Արդեն 13 օր է՝ Նազելի Էլբակյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Հինգ օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մնալուց հետո նա տեղափոխվել է Ծաղկաձոր՝ բուժումը հյուրանոցային պայմաններում շարունակելու համար, քանի որ հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների:
«Ամենասկզբում որևէ ախտանիշ չեմ ունեցել, ինձ զանգել, տեղյակ են պահել, որ ես կոնտակտավոր եմ համարվում՝ շփում եմ ունեցել մի անձի հետ, ում մոտ դրական թեստ է, և նա էլ այդ պահին տեղյակ չի եղել, որ վարակված է», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Էլբակյանը՝ շարունակելով. - «Առաջին հինգ օրը ջերմություն եմ ունեցել բարձր: Դեղամիջոց որպես այդպիսին՝ ընդամենը ջերմիջեցնողներ, վիտամիններ, թուլությունս էր շատ, որը մինչև այս պահը դեռ պահպանվում է, բայց ջերմությունս կարգավորվել է և շատ չի բարձրանում՝ մաքսիմում մինչև 37,1»:
«Հիվանդանոցում գտնվելու երկրորդ թե երրորդ օրն էր՝ համ ու հոտ բացարձակապես այլևս չէի զգում, նաև դժվարացել էր շնչելը, բայց լրացուցիչ սարքերի և այլնի կարիք չեմ ունեցել բարեբախտաբար», - նաև նշեց կորոնավիրուսով վարակվածը:
Նազելի Էլբակյանը երիտասարդ է, խրոնիկ հիվանդություններ չունի: Առաջին հինգ օրից հետո հիվանդության ընթացքի բարելավում է նկատվել, բայց որևէ հետևություն անել դժվարանում է, քանի որ փորձը ցույց է տվել, որ տարբեր մարդկանց մոտ հիվանդությունը տարբեր կերպ է դրսևորվում:
«Պետք չէ շատ խուճապի մատնվել: Ամեն դեպքում, այսպես թե այնպես, երբ որ հաստատվում է, դրական գալիս է թեստի պատասխանը, պետք է հոգեբանորեն պատրաստ լինել», - ընդգծեց Էլբակյանը:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ հստակ վիճակագրություն չկա, թե փաստացի բուժվող ավելի քան 2 հազար հիվանդներից այս պահին քանիսն են բուժումը շարունակում հյուրանոցային պայմաններում, քանիսը՝ հիվանդանոցում, քանի որ թվերն անընդհատ փոփոխման են ենթարկվում:
«Նաև մահճակալային ֆոնդը չզբաղեցնելու համար, որովհետև փաստացի իրենք բուժման կարիք չունեն, ուղղակի պետք է լինեն մեր հսկողության տակ: Բոլոր հյուրանոցներին կան կցված բժիշկներ», - ասաց Նիկողոսյանը:
Նազելի Էլբակյանի հետ զրույցի ընթացքում էլ նրա հետ կապ հաստատեց բուժող բժիշկը, ում հարցերին կինը պատասխանեց. - «Ալո: Լավ եմ: Չունեմ՝ 6,8»: