Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ԳՇ-ի շուրջ չորս տասնյակ պաշտոնյաներ պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ որակեց` իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի։
«Վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», - տարածած հայտարարությունում գրել են զինվորականները: - «Զինված ուժերը երկար ժամանակ համբերատար հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի զինված ուժերը «պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:
«Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ», - ասված է հայտարարությունում։
Փաշինյանի հրաժարականը պահանջողների շարքում են նաև Գլխավոր շտաբի պետի երկու տեղակալները և բոլոր հինգ բանակային կորպուսների հրամանատարները։
Հայտարարությունից րոպեներ անց Փաշինյանը նախ ֆեյսբուքյան գրառում արեց, ապա ուղիղ եթերում հայտարարեց․ - «Անթույլատրելի է, որ բանակը զբաղվի քաղաքականությամբ, տա քաղաքական գնահատականներ։ Ամենակարևոր խնդիրը, որ մենք այսօր ունենք, ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ ռազմական հեղաշրջման փորձ։ Եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ։ Բայց մեր հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք, հանրությունը, քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը կարող ենք իրենց հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ: Պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ ռազմական, մարտական դրվագների հետ կապված պատասխաններ։ Պիտի հասկանանք, թե ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասելու, որ ձեր մարտերը տարեք, նրանք անընդհատ հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»։
Թե ում մասին է խոսքը, Փաշինյանը անուններ չտվեց։ Կարծում է, որ զինվորականների հայտարարությունը հետևել է Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու իր որոշմանը․ - «Նրանց մեծ մասը պարզապես վերադասի հրամանն են կատարել, բայց ես ուզում եմ ընդգծել, որ նրանց վերադաս է նաև Պաշտպանության նախարարը, ցավոք սրտի, նրանց վերադաս է նաև վարչապետը, և զինվորականները պարտավոր են ենթարկվել այն օրինական հրամաններին, հրահանգներին, որոնք տրվում են վերադասի կողմից։ Մենք առաջիկայում Գլխավոր շտաբի նոր պետ կնշանակենք, և Գլխավոր շտաբի պետի տեղակալներ կնշանակենք։ Այժմ Պաշտպանության նախարարին հրահանգված է կատարել իր բոլոր գործառույթները, իրականացնել իր ծառայական պարտականությունները և Զինված ուժերի բնականոն գործունեությունը ապահովել»։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող զինվորականները օրվա երկրորդ կեսին երկրորդ հայտարարությունը տարածեցին՝ հակադարձելով վարչապետին, թե նրանց մեծ մասը կատարել է վերադասի հրամանը. «Տարածած հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։
Հայտարարությունը ստորագրած որոշ զինվորականների հետ փորձեցինք կապ հաստատել. կա՛մ հնարավոր չեղավ, կա՛մ հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ Չնայած Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու առաջարկությունը նախագահականում ստացել են, բայց մինչև այս պահը նախագահը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիր չի ստորագրել։
Վարչապետը խոսում էր նաև Գլխավոր շտաբի պետի նոր տեղակալներ նշանակելու մասին, նրանցից երկուսը միացել են հայտարարությանը։
Նախագահականից փոխանցում են, որ միայն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկությունն են ստացել։
Հանրապետության հրապարակում վարչապետը հարց է ձևակերպել՝ եթե Հանրապետության նախագահը Գասպարյանին աշխատանքից ազատելու իր միջնորդությոնը չի ստորագրում, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Վարչապետի առաջարկությունը ստորագրելո՞ւ, թե՞ չստորագրելու որոշում ունի Արմեն Սարգսյանը. նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից ասացին` այս պահին հրամանագիրը ստորագրված չէ` այլ հարցերի չպատասխանելով։
Տարածվել է Արմեն Սարգսյանի կոչը պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին ու քաղաքացիներին՝ դրսևորել ողջախություն և զսպվածվություն։ Չմանրամասնելով, թե ինչպիսի՝ նախագահը նաև հայտարարել է, թե նախաձեռնում է հրատապ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով։
Զինվորականների այսօրվա հայտարարությանը նախորդել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի՝ պատերազմի օրերին Հայաստանի ազգային հերոսի կոչման արժանացած Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը։ Հայտարարության հեղինակները հակապետական և անպատասխանատու քայլ են որակել դա, կարծիք հայտնել` դա միայն «անձնական և հավակնոտ զգացմունքների վրա հիմնված» որոշում էր։
Պաշտոնապես հեռացման պատճառը չմեկնաբանվեց։ Բայց պաշտոնանկությունից ժամեր առաջ` երեկ երեկոյան, Yerevan Today-ը Տիրան Խաչատրյանի հետ հարցազրույց էր հրապարակել՝ վերնագրելով «Գլխավոր շտաբի պետ տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդերի» մասին վարչապետի հայտարարության վրա»։ Ըստ հրապարակման` նա անհնար էր համարել, որ «Իսկանդերը» 10 տոկոսով կրակեր։
1in.am-ին տված հարցազրույցում, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը թափանցիկ ակնարկ էր արել` վերջին պատերազմում կրակած ռուսական «Իսկանդերը» ողջ հզորությամբ չի պայթել։ Այս հայտարարությունը իսկական սկանդալ դարձավ։ Սուր արձագանքեցին նաև Մոսկվայից։
Տիրան Խաչատրյանը անձամբ չի հերքել, Պաշտպանության նախարարությունը մինչև նրա պաշտոնանկությունը պարզաբանում տարածեց, թե հեռախոսազանգի բովանդակությունը խեղաթյուրվել է։
Ռազմական գերատեսչությունն այսօրվա զարգացումներին միայն ժամեր անց արձագանքեց՝ անթույլատրելի համարելով Զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: «Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»։ Թե ինչպես են պատրաստվում արձագանքել, հավելյալ պարզաբանում չի հնչում։
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով զինվորականների հայտարարությունը, նկատեց` քաղաքականությանը խառնվել այն չի համարում, գտնում է` եթե արել են, ունեցել են այդ իրավունքը․ - «Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն, դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»։
«Ազատություն» - Այսինքն` միանում եք Դուք Ձեր գործընկերների հայտարարությանը:
Արտակ Դավթյան - Չեմ մեկնաբանում, պաշտոնաթող եմ:
«Ազատություն» - Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում, Կառավարությունը պե՞տք է հրաժարական տա` Փաշինյանի գլխավորությամբ:
Արտակ Դավթյան - Չեմ մեկնաբանում:
Վարչապետը կոնկրետ մեղադրանք է հնչեցնում՝ զինված հեղաշրջման փորձ է արվել. դատախազությունից փոխանցում են՝ քրեական գործ չկա, զինվորականների տարածած հայտարարությունը ուսումնասիրվում է։