Մատչելիության հղումներ

Զինված ուժերը պահանջում են վարչապետի և Կառավարության հրաժարականը


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան, արխիվ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան, արխիվ

Հայաստանի Զինված ուժերը պահանջում են վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր վճռական բողոքն է արտահայտում «անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա»:

«Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», - ասված է հայտարարությունում, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերը «պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

«Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ», - ասված է հայտարարությունում, որն ստորագրել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի՝ երեկ պաշտոնից ազատված առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները և բարձրաստիճան այլ զինվորականներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG