Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է համարում։ Այդ մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում», - գրել է վարչապետը։
Ավելի ուշ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց՝ ամենակարևոր խնդիրն այսօր ժողովրի և քաղաքացիկան իշխանությունը պահպանելն է։
«Ես ձեզ՝ բոլորիդ, մեր կողմնակիցներին, հեղափոխության բոլոր կողմնակիցներին, ժողովրդի իշխանության բոլոր կողմնակիցներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ հենց հիմա։ Ես ուզում եմ ձեզ հետ խոսել, խոսել անմիջապես։ Գիտեք, որ բավականին բարդ իրավիճակի մեջ ենք գտնվում, և ես երեկ և այսօր որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազառել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին, այսինքն՝ ես թղթերն արդեն ստորագրել եմ, որին հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որում զինվորականները պահանջում են իմ հրաժարականը։ Ի՞նչն է նման քայլի պատճառը նրանց կողմից, սա շատ կարևոր է արձանագրել, և ես այդ արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում։ Բայց ամենակարևոր խնդիրը, որ մենք այսօր ունենք ժողովրի և քաղաքացիկան իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ ռազմական հեղաշրջման փորձ», - հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը», - մասնավորապես ասված է հայտարարությունում: