Մատչելիության հղումներ

Քաղաքագետի համոզմամբ՝ ընդդիմադիրներն ընտրություն չեն ուզում, որովհետև գիտեն, որ չեն հաղթելու


Ընդդիմադիրների շարքերում խելոք մարդիկ կան և հասկանում են, որ եթե գնան ընտրությունների, հաղթող չեն դուրս գա, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Գրիգորյանի խոսքով՝ դա է պատճառը, որ նրանք ոչ թե արտահերթ ընտրություններ են ուզում, այլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։

Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Նախագահը սահմանադրականության երաշխավոր է, եթե նա չի ստորագրում այս հրամանագիրը, նշանակում է Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել առայժմ։

Ստեփան Գրիգորյան․ - Հասկանում եմ, բայց նախագահը պարտավոր չէ մի ժամում ստորագրել չէ՞, ժամկետներ կան, ինքը ժամանակ ունի: Բայց, ցանկացած դեպքում, իմ կարծիքով, հաշվի առնելով մեր Սահմանադրությունը՝ թերի Սահմանադրությունը, բայց հաշվի առնելով Սահմանադրությունը նախագահը պետք է ստորագրի։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ ընդդիմադիրները չեն համաձայնում գնալ կոնսուլտացիաների արտահերթ ընտրությունների շուրջ, կամ միանգամից խորհրդարանական ընդդիմությունը, որ հուշագիր ստորագրի, ինչպես վարչապետն է ասում՝ օր, ժամ։

Ստեփան Գրիգորյան․ - Ընդդիմադիր դաշտի շարքերում շատ խելոք մարդիկ կան, իրանք հասկանում են, որ եթե գնան ընտրությունների, հաղթող չեն դուրս գա։ Այնտեղ ինտելեկտուալներ կան, իրենք հասկանում են, որ շատ ձայներ չեն հավաքի, դա է պատճառը, որ իրենք այլ ճանապարհով են գնում՝ իրենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։ Իրենք հասկանում են, որ եթե գնան ընտրությունների, լավագույն դեպքում փոքր ֆրակցիա կարող են ունենալ, էդ էլ համոզված չեմ, քանի որ Դուք գիտեք, նախկինների նկատմամբ շատ բացասական է հասարակությունում ու չի փոխվում։ Ու այնտեղ քանի որ ուժեղ ու խելոք մարդիկ կան, իրենք հասկանում են։ Իրենց մարտավարությունը ո՞րն է՝ իրենք ասում են՝ «չէ, ինքը պետք է հրաժարական տա, մեր մարդուն դնենք ժամանակավոր վարչապետ, կոպիտ ասած, որ ինքը կազմակերպի»։

«Ազատություն»․ - Այսինքն՝ իշխանությունը տան միանգամից։

Ստեփան Գրիգորյան․ - Շատ խելոք են, ուզում են իշխանությունը նորից վերցնեն։ Թող չմտածեն, որ ուրիշ խելոք մարդիկ չկան, օրինակ, ես ինձ համարում եմ խելոք մարդ, ես էլ եմ ուզում իշխանություն, բայց ես հասկանում եմ, որ պետք է շարժվեմ Սահմանադրությունով։ Խաղի կանոններ կան ֆիքսված Սահմանադրությունով և օրենքներով։

«Ազատություն»․ - Պարոն Գրիգորյան, երբ ասվում է «վերջ թավիշին», կամ այդպիսի պահանջ է հնչում, դա ի՞նչ է նշանակում, բոլորին բանտերը լցնե՞լ։

Ստեփան Գրիգորյան․ - Ո՛չ, ես էդպես չեմ դիտում դա, բայց Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ժողովրդի մեծ մասը դժգոհության ոչ թե Ղարաբաղի հետ է կապված, պատերազմի արդյունքների հետ կապված պետք է վերլուծություն անենք, ժողովուրդն էլ հասկանում է՝ նախկինների մեղքը կա, այսօրվա իշխանության, գլխավոր դժգոհությունը թավիշից էր։ Հարցը նրանում չի՝ բոլորին նստացնենք, բայց էս գործերը նաև կոռուպցիայի հետ կապված, բաց գործերը, որոնց մի մասը նույնիսկ դատարանում են, ավարտվեն, տրամաբանական ելք ունենան՝ Մարտի 1-ի գործը, նույն ապրիլյան պատերազմի հետ կապված, գիտեք, հանձնաժողովն ավարտեց աշխատանքը, բայց ինչո՞ւ չեն հրապարակվում արդյունքներն աշխատանքի, իմանանք ով էր սխալը, ով էր ճիշտը։ Նորից կրկնում եմ՝ անպայման չի բոլորին բերդ նստացնեն, ընդհանրապես էդ նպատակը չպետք է դնես։ Բայց ես նայում եմ ելույթ ունեցողներին ու, մեղմ ասած, մի մասին մենք ունենք հարցեր։ Հիմա այդ մարդիկ ելույթ են ունենում, Նիկոլ Փաշինյանին անվանմում են դավաճան և այլն, այ դա է սխալը էսօրվա իշխանությունների՝ ոչ մի գործ չավարտեցին, այդ թվում՝ Մարտի 1-ը։ Թող ավարտեին գործերը, արդարացնում են մարդկանց, թող արդարացնեն, մեղադրում են, թող մեղադրեն, ում մեղադրում են քաղաքական գնահատականով, կոպիտա ասած, թող լինի քաղաքական, ում քրեականով՝ քրեական, բայց չի կարելի բոլոր գործերն այդպես փակուղու մեջ մտցնել ու էստեղ աշխատանք ունի Նիկոլ Փաշինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG