Մատչելիության հղումներ

Թորոսյանի և Պապիկյանի կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են, նրանք ինքնամեկուսացել են


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արխիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արխիվ

«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, որևէ գանգատ չունեմ»,- առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրվա երկրորդ կեսին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց` վարակակիր չէ: Այնուամենայնիվ մտադիր է շփումները զրոյի հասնել` որևէ մեկին չվտանգելու համար:

Այսօր առավոտյան նա կորոնավիրուսի թեստ էր հանձնել, կառավարության նիստին չէր մասնակցում, ինքնամեկուսացել է, պարզաբանել էր նախարարի մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը.- «Նախարարությունում կան հաստատված դրական դեպքեր, վերջիններիս սերտ շփման շրջանակը պարզված է, շարունակվում են համաճարակաբանական գործողությունները: Այդ իսկ պատճառով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ կոնտակտի կոնտակտ է»:

Տարածքային կառավարման նախարարությունում էլ վարակակիրներ կան, նախարար Պապիկյանը, որ նույնպես նիստի բացականերից էր, տանն ինքնամեկուսացված է, աշխատում է հեռավար: Նրա մամլո խոսնակը տեղեկացրեց՝ թեստի պատասխանն արդեն ունեն:

«Երեկ` մայիսի 13-ին, կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից ելնելով` նախարարը, ինչպես նաև այլ աշխատակիցներ, հաշվի առնելով, որ շփում են ունեցել վարակակիրների հետ, ինքնամեկուսացման մեջ են գտնվում այս պահին»,- «Ազատությանը» հայտնեց խոսնակ Արմինե Մուրադյանը:

Կորոնավարակն այժմ ամենուր է` խանութ, արտադրամաս, թե նախարարություն, կապ չունի, ասում է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը.- «Որևէ մի կազմակերպություն զերծ չի կարող երկար մնալ կորոնավիրուսային հիվանդության թափանցումից, և բոլոր կազմակերպություններում կարող են գրանցվել դեպքեր, և այդ կազմակերպություններում գրանցված դեպքերի արդյունքում, այո, կարող են լինել ինքնամեկուսացված անձինք»:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակի 142 նոր դեպք է գրանցվել, մահացել է 81-ամյա տղամարդ: Սա կորոնավիրուսի հետևանքով մահվան 49-րդ դեպքն է։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի տեղեկացմամբ՝ 2 հազար 218 հոգի այժմ բուժման մեջ է, նրանցից 660-ը թոքաբորբով.- «66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդ, 6 հոգին միացված է արհեստական շնչառության սարքին»:

Փոխնախարար Նանուշյանի գնահատմամբ՝ կորոնավիրուսային վիճակը Հայաստանում այժմ երրորդ` համայնքային տարածման փուլում է, երբ հաճախ հնարավոր չի լինում պարզել վարակի աղբյուրը և լիարժեք հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել, կոնտակտավորներին պարզելը դառնում է անհնար: Լենա Նանուշյանը շեշտեց՝ հնարավոր էլ չէ ասել` մենք պիկը հաղթահարել ենք, թե այն դեռ առջևում է.- «Ցավոք, կոնկրետ կամ լիարժեք, կամ հուսալի որևէ տվյալ չի կարող լինել: Պետք է ասեմ, որ մեր բոլորի ջանքերը հենց առաջին օրվանից ուղղված են եղել նրան, որպեսզի մենք չունենանք այնպիսի նոր դեպքերի թվաքանակ, որոնք որ առողջապահության համակարգը չի կարողանա կառավարել»:

Քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է զրո դեպք, որևէ դատապարտյալ կամ կալանավորված անձ կորոնավիրուս չունի, տեղեկացնում է է արդարադատության նախարարը: Եթե վարակի որևէ դեպք լինի էլ, կատաստորֆա չէ` ըստ Բադասյանի.- «Մենք նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված 2 մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը և արդյունավետ վերահսկողությունը հնարավոր կլինի և մեկուսացումը ապահովել»:

Ռուստամ Բադասյանի տպավորությամբ` ՔԿՀ-ները կորոնավիրուսից պաշտպանվելու համար ամենաանվտանգ վայրերն են:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG