Մատչելիության հղումներ

Երկրորդ օրն է՝ նախագահը չի ստորագրում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն արդեն երկրորդ օրն է՝ չի ստորագրում Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկը։ Քիչ առաջ նախագահականը հայտնեց, որ Սարգսյանն անձամբ է գնացել Գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է Գասպարյանի հետ։

Արմեն Սարգսյանի աշխատակազմից ավելի վաղ հայտնել էին՝ ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս նախագահը սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում: Միևնույն ժամանակ նշել՝ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ։

«Սակայն ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», - նշում է նախագահի աշխատակազմը:

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը կտրուկ սրվեց երեկ, երբ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնանկությունից հետո շտաբի պետն ու ևս մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներ պահանջեցին վարչապետի հրաժարականը, ինչը Նիկոլ Փաշինյանը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Երեկ, ի դեպ, նախագահը վարչապետի երկու առաջարկ է ստորագրել, մեկը դեսպան նշանակելու, մեկն էլ հետ կանչելու վերաբերյալ։ Իսկ արդյոք նախագահն առարկություն ունի՞ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկի վերաբերյալ, նախագահականից չեն մեկնաբանում:

Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու կամ չհեռացնելու որոշման համար Արմեն Սարգսյանը եռօրյա ժամկետ ունի։ Առարկություն ունենալու դեպքում, կարող է վարչապետի առաջարկությունը վերադարձնել նրան։ Եթե առարկությունները չընդունվեն, ապա, Սահմանադրության համաձայն, նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան (ՍԴ): Եթե ոչ առարկում է, ոչ ստորագրում է, ոչ էլ դիմում ՍԴ, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Նախագահ Սարգսյանն այսօր Բաղրամյան 26-ում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի հետ։ Հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Թե արդյոք պաշտոնյաներն անդրադարձել են Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությանը, տարածված հաղորդագրության մեջ չի նշվում, միայն ասվում է՝ Սարգսյանն ու Միրզոյանը քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը:

Նախագահը նաև առանձին հանդպումներ է ունեցել խորհրդարանական 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ «Իմ քայլից» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն է հանդիպել նախագահի հետ, «Լուսավոր Հայաստանից» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր, ինչպես նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Իշխող ուժից ու ընդդիմադիր «Լուսավորից» չարձագանքեցին, «Բարգավաճից» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը որոշ մանրամասներ ներկայացրեց հանդիպումից. «Ընդհանուր առմամբ, որ ասենք թիրախավորված այս կամ այն իրադարձության կամ ինչ-որ բանի մասին էր խոսակցությունը, չէ: Ընդհանուր առմամբ եղել է խոսակցություն, որ այն իրավիճակը, որը ստեղծվել է երկրում, տանում է դեպի շատ ծանր հետևանքների և պետք է անպայման դեէսկալացիա լինի: Դեէսկալացիան էլ, դա արդեն իմ կարծիքն է, լիովին կախված է իշխանություններից՝ որքան շուտ իրենք կհեռանան: Որքան իրենք մնացին էսկալացիան լինելու է, որովհետև հաճախակի հենց իշխանություններն են էսկալացիան հրահրում»:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG