում են նաև այլ հոդվածի հանցակազմ, և կարծում եմ, որ մեղադրանքի կողմը մեզ հետ վերջնական կգա այդ համոզմունքին»:

Ի՞նչ ակնկալիք ունի դատախազությունից

Մեղադրանքը դատարանում պաշտպանող գլխավոր դատախազությունը դեռևս դիրքորոշում չի հայտնել՝ սպասում է որոշման հրապարակմանը։

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` ի՞նչ են ակնկալում դատախազությունից:

«Ես կարծում եմ, որ այս գործով քննություն պետք է տարվի, հիմնավոր են մեղադրանքի եզրակացությունում ներկայացված հանգամանքները, և դրանք բազմաշերտ են:

Ստացվում է, որ սահմանադրական կարգը պաշտպանվածություն չի ունեցել հա՞, այս ցավոտ հանգամանքը երևի Սահմանադրական դատարանին չի հետաքրքրել, նրան հետաքրքրել է բացառապես Ռոբերտ Քոչարյանի շահերը, կարծում եմ, որ այդ շահերը շատ առաջնային են դիտարկվել: Կարծում եմ, որ այդ նիստը շարունակություն կունենա, որովհետև մտել է դատաքննության փուլ», - պատասխանեց բանախոսը:

Սահմանադրական դատարանը, ըստ Սաֆարյանի, դեռ ճգնաժամի մեջ է

Սեդա Սաֆարյանի համար ընդունելի չեն ոչ վարչապետի նախկինում արված հայտարարությունը, թե ՍԴ-ի շուրջ ճգնաժամը լուծված է, և ոչ էլ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանի վերոնշյալ հայտարարությունը:

«Վարչապետի հայտարարությունը, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարված է, մասնավորապես երբ այնտեղ կա Հրայր Թովմասյան ու Արևիկ Պետրոսյան, ովքեր այս գործով ակնհայտ շահագրգիռ անձինք են, ովքեր 2009 թվականին այս հոդվածի վերաբերյալ փորձաքննության և սահմանադրականության հետ կապված պիտի եզրակացություն տված լինեին, և չի կարող մի դեպքում տրվել դրական եզրակացություն, որ Սահմանադրությանը չի հակասում, և երբ որ կիրառման խնդիր առաջ գա, այն է` իրենց սիրելի Ռոբերտ Քոչարյանի գործով, հանկարծ պարզվի, որ իրենց իսկ ընդունած և սահմանադրական նորմերին, չափանիշներին բավարարող նորմն այսօր հակասահմանադրական է: Ասենք մարդը դեմքը ինչքա՞ն կարող է կորցնի, որ այս կարգի որոշում ընդունի: Ես ուղղակի ապշել եմ Սահմանադրական դատարանի պահվածքից, երբ որ սահմանադրական նորմը կարելի էր մեկնաբանել: Այդ տեսանկյունից վարչապետն անգամ նշանակումների հարցում այնպես չի, որ շատ դրական անձնավորությունների է նշանակել, և պետք է շատ հանգիստ ու հույս ունենալ, որ այդ նոր գնացած դատավորները կարող են սահմանադրական արդարադատություն իրականացնել, որովհետև էլի եմ ասում, որ այդ մարդկանց անցյալը թույլ չի տալիս, որ մաքրվեն այդ պատմությունից և կարողանան դատարանում որպես դատավոր հանդես գան: Եվ այս տեսանկյունից հակված եմ ասելու, որ ՍԴ-ն ոչ միայն ճգնաժամի մեջ է, այլ Հայաստանի Հանրապետության համար իրականում չկա»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի պաշտպանի հայտարարությանը, ապա Սաֆարյանն ասաց, որ Արամ Վարդևանյանը կարող է յուրակերպ մեկնաբանի ՍԴ որոշումը, ինքը հավելեց` մեղադրանքը կառուցվել է մի շարք փաստական հանգամանքների վրա:

«Մեղադրանքում հարյուրակի հասնող էջերով Ռոբերտ Քոչարյանին վերագրվում են արարքներ, որոնք ակնհայտ խախտումներ ու հանցավոր են իրենց բնույթով, և դրանք չեն կարող ապաքրեականացվել միայն նրա համար, որ Սահմանադրական դատարանը գտել է, որ այս հոդվածի հասցեատերը` Ռոբերտ Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, չի իմանում, թե 1-ից 5-րդ հոդվածների իրավական համակարգում փաստացի դադարն ինչ է նշանակում, հետևապես ինքը սահմանադրական կարգը չի տապալել, բայց բուն գործողություններին չի անդրադառնում», - հայտարարեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը:

«Միայն սահմանադրական կարգի տապալման հոդվածով սա չի կարող ավարտվել»

Ինչ հնարավոր հետևանքներ կարող է թողնել մարտի 30-ի դատավարության վրա, այս հարցին արձագանքելով` Սեդա Սաֆարյանն ասաց, որ գործն արդեն դատաքննության փուլ է մտել, մեղադրողը կհրապարակի մեղադրական եզրակացությունը, եթե այլ տակտիկա, իհարկե, չեն որդեգրել: Նա նաև նշեց` տեղյակ է, որ հասարակությանը մտահոգում է այս հարցում եղած տարաձայնությունները: «Հանրությունը նաև հասկանա, որ այս գործը փակելու ոչ մի հեռանկար չունի, որովհետև ոչ թե չկա հոդված, այլ կա հոդվածի սահմանադրականության խնդիր, այլ կա արարք, որը հանցավոր է», - ասաց նա` ընթերցելով մի հատված մեղադրական եզրակացությունից, որում նշվում է. «Իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռեբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր 2008 թվականի փետրվարի 29-ից մինչև մարտի մեկը երեկոյան իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում` հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնք ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով»:

Ըստ նրա` մեղադրական եզրակացության մեջ հետո ներկայացվում է, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, մյուս ենթաօղակների գիտությամբ «Կամազ» մեքենայով հագուստ տանում, հրապարակում բաժանում: «Հիմա թող Ռոբերտ Քոչարյանը գա և դատարանի դահլիճում ասի` ես տեղյակ չէի` ինչ է կատարվում: Արդյոք որևէ մեկին պետք է, թե Ռոբերտ Քոչարյանը, ով Սահմանադրությամբ հանդիսացել է ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորը, կարո՞ղ էր տեղյակ չլինել իր կազմակերպած, ղեկավարած, հանցավոր համագործակցության բնույթ կրած այս հանցագործակցության կատարումը»:

Սեդա Սաֆարյանը պնդում է` միայն սահմանադրական կարգի տապալման հոդվածով սա չի կարող ավարտվել, և մեղադրող կողմը պետք է սրան ուշադրություն դարձնի:

XS
SM
MD
LG