Մատչելիության հղումներ

Նախագահն առարկություններով վերադարձրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Այդ կապակցությամբ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․

«2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:

Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:

Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով նախագահի հայտարարությունը, մասնավորապես նշեց․ - «Սահմանադրականության հետ կապված հարցը հետևյալն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, որը միևնույն ժամանակ համարվում է բարձրագույն սպայական կոչում ունեցող զինծառայող, մենք ունենք օրենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», և այդ օրենքը սպառիչ կերպով թվարկում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում կարելի է բարձրագույն սպայական կոչում ունեցող անձնակազմի ներկայացուցիչներին աշխատանքից ազատել, որոնց բոլորին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը, հիմա, նախատեսված օրենքով որևէ հիմք չկա, և ստացվում է, որ առանց հիմք պաշտոնից ազատելը արդեն դառնում է Սահմանադրության 57-րդ հոդվածին հակասող, հակասահմանադրական։ Դա է հիմքը, որ ազատման կոնկրետ հիմքերը կան, և այդ օրենքի վրա հղում է կատարում Սահմանադրությունը, որ դա կարգավորվում է այդ օրենքով, իսկ այդ հիմքերը բացակայում են։ Առանց հիմքի մարդուն աշխատանքից ազատելը բա հակասահմանադրական չի՞»։

«Առարկությունները գնաց վարչապետի մոտ, նույն օրենքով, որը ես մատնանշեցի, վարչապետը հինգ օրվա ընթացքում կա՛մ պետք է պնդի իր առաջարկությունը, կա՛մ հրաժարվի առաջարկությունից։ Եթե պնդեց առաջարկությունը, նախագահը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում պետք է դիմի Սահմանադական դատարան, Սահմանադրական դատարանն էլ նախագահի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում պետք է վերջնական որոշում կայացնի սահմանադրականության վերաբերյալ», - հետագա հնարավոր զարգացումների մասին ասաց սահմանադրագետը։

Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը նախագահին է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Նույն օրը կայացած հանրահավաքում Փաշինյանը նաև հրաժարական տալու կոչ արեց Գասպարյանին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG